Մատչելիության հղումներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու Լոռու մարզպետն ազատվել են պաշտոններից


Վարչապետի երեկվա Լոռու մարզ կատարած աղմկահարույց շրջայցից հետո այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվեցին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ու Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

Երեկ Նիկոլ Փաշինյանը Լոռիում 6 համայնք էր այցելել, որտեղ կառավարությունը դպրոցներ, մարզադահլիճներ ու բժշկական կենտրոն է կառուցվում։ Շրջել էր, դիտողություններ արել ու վերջում ամփոփել՝ «դժգոհ եմ»։

«Լավ, եթե կարճ ամփոփեմ, շատ դժգոհ եմ, ահավոր, չեմ հանդուրժի սենց բան», - ասել է Փաշինյանը:

Կառավարության հրապարակած տեսանյութերում վարչապետը ձեռքով պոկում է կախիչները, գնդակը նետում թույլ թելերով ամրացված դարպասի մեջ, նկատում, որ դարպասի վերևում բասկետբոլի վահանակ կա, բայց անհարմար է դրա մեջ գնդակ նետել։ Կամ, որ վոլեյբոլի նշագծումներ չկան, չնայած դպրոցն այս սպորտաձևի համար անհրաժեշտ գույք է ստացել։ Այսօր արդեն գործադիրի նիստում 16 րոպե խոսեց իր վատ տպավորությունների մասին, ասաց՝ հաճախ գործ ունենք նախագծման, կատարման ու անգամ գույքի խոտանի հետ։

«Գնում ենք կախիչին ձեռք ենք տալիս, ընկնում է, որտեղ գնում ես ջուրը կաթում է, էլ չեմ ասում՝ ես չկարողացա 5 ամիս չգիտեմ ում բացատրել, որ պետք չէ զուգարանում թափանցիկ ապակի դնել, ակնհայտ բան է, չէ՞: Էլ չեմ ասում՝ էդ դարպասներին իբր ցանց են սարքել տուկի թելից, էդ ի՞նչ է նշանակում: Մենք շինարարության ընդհանուր այն ընկալումը, որ շինարարությունը մի բան է, որը շինարարը պիտի մի կերպ տա, ինչ-որ ձևով հանձնի օգտագործողին ու օգտագործողը մինչև հաջորդ շինարարությունը պետք է տառապի այդտեղ, այդ շինարարական, այդ պրարաբային կուլտուրան մեր մոտ խորը նստած է», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը զարմացավ՝ ինչո՞ւ պետք է ինքը նկատեր այդ թերությունները, ինչո՞ւ մինչ այդ պատասխանատու պաշտոնյաները չէին եղել տեղում ու լուծել խնդիրները։

«Մարզպետները բոլոր ծրագրերը՝ սուբվենցիա է, սուբվենցիա չի, բոլոր ծրագրերը, որ արվում են պետական բյուջեից, տեղում դրա պատասխանատուն են դե ֆակտո՝ անկախ նրանից դե յուրե ով է պատվիրատուն, ով է կատարողը և այլն: Եթե ես կարամ գնամ, ընդ որում, տեղեր կան հիմա ստիպված երրորդ անգամ էլ եմ գնալու, եթե տեղ կա՝ ես երեք անգամ եմ գնում, դուք 13 անգամ պետք է գնաք», - նշեց նա:

Խոսքը պատկերավոր դարձնելու համար անգամ անեկդոտ պատմեց՝ սև հումորի ժանրից էր. - «Տան տանիքը փոխելու է լինում, հրավիրում է տանիքագործին, վերջում արդեն հաջողություն են անում, տանիքագործը բերում է մի 10 հատ դույլ է տալիս, տան տերն ասում է՝ էս ի՞նչ է, ասում է՝ թիթեղից մի քիչ ավելացել էր, մի 10 հատ դույլ եմ սարքել, որ որտեղ կաթի դնես տակը: Սա լրիվ մեր մասին է, անեկդոտ չի»:

Լևոն Բարսեղյան. Հայաստանում 5 տարվա ընթացքում արդյունավետ աշխատող կադրեր չեղան

Վարչապետի շուրթերից հնչող այս քննադատությունը, որ առաջին հայացքից շատերի սիրտը շոյող կարող է թվալ, իրականում վատ կառավարման ցուցիչ է, ասում է Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Վերահսկման ամենապարզունակ պատասխանատվություն ունեցող պաշտոնյաների գործն իր վրա է վերցրել երկրի ղեկավարը՝ կամ գիտելիքի պակաս է, կամ էլ Հայաստանում 5 տարվա ընթացքում արդյունավետ աշխատող կադրեր չեղան, ասում է իրավապաշտպանը։

«Պարզվեց, որ իսկապես վարչապետը չունի այնպիսի ենթականեր, որոնք իրենց գործը բարեխղճորեն կատարում են, ու ինքը անձամբ ստիպված չի լինի ելնել, գնալ՝ զբաղվելու մարզպետարանի ինչ-որ վարչության, ինչ-որ բաժնի ավագ մասնագետի գործով», - նշեց Բարսեղյանը:

Լոռիում այս պահին 7 մարզադահլիճ է կառուցվում դպրոցների համար։ Դրանցից 6-ի պատվիրատուն Քաղաքաշինության կոմիտեն է, շինարարը՝ «Թի-քոնստրակշըն» ընկերությունը։ Ընկերության պատասխանատուներն «Ազատության» զանգերին այդպես էլ չպատասխանեցին։ Իսկ պաշտոնից ազատված Արամ Խաչատրյանն ասաց՝ ինքն է երեկ երեկոյան, վարչապետի այցից հետո որոշել հրաժարականի դիմում գրել։

«Ես եմ դիմում գրել, ինձ չեն ասել, երեկ երեկոյան ես դիմում եմ գրել», - ասաց նա:

Երեք տարի պաշտոնավարած մարզպետ Խաչատրյանն ասաց՝ 4-5 ամիս առաջ է եղել կառուցվող դպրոցներում ու մարզադահլիճներում։ Որակի հետ կապված որոշ խնդիրներ, ասում է, վերացրել են, բայց արդեն շահագործման հանձնվող օբյեկտներում նման ճչացող թերություններ, որոնց մասին խոսում էր վարչապետը, աննկատ են մնացել։

Ազատված պաշտոնյաների փոխարեն այս պահին դեռ նոր նշանակումներ չկան։ Լոռու մարզպետն ասաց՝ չգիտի՝ ով կփոխարինի իրեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG