Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների երաշխավորման հնարավորությունը Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում զրո է, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսպես է արձագանքում Եվրոպական խորհրդի ղեկավարի հայտարարությանը, թե Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում:
«Դա չի կարող լինել երաշխիք, իսկ խոսքեր շատ ենք լսել, այնպես որ դու ուղղակի զրո երաշխիք է։ Նորից եմ ասում՝ այդ մասին լավ կլինի խոսեք իրենց հետ, այդ մարդկանց հետ», - ասաց նա:
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան նաև նշել էր՝ «էթնիկ հայերը պետք է վերադառնալու իրավունք ունենան»: Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի անկումից հետո հայտարարում էր, թե իր համար Արցախի էջը փակված չէ: «Ազատության» հարցին՝ ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, Սարգսյանն ասաց, թե ժամանակը գա, կխոսեն այդ մասին: Իսկ ի՞նչ պայմաններում է պաշտոնաթող նախագահը պատկերացնում արցախահայերի վերադարձը: Այս հարցն, ըստ Սերժ Սարգսյանի, պետք է ուղղել հենց արցախահայերին:
«Որ վերադարձը, իհարկե, ցանկալի է, միանշանակ է, բայց այնտեղ պետք է լինեն համապատասխան պայմաններ, թե ինչպիսի պայմաններ, ես չեմ կարող հիմա ասել՝ չիմանալով, չուսումնասիրելով նրանց կարծիքը», - նշեց նա։
Հայաստանի բանակցողները Արցախի անկումից հետո չեն հստակեցնում՝ կա՞ արդյոք խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին և անվտանգությանն առնչվող դրույթ: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագրում» նաև դեմ են, որ Հայաստանում գործեն Արցախի պետական ինստիտուտները: Այս պայմաններում ովքե՞ր և ինչպե՞ս են հետագայում բանակցելու արցախահայերի վերադարձի հարցով: Սերժ Սարգսյանը հրաժարվեց այս հարցերին անդրադառնալ՝ շեշտելով, թե բանակցվող փաստաթղթին ինչպես հանրությունը, այնպես էլ ինքը ծանոթ չէ. - «Այս իշխանությունների՝ Հայաստանի կառավարիչների գործելաոճն է, դուք հիշում եք արդյոք որևէ լուրջ պայմանագիր, որ ՀՀ կողմից մինչև 18 թվականի ստորագրվելը և ստորագրվել է գաղտնի, չեն եղել չէ՞ այդպիսի բաներ»։
Հայաստանի երրորդ նախագահն այսօր նաև պնդեց, թե Արցախը որևէ մեկի հրամանագրով չի կարող լուծարվել, ըստ էության ակնարկելով, որ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի՝ Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հայտարարությունը իրավական ուժ չունի:
Լրագրողների հետ կարճ ճեպազրույցին նախորդել էր դիզվառելիքի գործով դատական նիստը, որում նախկին նախագահը գլխավոր մեղադրյալն է։ Այսօր դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով, ապա միջնորդեց Սարգսյանին մեղավոր ճանաչել, սակայն ազատել քրեական պատասխանատվությունից՝ հանցանքի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
Մեղադրող կողմը միևնույն ժամանակ միջնորդեց Սարգսյանից ու դիզվառելիքի յուրացման գործով մյուս մեղադրյալներից մոտ կես միլիարդ դրամ բռնագանձել։
Ըստ մեղադրանքի՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չարաշահել է պաշտոնեական դիրքը, միջամտել, որ գյուղատնտեսական աշխատանքների համար գյուղացիներին տրամադրվող դիզվառելիքի գնման մրցույթում հաղթի իր մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, ինչի հետևանքով, ըստ իրավապահների, պետությանը հասցվել է մոտ կես միլիարդ դրամի վնաս։ Սերժ Սարգսյանն այսօր հերթական անգամ պնդեց՝ իրավապահներն այս գործը կարճել են:
Դատարանն այսօր վերացրեց Սարգսյանի խափանման միջոցը՝ չբացակայելու ստորագրությունը, սա նշանակում է, որ նա արդեն կարող է երկրից դուրս գալ։