Փետրվարի 7-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններում Ադրբեջանի նախագահի թեկնածուները կկարողանան նախընտրական քարոզչություն իրականացնել նաև «ազատագրված տարածքներում», հաղորդում է Report-ը։
Ըստ աղբյուրի՝ նախընտրական քարոզարշավի համար Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) տեղեր է հատկացրել «Զանգիլանի շրջանի Աղալի գյուղում, Շուշի և Լաչին քաղաքներում, Լաչինի շրջանի Զաբուխ (Աղավնո) գյուղում»։
«Թեկնածուները ընտրողների հետ կկարողանան հանդիպել Շուշի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի նիստերի դահլիճում, Զանգիլանի շրջանի Աղալի գյուղի շատրվանների հրապարակում, Աղալի գյուղի միջնակարգ դպրոցի նիստերի դահլիճում, Լաչինի բուլվարում, Լաչինի Lasinema կինոկենտրոնում, Զաբուխի միջնակարգ դպրոցի դիմաց, ինչպես նաև Զաբուխի միջնակարգ դպրոցի ժողովների դահլիճում», - նշում է Report-ը։
Ադրբեջանում փետրվարի 7-ին կայանալիք նախագահական ընտրություններին, ըստ Ադրբեջանի ԿԸՀ-ի, առավելագույնը 7 թեկնածու է մասնակցելու։ Ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել 17 թեկնածու, սակայն 7-ն են ԿԸՀ ներկայացրել առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Բաքուն հաղորդել է, որ «ազատագրված տարածքներում» արդեն 26 ընտրատեղամասեր է ստեղծել ու ընտրական հանձնաժողովներ ձևավորել։
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովի՝ «ազատագրված տարածքներում քվեարկելու է մոտ 23 հազար ընտրող։ Մեկ տեղամասում` 800-900 ընտրող»։