Մատչելիության հղումներ

Արդյոք Արցախում մնացած հայերը մասնակցելու են Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին


Ընտրություններ Ադրբեջանում, արխիվ
Ընտրություններ Ադրբեջանում, արխիվ

Արդյոք Արցախում մնացած մոտ 2 տասնյակ հայերը մասնակցելու են փետրվարի 7-ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին։ Ադրբեջանի օրենսդրության համաձայն համապետական ընտրություններին մասնակցելու համար պետք է լինել այդ երկրի քաղաքացի։

Արցախում մնացած հայերը արդեն ստացե՞լ են Ադրբեջանի քաղաքացիություն, թե՝ ոչ, պաշտոնական տվյալներ չկան։

Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը և նրա կինը Ադրբեջանի քաղաքացիություն չեն ստացել, Բաքուն նման պահանջ չի դնում. Դավիթ Գալստյան

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը մինչդեռ պնդում է՝ արցախահայերի բռնի տեղահանումից հետո Ստեփանակերտում մնացած իր հորեղբայրը՝ Սարգիս Գալստյանը և նրա կինը Ադրբեջանի քաղաքացիություն չեն ստացել: Ադրբեջանն, ըստ պատգամավորի, նման պահանջ չի դրել։

Գալստյան. - Իմ ունեցած տեղեկություններով՝ ոչ թե ինքը, այլ ընդհանրապես տենց խնդիր չկա դրած անձնագիր ստանալու։

«Ազատություն». - Այսինքն իրենք չեն մասնկացելո՞ւ Ադրբեջանի նախագահի ընտրություններին:

Գալստյան. - Եթե Արցախի հանրապետությունում Ազգային ժողովի կամ նախագահի արտահերթ ընտրություն լինի, ես հստակ ասում են, որ հորեղբայրս մասնակցելու է։

«Ազատություն». - Բայց հստա՞կ է, որ ինքը անձնագիր չի ստացել, նաև իր կինը։

Գալստյան. - Ոչ մեկը այնտեղ գտնվողներից..., չկա Ադրբեջանի կողմից այդպես դրված խնդիր, որ անձնագիր ստանան։

«Ազատություն».- Միայն հաշվառվո՞ւմ են։

Գալստյան. - Հա, Կարմիր խաչն էլ էդ մարդկանց հաշվառել է և տարբեր կազմակերպություններ, ժամանակ առ ժամանակ օգնություն են տալիս ուտելիքի տեսքով, ես էդքանը գիտեմ։

Ի վերջո, կպարտադրի Բաքուն Արցախում մնացած սակավաթիվ հայերին դառնալ Ադրբեջանի քաղաքացի, թե՝ ոչ։ Նախագահ Իլհամ Ալիևն անցած շաբաթ անդրադառնալով այս հարցին, ասել էր, թե Ղարաբաղի հայերը 2 տարբերակ ունեն։

«Կա՛մ նրանք դառնում են Ադրբեջանի քաղաքացի, և մենք ապահովում ենք բոլոր անհրաժեշտ իրավական ու անվտանգային մեխանիզմները, կա՛մ նրանք պետք է իրենց համար ապրելու այլ վայր գտնեն։ Մյուս տարբերակը բնակության կամ աշխատանքային իրավունք ունենալն է երկրում, բայց այդ երկիրը իրենց երիրը չի լինի», - նշել է Ադրբեջանի նախագահը։

Կարմիր Խաչը սնունդ և բժշկական օգնություն է տրամադրում Արցախում մնացած հայերին

Թե ստույգ քանի հայ է մնացել Արցախում, հստակ չէ։ Կարմիր խաչից նույնպես վիճակագրական տվյալներ չեն փոխանցում, փոխարենը կազմակերպության ներկայացուցիչ Զառա Ամատունին նշեց, որ օգնել են 25 մարդու, որպեսզի նրանք հեռախոսազանգի կամ տեսակապի օգնությամբ կապ հաստատեն Հայաստանում կամ արտերկրում գտնվող իրենց հարազատների հետ։ Նրանցից 20-ին մարդասիրական օգնություն են ցուցաբերել՝ սնունդ կամ հիգիենայի պարագաներ, նաև բժշկական օգնություն են տրամադրել։

«Ազատություն». - Սնունդ հայթայթելու հետ կապված խնդիր ունե՞ն Արցախում մնացած հայերը, որ Կարմիր խաչը նրանց սնունդով է օգնում։

Ամատունի. - Այս պահի դրությամբ, բնականաբար, ծառայությունների հետ կապված հարցերը դեռևս, մեր պատկերացումով, որոշակի խնդիրներ կան այդ առումով, բնականաբար, մենք որպես մարդասիրական կառույց փորձում ենք աջակցել, որպեսզի հնարավորինս օգնենք մարդկանց։

«Ազատություն». - Եթե Բժշկական ծառայության կարիք է լինում, Կարմիր խաչը ինչպե՞ս է աջակցում։

Ամատունի. - Բնականաբար, Ղարաբաղում կա մեր կազմակերպության ներկայացուցիչ բժիշկ, այդ 20 անձանց տեսակցել է նաև բժիշկը, զննել է նրանց առողջական վիճակը, շարունակում ենք ուշադիր լինել նրանց կարիքներին և անհրաժեշտության դեպքում տրամադրում ենք դեղորայք։

Արդյո՞ք Կարմիր խաչը Արցախում ապրող հայերից անվտանգության հետ կապված ահազանգեր ստացել է։ Կազմակերպությունից փոխանցեցին, որ քաղաքացիական անձանց պաշտպանությունն իրենց ուշադրության կենտրոնում է, բայց այդօրինակ հարցերի վերաբերյալ Կարմիր խաչը հրապարակային չի խոսում։

XS
SM
MD
LG