Պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության գործով ձերբակալված ժամկետային զինծառայողը կալանավորվել է, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Քննչականը որոշ մանրամասներ է հաղորդում՝ նշելով, որ դեպքից առաջ դիրքի պատասխանատու Կ․Կ․-ի և մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայող Ն․Խ․-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հարցի շուրջ։
Ըստ հաղորդման՝ դիտորդի ծառայությունը հանձնելուց հետո ժամկետային զինծառայողը մտել է գետնատնակ և իրեն ամրակցված ինքնաձիգից կրակահերթ է արձակել այնտեղ գտնվող Կ.Կ.-ի ուղղությամբ՝ նրան պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։
Ն․Խ․-ն նույն օրը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել սպանություն հոդվածով, որը նախատեսում է 8-ից 15 տարվա ազատազրկում։
Հունվարի 9-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ առավոտյան ժամը 06:20-ի սահմաններում, զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Նախարարությունը նույն օրը երկրորդ դեպքի մասին հաղորդեց՝ նշելով, որ զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Քննչական կոմիտեն փոխանցեց, որ նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից։ Զինծառայողի մահվամ դեպքով վարույթ է նախաձեռնվել՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր հանձնարարականներ՝ ԶՈՒ-ում մեկ օրում մահվան երկու դեպքից հետո