Կառավարությունն այսօր որոշեց GTB Still ընկերությանը 3,5 միլիարդ դրամի բյուջետային վարկ տրամադրել 4 տարվա ժամկետով։ Սա այն ընկերությունն է, որը սահմանամերձ Երասխում կառուցում էր պողպատի գործարան, ապա սեպտեմբերին սկսեց տեղափոխել գործարանը Արարատ մարզի մեկ այլ բնակավայր՝ Երասխից ու հայ - ադրբեջանական սահմանից մոտ 20 կիլոմետր հեռու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ բնակիչների՝ Երասխի գործարանը տեղափոխվել է այլ վայր, կառուցող ընկերությունն արձագանքում էԿառավարության որոշումն ընդունվեց չզեկուցվողների շարքում, սակայն հիմնավորումներում ասված է. - «Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ընկերության կողմից Արարատի մարզի Արարատ գյուղում պողպատի գործարանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացմամբ, նույն ընկերության կողմից Արարատի մարզի Երասխում պողպատի գործարանի կառուցումը դադարեցվել է՝ ելնելով որոշ հանգամանքներից»։
GTB Still ընկերությունից այսօր հրաժարվեցին պատասխանել «Ազատության» հարցերին, սակայն ակնհայտ է, որ նշված «որոշ» հանգամանքները Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ ադրբեջանական պարբերական կրակոցներն էին, որոնք ակտիվանում էին շինարարության պիկ ժամերին, և դրանց հետևանքով նույնիսկ երկու աշխատող էր վիրավորվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի վրա, 2 օտարերկրացի է վիրավորվել. ՀՀ ՊՆ«Երբ տեխնիկա են մտցնում, տեխնիկա են հանում, էդ ժամանակ ա կրակոցները լինում, էդ ժամանակ են կրակում, որ չաշխատեն: Հիմա ինչ կա-չկա հավաքել տարել են Զոդ արդեն: Բայց դե լավ էր, էլի, որ ստեղ բացեին գործարանը, գյուղացիներն էլ կաշխատեին ստեղ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երասխի մի բնակչուհի:
Ըստ Կառավարության հիմնավորումների՝ Երասխի գործարանի կառուցման ընթացքում ընկերությունը ներդրել ու ծախսել էր շուրջ 2 միլիարդ դրամ: Հավանաբար հենց այս պատճառով է գործադիրը որոշել բյուջետային վարկ տրամադրել GTB Still-ին, սակայն հստակ չէ՝ արդյո՞ք Կառավարությունն էր խրախուսել, որ ընկերությունը գործարանը կառուցեր հենց սահմանին, թե՞ դա եղել է սեփականատերերի նախաձեռնությունը։ Համենայն դեպս, Բաքուն ամռանը մի քանի ամիս շարունակ թեման թեժ պահեց՝ պնդելով, որ սահմանին մոտ կառուցվող գործարանը բնապահպանական սպառնալիք է Ադրբեջանի համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մետալուրգիական գործարանի շահագործմանը վերաբերող Բաքվի հայտարարությունն անհիմն է. ՇՄ նախարարությունՀունիսին Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարեց, որ գործարանը կառուցվելու է բնապահպանական բոլոր նորմերին ու պահանջներին համապատասխան, սակայն դրանից հետո էլ Նախիջևանի կողմից կրակոցները չդադարեցին, Կառավարությունն անգամ 40 երկրների ներկայացուցիչների հրավիրեց գործարանի տարածք, նրանք լուսանկարեցին կրակոցների հետքերը, Եվրամիության դիտորդները դիտարկումներ սկսեցին անել նաև Երասխի տարածքից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երասխ են այցելել դեսպաններ, ռազմական կցորդներ. գործարանի աշխատակիցները, սակայն, այցից որևէ ազդեցություն չեն ակնկալում«Սա դասական հիբրիդային պատերազմ է»
«Այո, ստացվում է, որ Ադրբեջանը ղեկավարը առնվազն Հայաստանի սահմաններից մեկ-երկու-երեք կիլոմետր խորությամբ կարող է որոշել, թե ինչ պետք է տեղի ունենա, ինչ պետք է տեղի չունենա, ինչ պետք է կառուցվի, ինչ չպետք է կառուցվի, և ընդհուպ մինչև ուժային կարգավորման կարող է գնալ իր ուզեցածը կամ իր առջև դրած նպատակին հասնելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ շարունակելով. - «Այս իրավիճակից կարելի էր և պետք էր խուսափել, սա դասական օրինակն է անպատասխանատու վարչարարության, որին մենք բազմիցս ենք, ըստ էության, բախվել»:
Քաղաքագետի կարծիքով՝ Ալիևը հասել է իր նպատակին, և միամտություն է կարծել, թե մեկ այլ գործարանի կառուցման դեպքում էլ Ալիևը բնապահպանական վտանգի կամ այլ խնդրի մասին չի հայտարարի։
«Բնականաբար, սա ճնշում է, սա փորձ է՝ կասեցնելու Հայաստանի տնտեսական զարգացումը, Հայաստանում ներդրումների անվտանգության վրա ստվեր գցելը: Սա դասական հիբրիդային պատերազմ է, հիբրիդային հարվածներ են Հայաստանին: Մեր խնդիրը պետք է լինի՝ ա) հնարավորինս ճիշտ կառավարել ներդրումներն ու տնտեսական հոսքերը, որոնք գալիս են Հայաստան, և առկա պայմաններում ամենաանվտանգ պայմանները նրանց համար ստեղծել, և երկրորդը՝ անհրաժեշտության պարագայում վճռականորեն պաշտպանել այդ ներդրումները և տնտեսական շահերը, տնտեսական ակտիվությունը»:
Դեռ հունիսին «Ազատություն»-ը հետաքրքրվել էր, թե ինչու էին սեփականատերերը որոշել գործարանը կառուցել դիրքերից ընդամենը 500 մետր հեռավորության վրա, պատասխանել էին, որ ցանկացել են կենտրոնանալ սահմանամերձ համայնքի զարգացման վրա, ինչը, փաստորեն, չստացվեց ադբեջանական ագրեսիայի պատճառով։
Մինչ այդ, փաստաթղթերից դատելով՝ ընկերությունը պատրաստվում է մինչև այս տարվա վերջ ավարտել գործարանի կառուցումը արդեն Արարատ գյուղում՝ խոստանալով տարիների ընթացքում ստեղծել մինչև 500 աշխատատեղ, վերամշակել սև մետաղի ջարդոն, հետագայում արտադրել մետաղական կոնստրուկցիաներ։