7 թեկնածու՝ փետրվարի 7-ի նախագահական ընտրություններում՝ 7-ամյա պաշտոնավարման ժամկետի համար․ Ադրբեջանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների քարոզարշավը՝ առանց առաջատար ընդդիմադիր ուժերի մասնակցության, որոնք բոյկոտել են ընտրությունները՝ պնդելով, որ դրանց արդյունքները ևս «կանխորոշված են»։
Իլհամ Ալիևի մրցակիցների ցուցակը, այդուհանդերձ, թափուր չի մնացել: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 17 գործիչ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, բավարարել է միայն 7-ի մասնակցության ցանկությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի նախագահի թեկնածուները «քարոզչություն կիրականացնեն» նաև Շուշիում, ԼաչինումՔվեաթերթիկում առաջինը Իլհամ Ալիևի անունն է, որը երկրի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 20 տարի։ Անցած տարիներին հենց նրա նախաձեռնությամբ է Սահմանադրությունից անհետացել երկու անգամից ավելի նախագահ ընտրվելու արգելքը, ինչի շնորհիվ Ալիևն արդեն հինգերորդ անգամ է առաջադրվում այդ պաշտոնում այս անգամ որպես «Հաղթանակած Ժողովրդի Հաղթական Առաջնորդը»․ հենց այս կարգախոսն է զարդարում նրա նախընտրական պաստառները։
Քարոզարշավի առաջին օրը թեկնածու Ալիևը սկսել է Բաքվում զինվորական նոր հոսպիտալի հանդիսավոր բացմամբ։ Նախագահի պաշտոնի համար Ադրբեջանի երկարամյա առաջնորդի հետ մրցելու հայտ ներկայացրած թեկնածուները, բացառությամբ Էլշադ Մուսաևի, Իլհամ Ալիևի ավանդական մրցակիցներն են, ովքեր վերջին երկու տասնամյակներին Ադրբեջանում տեղի ունեցած բոլոր նախագահական ընտրություններին մասնակցել են որպես նախագահի թեկնածուներ։ Բոլոր այդ ընտրությունները միջազգային դիտորդները քննադատել են, գնահատել ոչ թափանցիկ և ոչ մրցակցային։
Ընդ որում՝ թեկնածուներից Գուդրաթ Հասանգուլիևը հինգերորդ անգամ է առաջադրվում այդ պաշտոնում: Բայց չնայած քաղաքական այդ հավակնությանը՝ Ալիևի վեց մրցակիցներն անխտիր՝ պատգամավորներ Ֆազիլ Մուստաֆան, Զահիդ Օրուջը, Գուդրաթ Հասանգուլիսևը, Ռազի Նուրուլլաևը, նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ Ֆուադ Ալիևը և Էլշադ Մուսաևը, ինչպես նշում է ադրբեջանական անկախ մամուլը, իշխանամետ գործիչներ են, ովքեր աջակցում են երկրի իշխող ընտանիքի քաղաքականությանը, կառավարության գործունեությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպես Ալիևը իրագործեց հոր երազանքը և մնաց անպատիժԱդրբեջանում նախագահական հերթական ընտրություններն ի սկզբանե նախատեսված էին այս տարվա ապրիլին։ Անցած ամիս, սակայն, Ւլհամ Ալիևը անակնկալ որոշում է կայացրել քվեարկությունը մի քանի ամիս շուտ անցկացնել։ Ադրբեջանի քաղաքական ուժերին հանկարծակիի բերած, ընդդիմության բոյկոտի պատճառ դարձած այդ որոշման պատճառների մասին նախագահ Ալիևը առաջին անգամ խոսել է միայն անցած շաբաթ՝ քարոզարշավի մեկնարկից բառացիորեն չորս օր առաջ։
Ալիևի վարչակազմը նախկինում էլ է նախատեսված ժամկետից շուտ համապետական քվեարկություն կազմակերպել՝ այդպիսով նաև հնարավորություն չտալով ընդդիմությանը պատշաճ պատրաստվել ընտրապայքարին։ Այս անգամ արտահերթի գնալու որոշումն, ինչպես հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ երկու պատճառ ունի․ «դարակազմիկ հաղթանակներից հետո Ադրբեջանը պատմության նոր էջ է սկսում» և «տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո» Ադրբեջանի նախագահին այժմ կարող են ընտրել նաև վերջին երեք տարվա ընթացքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչները։
«Բնականաբար նոր դարաշրջանի սկիզբը պետք է նշանավորվի նոր նախագահական ընտրություններով։ Երեսուն տարի անց գրավյալ տարածքների ազատագրումը և մեր ինքնիշխանության լիակատար վերականգնումը նշանավորեցին նոր դարաշրջանի սկիզբը։ Սա առաջին պատճառն է։ Երկրորդ պատճառն այն է, որ մեր անկախության շրջանում առաջին անգամ ընտրություններ են անցկացվելու ամբողջ երկրում։ Քանի որ նախագահական ընտրությունները մյուս բոլոր ընտրությունների համեմատ ամենակարևորն են, ես համարեցի, որ առաջին ընտրությունները, որոնք պետք է անցկացվեն ողջ հանրապետությունում, պետք է լինի նախագահականը», - պարզաբանել էր Ալիևը։
Այսպիսով փետրվարի 7-ին հերթական անգամ վերընտրվելու դեպքում Իլհամ Ալիևն արդեն կարող է հայտարարել, որ ողջ՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետրանոց Ադրբեջանի կողմից ընտրված նախագահ է, քանի որ առաջին անգամ Բաքուն ընտրատեղամասեր է բացել Ղարաբաղում ու հարակից յոթ շրջաններում՝ նույնիսկ դատարկ Ստեփանակերտում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաքուն «ազատագրված տարածքներում» 26 ընտրատեղամաս է ստեղծել Ստեփանակերտում առաջինը քվեարկողը «կմտնի Ադրբեջանի պատմության մեջ»