Զինված ուժերում երեկ ոչ մարտական պայմաններում երկու զինծառայող մահացավ, այսօր Պաշտպանության նախարարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման ուղղությամբ հետևողական աշխատել։
Մոտ մեկ տարի առաջ էլ Ազատի կացարանի ողբերգական հրդեհից հետո նախարար Սուրեն Պապիկյանն էր զգուշացրել, թե կտրուկ քայլեր կիրականացնեն:
Նախօրեին զինվորների ողբերգական մահից հետո այդպիսի մի հանձնարարական էլ տվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Դեպքերից մի քանի ժամ անց էր Էդվարդ Ասրյանը շտապել 2-րդ բանակային կորպուս, որտեղ, Քննչականի նախնական տվյալներով, պայմանագրայիններից մեկին սպանել է ծառայակիցը, մյուսն ինքնասպան է եղել:
«Պետք է անել ամեն հնարավորը՝ հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու համար», - ենթականերին հրահանգել է Էդվարդ Ասրյանը:
Պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահը իրավիճակը մտահոգիչ է համարում, սակայն զայրանում է, երբ լրագրողները հարցնում են նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականից:
«Դուք հարցրեցիք՝ պետք է պաշտոնանկ արվի՞, ասում եմ՝ ոչ: Պաշտոնանկ կարվի այն մարդը, որը կունենա, այն հարցերի պատասխանատվությունը կրող էն անձնավորությունը, որի պատճառով տեղի են ունեցել ինչ-որ դեպքեր», - հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը:
Իսկ թե ով կլինի այդ պաշտոնյան, ըստ Քոչարյանի, կպարզի քննությունը, մինչ այդ բանակում այդպես էլ չլուծված խնդիրներից և հենց այս դեպքերում թերացողներից խոսել չի ուզում:
Իրավապահները երկու դեպքով էլ քրեական գործ են հարուցել, մեկով՝ սպանության, մյուսով՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածներով:
Սպանության համար կասկածվող ժամկետային զինծառայողը ձերբակալված է:
«Դուք միանգամից ուզում եք, էսպես, սենսացիոն պաշտոնանկություններ: Էդպես չի: Էդպես եթե մենք գնանք, էսօր ոչ մի պաշտոնյա իր տեղում պետք է չլինի: Դրա համար էլ պետք է ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում», - ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը:
Սենսացիոն պաշտոնանկություններ, սակայն, եղան, երբ վարչապետ Փաշինյանը դժգոհ մնաց դպրոցների շինարարության որակից, մասնավորապես՝ բասկետբոլի վահանակի տեսքից, անորակ կախիչներից և ցնցուղից:
Պաշտպանության նախարարություն այսօրվա այցից հետո, մինչդեռ, Կառավարության հաղորդագրությունում Փաշինյանի դժգոհության մասին հիշատակում չկար:
Հատկապես 44-օրյա պատերազմից հետո իշխանությունը հայտարարեց բանակում արմատական բարեփոխումների մասին: Նպատակ ունեին նաև այդպես զորքերից արմատախիլ անել արատավոր բարքերն ու ոչ կանոնադրային հարաբերությունները: Ինչո՞ւ տևական ժամանակ այս մասին խոսակցություններ, հանձնարարականներ կան, բայց գործնականում փոփոխություն չկա։
«Ինչքան էլ բարեփոխումներ իրականացվեն բանակում, ինչքան էլ այդ բարեփոխումները արդյունքի հասնեն, բանակում միշտ հանցագործություններ եղել և լինելու են, այդ թվում նաև՝ դժբախտ պատահարներ: Ուղղակի դրանք պետք է իջեցվեն նվազագույնի և հնարավորինս պետք է բացառել, բայց որ ամբողջովին դրանք հնարավոր է բացառել՝ ոչ», - հայտարարեց խորհրդարանական նույն հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:
Եթե պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանն անձամբ էր ներկայացնում բանակում զոհերի վիճակագրությունը և պնդում, թե այն հասել է պատմական մինիմումի, վերջին երեք տարում նվազման միտում, ըստ իրավապաշտպանների, չկա:
Անցած տարի զոհված 75 զինծառայողից միայն 20-ի դեպքում է մահացու կրակոցը հրադադարի խախտման հետևանք: Գրեթե նույն պատկերն է նաև 2022 թվականին՝ 64 զոհ, որից 50-ը՝ ոչ մարտական պայմաններում:
Չնայած այս ցուցանիշներին՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը պնդում է՝ բանակում նախորդ տարիների համեմատ իրավիճակ է փոխվել, մահվան ելքով դեպքերը նվազել են: Արմեն Խաչատրյանը ոչ թե թվերի, այլ վերլուծությունների վրա հիմնվելով է այս պնդումն անում:
«Մենք ունենք Ռազմական ոստիկանություն, որը նաև այդպիսի օպերատիվ միջոցառումներ է իրականացնում՝ պարզելու ընդհանրապես քրեածին վիճակը զորամասերում կամ ռիսկերը, որոնք կան զորամասերում: Հիմնականում ես հիմնվում են ա՛յս տվյալների վրա», - ասաց Խաչատրյանը՝ հավելելով. - «Չենք կարող մենք համեմատել մի քանի տարի առաջվա հետ»:
Զինված ուժերում իրականացվող աշխատանքը կարող է տեսանելի չլինել, բայց դրա արդյունքները հանրությունը պետք է զգա, ասում է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:
Տիգրան Աբրահամյանը կոնկրետ դեպքից դեռ չի խոսում, բայց շեշտում է՝ սա ընդհանուր առմամբ կապ ունի բանակում տիրող բարոյահոգեբանական վիճակի հետ:
«Կա՛մ իշխանությունը պետք է խոստովանի, որ պայմանականորեն իրենք էդ ուղղությամբ բարեփոխում չեն իրականացրել, այլ ուղղություն ընտրել, կա՛մ պետք է խոստովանեն, որ դրանք տապալել են: Համենայն դեպս, կան որոշակի գործոններ, որոնք ազդում են հատկապես մարտական դիրքերում միջադեպերի վրա, կամ որպես հետևանք՝ այդպիսի միջադեպերի արձանագրմանը: Կոնկրետ այս իրավիճակում ասել, որ, օրինակ, լուրջ բարեփոխումներ են գնացել, որոնք կանխում են այսօրինակ միջադեպերը, բնականաբար, այդպես չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աբրահամյանը:
24-ամյա Կարեն Կարապետյանի և 29-ամյա Միքայել Դանիելյանի մահվան հանգամանքներից իրավապահները մանրամասներ չեն հաղորդում: Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Գեղարքունիքի Վահան գյուղերում այսօր երիտասարդ զինվորականների հոգեհանգիստն էր: