Լոռու նորանշանակ մարզպետն անկուսակցական է, բայց պատրաստ է ՔՊ-ին անդամակցել

Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանն ասում է՝ այս պահին անկուսակցական է, բայց պատրաստ է անդամակցել իշխող «Քաղաքացիական պայմանագրիր» կուսակցությանը, որի քաղաքական թիմի անդամ է դարձել երեկվանից։

«Իմ նկատմամբ նմանատիպ պահանջ չի եղել։ Ես, բնականաբար, ստանձնելով քաղաքական պաշտոն, մշտապես պատրաստ եմ լինել, իշխանության մաս կազմել և լինել կուսակցության անդամ, սակայն ներկա պահին ես անկուսակցական եմ», - ասաց նա։

Արամ Ղազարյանը մարզպետի պաշտոնում Արամ Խաչատրյանին փոխարինեց, երբ վարչապետն ստուգայցեր արեց Լոռու և Արմավիրի մարզերում և պետական միջոցներով կատարվող շինարարությունից դժգոհ, նույն օրն ևեթ մարզպետներին ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահին ազատեց պաշտոններից՝ շեշտելով, որ նրանք պատասխանատու են իրականացվող աշխատանքների համար ու վատ են կատարել այդ գործառույթը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու Լոռու մարզպետն ազատվել են պաշտոններից

Այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էր Վանաձոր եկել՝ ներկայացնելու նորանշանակ մարզպետին։ Պնդեց՝ գոհ է եղել երեք տարի պաշտոնավարած Արամ Խաչատրյանից, բայց նոր աշխատանքային տեմպ ու ջանքեր է ակնկալում նորանշանակ պաշտոնյայից։

«Միշտ էլ բոլորիս ցանկությունն այն է, որ ամեն անգամ երբ ղեկավար է փոխվում, վերանայել առկա աշխատանքները, խնդիրները, հարցեր կան, որոնց նորովի նայել և փորձել նոր տեմպով, նոր ջանքերով, նոր ջիղով դրանք լուծել, որոնք համոզված եմ, որ Ձեզ մոտ կստացվի», - ասաց Գնել Սանոսյանը։

Արդյո՞ք Հայաստանի երեք մարզերում ոստիկանապետ եղած Արամ Ղազարյանը կփորձի ավելի հետևողական լինել իրականացվող ծրագրերի ու շինարարության նկատմամբ, ինչի պատճառով, ըստ էության ազատվեցին երեք բարձրաստիճան պաշտոնյաներ, նա ասաց. - «Դա Ձեր կարծիքն է, վարչապետը միայն գիտի, թե ինչի համար է ազատվել նախորդ մարզպետը։ <>

Թե ես ինչ եմ համարում, կարևորը դա չի, կարևորը, թե վարչապետը գիտի, թե ինչի համար է ազատել։ <>

Ես չեմ համեմատվում, թե ավելի հետևողական կլինեմ, թե չէ, բայց ես գիտեմ, որ հետևողական և պատասխանատու մարդ եմ»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը չպատասխանեց «Ազատության» հարցին՝ արդյո՞ք ի վերջո վարչապետի հայտնաբերած թերություններն էին մարզպետի փոփոխության պատճառը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արամ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ

Մինչ այդ պատասխանում էր լրագրողների հարցերին Վանաձորում ընտրություններից հետո արդեն երկու տարի ընտրովի ղեկավար չլինելու մասին։ Ասաց՝ օրենք չեն խախտում, վարչապետի նշանակած համայնքապետի պաշտոնակատարը դեռ կշարունակի պաշտոնավարել։

«Սեպտեմբերի դատական նիստը, կամ եթե համարենք, որ ինչ-որ բան ավարտվել է, ավարտվել է ընդհանուր հայցի մի մասը, այսինքն՝ այդ դատական գործը դեռ այլ «ճյուղեր» ունի, և ինչքան գիտեմ, դրա հաջորդ նիստերը գարնանն են նշանակված, այսինքն՝ իրավաբանական խառը դատական պրոցես է, որի որոշ հարցեր հանգուցալուծվել են, որոշ հարցեր՝ ոչ», - շեշտեց նախարար Սանոսյանը։

Երկու շաբաթ առաջ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն դիմել է դատախազություն՝ պահանջելով քրեական վարույթ հարուցել՝ ավագանուն մեղադրելով անգործության, իսկ ժամանակավոր ղեկավարներին՝ սահմանադրական կարգը տապալելու և իշխանությունը յուրացնելու համար։ Վանաձորցի իրավապաշտպանները պնդում են, թե դեռ 4 ամիս առաջ, երբ դատարանը վերջնական վճիռ էր կայացրել ու մերժել 2021-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները վիճարկող «Լուսավոր Հայաստանի» հայցը, տեղական իշխանությունները պարտավոր էին ավագանու նիստ գումարել ու վերջապես համայնքի ղեկավար ընտրել, պաշտոնակատարի լիազորություններն էլ՝ դադարեցնել, մինչդեռ այդպիսի քայլեր չեն ձեռնարկվել։ Դատախազությունից դեռ պատասխան չկա։