Պետք է անել ամեն հնարավորը՝ հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու համար, երեկ հայտարարել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով ԶՈՒ ստորաբաժանումներում երեկ տեղի ունեցած դեպքերին։
Երեկ մեկ օրվա ընթացքում մահվան երկրորդ դեպքը գրանցվեց ԶՈւ-ում․ զորամասի մարտական դիրքում առավոտյան հայտնաբերվեց պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով, գործով ձերբակալվեց ժամկետային զինծառայող, ժամեր անց էլ հաղորդվեց, որ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Երկու դեպքով էլ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Ասրյանը երեկ այցելել է 2-րդ բանակային կորպուս, հանդիպել հրամանատարական կազմի հետ: ԳՇ պետը կարգադրել է անել ամեն հնարավորը՝ պատշաճ քննություն անցկացնելու, պատճառները պարզելու համար։ Նա նաև կարգադրել է մարտական հերթապահության ընթացքում խստագույնս հետևել կանոնադրային հարաբերություններին, պահպանել անվտանգության կանոնները, հետևողականորեն իրականացնել կարգապահության բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումները:
Մահացու հրազենային վիրավորումով զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանն է քննարկման ընթացակարգ նախաձեռնել։
Ըստ օմբուդսմենի աշխատակազմի՝ արդեն իսկ միջադեպերից մեկով գրություններ են ուղարկվել Պաշտպանության նախարարություն և Գլխավոր դատախազություն: Մյուս դեպքով ևս ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ։
Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ Զինված ուժերում նման դեպքերն անթույլատրելի են և խիստ մտահոգիչ: