Ի՞նչ գին ու որակ ունեն ցնցուղներն ու ծորակները պետական միջոցներով կառուցվող դպրոցներում ու մարզադահլիճներում: Վարչապետն անձամբ է իր ենթականերին հանձնարարել պարզել։
Ո՛չ Կրթության նախարարությունից, ո՛չ էլ Քաղաքաշինության կոմիտեից դեռ չեն հայտնում՝ ի վերջո զեկուցե՞լ են կառավարության ղեկավարին, թե՞ ոչ։ Դա դեռ հատուկ ստեղծված հանձնաժողովը կպարզի, ասում են։
Մինչ այդ «Ազատությունը» գնումների պայմանագրերն ուսումնասիրել ու պարզել է՝ նախահաշիվներում դրանց գները տարբեր են։ Քաղաքաշինության կոմիտեի ու «Տ-քնսթրաքշն» ընկերության պայմանագրին կցված նախահաշիվներով ամենաթանկ՝ մոտ 20 հազար դրամանոց ցնցուղները տեղադրվել են Վանաձորի թիվ 27 դպրոցի նորակառույց մարզադահլիճում, ամենաէժանը՝ 4 հազար դրամանոց՝ Վարդաբլուրի մարզադահլիճում։ Վանաձորի մի ուրիշ դպրոցում՝ թիվ 23-ում էլ, 11 հազար դրամ արժեն թե՛ ծորակը ու թե՛ ցնցուղը։ Մինչդեռ դրանք գոնե արտաքին տեսքից գրեթե չեն տարբերվում։ Վարդաբլուրի էժան ցնցուղներն ավելի պինդ ու հարմարավետ են թվում։
Շինարարական ընկերության Լոռու մարզի պատասխանատու Հովհաննես Սուքիասյանը չհամաձայնեց։ Չնայած հրապարակված պայմանագրերին, որոնցում գները տարբեր են, պնդեց, թե բոլոր տեղերում իրենց տեղադրած ցնցուղների միջին գինը 20 հազար դրամի սահմաններում է։
Լոռիում կառուցվող 7 մարզադահլիճներում տարբեր են նաև ծորակների գները։ Մի դեպքում դրանք ցնցուղների գնի են, մյուս դեպքում՝ ավելի էժան։ Ինչո՞ւ «Տ-քնսթրաքշն» ընկերությունը բոլոր մարզադահլիճների համար միևնույն ցնցուղներն ու ծորակները չի ընտրել. ընկերության պատասխանատու Հովհաննես Սուքիասյանը, միայն ձայնագրվելու պայմանով, ասաց՝ բազմազանության համար են այդպես որոշել։
«Ըստ աշղեկի ենք նայել, լրիվ տեղերը նույն ձևի չենք առել, տարբեր, մի քիչ զանազան լինեն էլի։ Որակի հետ կապված խնդիր չունենք, կարող եք նայել», - ասաց նա։
Վարչապետը, որ ակնարկել էր կոռուպցիոն չարաշահումների ու ատկատների մասին, նաև Պետական վերահսկողական ծառայությանն է հանձնարարել ուսումնասիրություններ սկսել կառուցված մարզադահլիճներում ու դպրոցներում։ Այսօր դպրոցներում արդեն ներկայացուցիչներ եղել են։ Շինարարության Լոռու պատասխանատուն ասում է, սակայն, հանգիստ են, մեղադրանքներն իրենց չի վերաբերվում. - «Հստակ ու վստահ ասում եմ՝ ատկատի թեմա չկա, ոնց ուզում են, ով ուզում է՝ կարող է ստուգի»։
Ի՞նչ արդյունք կունենան ստուգումները, արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթներ կհարուցի, թե՞ այս աղմկահարույց ստուգայցերը կավարտվեն միայն երեք պաշտոնանկություններով։ Արդյո՞ք նոր նշանակումներից հետո պաշտոնյաները կուժեղացնեն վերահսկողությունն իրենց ենթակա հիմնարկներում և շինհրապարակներում։ Առայժմ այս հարցերն անպատասխան են։
«Ազատությունը» նախկինում կոռուպցիոն թեմաներով մի շարք բացահայտումներ է արել Լոռու համայնքներում։ Մեկ ամիս առաջ անգամ չարաշահումների փաստերով քրեական վարույթներ են հարուցվել Վանաձորի ու Սպիտակի համայնքապետարաններում։ Վանաձորում Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ էր իրականացրել, փաստաթղթեր առգրավել։ Մինչդեռ թե՛ Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը, և թե՛ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը ոչ միայն թթու խոսք անգամ չեն ասել կամ կասկածի տակ առել այս համայնքներում իրականացվող շինարարական ծրագրերը, այլև մշտապես գոհունակություն են հայտնել Վանաձորի ու Սպիտակի իրենց թիմակից ղեկավարների հասցեին, նույնիսկ խորհրդարանի ամբիոնից։
Այսօր Արմավիրի ազատված մարզպետի պաշտոնում նշանակվեց 2018-ից Արմավիր համայնքը ղեկավարող Դավիթ Խուդաթյանը, որը իշխող կուսակցության անդամ է։ Լոռին դեռ նոր մարզպետ չունի։ Թափուր է նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը։