Արցախը լուծարելու մասին նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու և այն չեղարկելու շուրջ այս պահին քննարկումներ են ընթանում, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Բայց թե ի՞նչ ճանապարհով կնախաձեռնվի այդ գործընթացը, դեռևս հստակ չէ։
«Ազատություն». - Կարծում եք՝ մինչև հունվարի 1-ը պետք է դա տեղի ունենա՞:
Ստեփանյան. - Տրամաբանությունն այդպես է հուշում, բայց եթե անգամ պրոցեսը մի քիչ ավելի երկար տևի, էլի խնդիր չենք համարում:
«Ազատություն». - Իսկ գործընթացն ինչպե՞ս եք պատկերացնում, պետք է Ազգային ժողովն այստեղ նիստ անի՞, դիմի Արցախի գերագույն դատարանի՞ն:
Ստեփանյան. - Մի քանի տարբերակներ կան, սկսած նրանից, որ նախագահը նոր հրամանագրով չեղարկում է նախկին հրամանագիրը, խորհրդարանի կողմից համապատասխան գործողություններ, ընդ որում, նաև Սահմանադրությունը մարդու իրավունքների պաշտպանին է նման իրավասություն տալիս:
«Ազատություն». - Նման մտադրություն ունե՞ք:
Ստեփանյան. - Ընդհանուր գործընթացի տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք, առանց մեկը մյուսի վնաս է:
«Ազատություն». - Կարո՞ղ ենք ասել, որ այս պահին դեռևս քննարկվում է, թե որ տարբերակն ընտրվի և որ իրավասու մարմինն ընտրվի գերագույն դատարան, այդ որոշման համար:
Ստեփանյան. - Կարող եմ ասել, որ այդ հրամանագրի շուրջ քննարկումներ, այո, կան, ընթանում են:
Արցախի օմբուդսմենը տրամաբանական է համարում, որ Սամվել Շահրամանյանը հենց ինքն էլ չեղարկի հրամանագիրը
Արցախի օմբուդսմենը, սակայն, տրամաբանական է համարում, որ Սամվել Շահրամանյանը հենց ինքն էլ չեղարկի Արցախը լուծարելու մասին իր իսկ հրամանագիրը։ Հատկապես, որ Շահրամանյանն ինքը Երևանում հայտարարել է, որ մեկ մարդը չի կարող լուծարել Արցախի ժողովրդի կողմի հանրաքվեով ձևավորված հանրապետությունը։
Սեպտեմբերի 19 -ի ադրբեջանական ռազմական ագրեսիայից և Արցախի կապիտուլյացիայից հետո Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, համաձայն որի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկները, իսկ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը պետք է դադարի գոյություն ունենալ։ Ըստ էության, շուրջ 10 օրից այդ հրամանագիրը դե յուրե կմտնի ուժի մեջ։
Ստեփանյան. - Ճիշտ տարբերակը այն է, որ հանրապետության նախագահի կողմից հրամանագրի չեղարկման կամ էդ հրամանագիրը զրոյացնելու ուղղությամբ կոնկրետ գործողություն լինի:
«Ազատություն». - Քանի որ հենց ինքն էլ այդ պայմանագիրը ստորագրել է, ինքն էլ պետք է չեղարկի՞:
Ստեփանյան. - Այո:
Ի՞նչ է տալու հրամանագրի չեղարկումը
Ի՞նչ է տալու այդ հրամանագրի չեղարկումը, եթե Արցախը հայաթափված է, ամբողջովին Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ Հայաստանում Արցախի պետական մարմինները փաստացի չեն գործում։ Գեղամ Ստեփանյանն ասում է՝ կարևոր է, որ թեկուզ թղթի վրա Արցախի պետական մարմինները գոյություն ունենան։
«Այդ ինստիտուտների պահպանությունը թեկուզ թղթի վրա շատ կարևոր է զուտ Արցախի նկատմամբ իրավունքների էջը չփակելու համար: Կարևոր է, որ այդ կառավարությունը կա՛մ խորհրդարանը, կա՛մ սահմանադրական մարմինները, որոնք, ըստ էության, Արցախի պետականության կարևոր բաղադրիչներն են հանդիսանում, պահպանվեն, թեկուզ եթե դրա տակ դրված չեն կոնկրետ լիազորություններ և կոնկրետ գործառույթներ», - ասաց օմբուդսմենը:
Ինչ վերաբերում է արցախցիների իրենց հայրենիք վերադառնալու հնարավորությանը, ապա Արցախի օմբուսմենն ասում է, որ տարբեր միջազգային կազմակերպությունների կամ պետությունների ներկայացուցիչների հետ այդ թեման քննարկվում է, բայց իրենք կոնկրետ պայմաններ են առաջարկում, և կարևորագույն պայմանն այն է, որ Ադրբեջանը վերահսկողություն չունենա Արցախի նկատմամբ, քանի որ արցախցիների տեղահանումը ցույց տվեց, որ հայերը չեն կարող ապրել Ադրբեջանի ոստիկանական վերահսկողության կամ Ադրբեջանի դրոշի ներքո։
«Եթե այս ամեն ինչից հետո էլ 100 հազարից ավելի մարդու՝ 4-5 օրվա ընթացքում իր հայրենիքը լքելն էլի մեսիջ չէ, որ, հայ ժողովուրդ, դա հնարավոր չէ, այսինքն, եթե էլի տրամաբանությունն ընկալելի չէր դրա համար, ուրեմն խոսելու բան չկա», - ընդգծեց Ստեփանյանը:
«Որևէ ձևով պետք չէ հրաժարվել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից»
Արցախի օմբուդսմենն, իհարկե, ընդունում է՝ այս պահին աշխարհաքաղաքական իրողություններից ելնելով իրատեսական չէ իրենց պայմաններով Արցախ վերադարձը, բայց դա իրենց ամրագրված իրավունքն է, որը վերահաստատվել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ, և այդ իրավունքի իրացման համար պետք է ճանապարհներ փնտրել։
«Եթե այսօր հնարավոր չէ, միգուցե վաղը հնարավոր է լինելու, ու որևէ ձևով պետք չէ փակել այդ էջը, որևէ ձևով պետք չէ հրաժարվել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից», - նշեց ՄԻՊ-ը:
Ընդորում, Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ընդգծում է՝ արցախցիները եթե վերադառնալու որոշում կայացնեն, ապա դա պետք է լինի կոլեկտիվ վերադարձ՝ արժանապատիվ պայմաններով, և ոչ անհատական։ Այժմ Ադրբեջանի ուզածը հենց դա է՝ տարբեր մեթոդներով ազդել անհատների վրա և որոշ թվով արցախցիների վերադարձնել Լեռնային Ղարաբաղ։ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ այդ նպատակով ադրբեջանական տելեգրամյան ալիքներում քարոզչական նպատակով տարածվում են Ստեփանակերտում մնացած հայերի մասնակցությամբ տեսանյութեր։ Օրինակ՝ Միշա Գրիգորյանի կամ «Գիպսի Միշիկի» արցախցիներին ուղղված խոսքը՝ Ստեփանակերտի Նելսոն Ստեփանյանի հուշարձանի մոտից, որտեղ նա վստահեցնում է, թե իրեն ադրբեջանցիներն այնտեղ սիրում են ու կերակրում։ Թե ո՞վ է իրեն տեսանկարահանել, Միշան փակագծեր չի բացում։
Գեղամ Ստեփանյանն ասում է, որ սոցիալական ցանցում ակտիվ է նաև Ստեփանակերտում մնացած նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանի կինը՝ Մարգարիտան, նա նույնպես լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում և արցախցներին վստահեցնում, թե ամեն ինչ լավ է։
Ստեփանյան. - Այդ ամեն ինչն արվում է արցախցիներին անհատապես հոգեբանության վրա ազդելու համար, դրանից բացի կա նաև մեկ այլ օգտատեր, որն այս օրերին շատ ակտիվ է «Ինստագրամ»-ում՝ Սարգիս Գալստյանի կինը, որը նկարահանում է տարբեր հատվածներից, վիդեոներ է տեղադրում, մարդկանց հոգեբանության վրա է ազդում, որպեսզի մարդ պահի տակ ասի՝ ես ինչի համար եմ դուրս եկել, նորմալ ապրում է, վերադառնամ:
«Ազատություն». - Ադրբեջանցիների ցուցումո՞վ է անում:
Ստեփանյան. - Ես վստահ եմ, որ այդպես է:
Արցախի օմբուդսմենի փոխանցմամբ՝ իրենց տվյալներով Լեռնային Ղարաբաղում այս պահին շուրջ 20 արցախցի է ապրում։