Մատչելիության հղումներ

Սեպտեմբերյան մարտերում զոհված զինծառայողների ընտանիքները հատուցում չեն ստացել


Սեպտեմբերի 19-20-ի մարտական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքներում կորստի, տեղահանման ցավը դեռ թարմ է, և որքան էլ սոցիալական խնդիրները խորն են, մարդիկ դեռ չեն բարձրաձայնում դրանց մասին։ Քննչական կոմիտեի տվյալով՝ շուրջ 200 զինծառայող է զոհվել երկօրյա այդ մարտերի ընթացքում, ու նրանցից որևէ մեկի ընտանիքը մինչև այժմ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու չի դարձել, գումար չի ստացել։

«Ասել են՝ հլը չենք ուղարկել թղթերը, որովհետև շատ են, մարդ կա՝ դեռ թղթերը չի հասել, դրա համար սպասում ենք», - ասում է ավագ ենթասպա Գագիկ Հակոբյանի այրին՝ Վիլենա Հակոբյանը։

Գագիկ Հակոբյանը Պաշտպանության բանակի երկարամյա զինծառայող էր՝ Մարտունու Սոս գյուղից։ Կնոջն ու երեք երեխաներին սեպտեմբերի 19-ին իջեցրել է նկուղ, ու ինքը բարձրացել Հարավ գյուղի դիրքեր։

Մայրը՝ Նարգիզ Հակոբյանը, պատմում է՝ որդին 20-ի առավոտյան զոհվել է, իրենք՝ անտեղյակ։ 4 օր անց Կարմիր խաչը 39-ամյա Գագիկ Հակոբյանի մարմինը դուրս է բերել արդեն ադրբեջանցիներով լցված Հարավ գյուղից։ Գագիկի հայրն էլ նույն տարիքում զոհվել է արցախյան առաջին պատերազմում։

«Մեկն էլ չի եկել, ասել՝ այս երեխաներին ո՞նց եք պահում։ Դժվար է, երեք անչափահաս երեխա ունենք», - ասում է Նարգիզ Հակոբյանը։

Գագիկի մայրը, կինը՝ Վիլենան ու երեք մանկահասակ երեխաներն այժմ վարձով Զվարթնոցի մեկսենյականոցում են ապրում, տեղահանվածների համար նախատեսված աջակցությունից ամեն ամիս այս ընտանիք 200 հազար դրամ է մտնում, 150 հազարը տան վարձ են տալիս, 45 հազարը՝ կոմունալ վճարումներին, ամիսը 5 հազար է մնում այլ ծախսերի՝ սննդի, հագուստի համար։ Վիլենան, որ փոքրիկներ ունի, աշխատանք է փնտրում ստիպված։

Ինչո՞ւ սեպտեմբերի երկօրյա մարտերում զոհված զինծառայողների ընտանիքները հատուցում չեն ստանում. Գագիկ Հակոբյանի ընտանիքը պիտի ստանար ամեն ամիս շուրջ 250 հազար դրամ և 10 միլիոն դրամ միանվագ։

«Ազատություն»-ը գրավոր հարցում է ուղարկել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, պատասխանել են՝ Զինապահը համապատասխան գերատեսչություններից դեռևս չի ստացել զինծառայողների դիմում-փաթեթները, հետևաբար այս դեպքերի մասով հատուցում չի տրամադրվել։

«Զինապահ-ի գործընկեր գերատեսչությունները աշխատանքներ են տանում նշված դեպքերի՝ Զինապահ-ի շահառու դառնալու համար որոշում կայացնելու վերաբերյալ, քանի որ Արցախի Հանրապետության ՊԲ-ի լուծարման հետևանքով զինծառայողների ամբողջական դիմում փաթեթներ կազմելու համար անհրաժեշտ տեղեկանքների ապահովումն այդ մարմինների կողմից անհնար է դարձել», - ասված է պատասխանի մեջ:

Ավելի պարզ՝ չկան, լուծարված են Արցախի այն զորամասերն ու նրանց հրամանատարական կազմերը, որ պիտի տեղեկանք տրամադրեն զինծառայողի մահվան հանգամանքների, տեղի ու ու ժամի մասին։ Հիմնադրամի գործունեությունը կանոնակարգող օրենքով, կառավարության որոշումներով պարտադիր է այդ տեղեկանքը, որպեսզի զինծառայողի ընտանիքի անդամները շահառու դառնան։ Օրենքով պարտադիր է նաև տեղեկատվությունն այն մասին, որ զինծառայողի զոհվելը օրինազանցության հետևանք չէ, ուստի ենթակա է հատուցման։

4 ամիս է անցել, օրենքը կարող էր փոխվել, ընդգծում է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը. - «Կարելի է ասել, որ օրենսդրական որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն կա, բայց կարծում եմ՝ ամիսը բավարար էր այդ փոփոխություններն իրականացնելու համար, մանավանդ մենք ունենք նաև նախադեպ։ Եթե այսպես ասենք՝ 2020 թվականի պատերազմից հետո ևս որոշակի օրենսդրական բացառությունների կամ փոփոխությունների կարիք կար կոնկրետ դեպքերով, և ուղղակի իմ կարծիքով՝ քաղաքական որոշման հարթության մեջ է»։

Գեղամ Ստեփանյանը շեշտում է՝ ամիսներ ի վեր այս հարցով քննարկումների մեջ է հիմնադրամի ներկայացուցիչների հետ, տարբեր պաշտոնյաներից հավաստիացում է ստացել, որ ի վերջո զոհեր ունեցող տեղահանված ընտանիքները կսկսեն ստանալ հատուցումները։ Ամիսներն անցնում են, խնդիրը չի լուծվում։

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են՝ քննարկվում են վարչարարության իրականացման հնարավոր տարբերակներ, եթե գործող օրենսդրությամբ լուծումներ չգտնվեն, կդիտարկվեն օրենսդրական փոփոխություններ։

Մինչև երբ են քննարկելու՝ ժամկետ չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG