Զինծառայող Միքայել Դանիելյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդման՝ նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից։
Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)։
Կոմիտեն նշում է, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ։
«Կատարվում է նախաքննություն: Իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր գործողությունները՝ զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով», - ասված է հաղորդաագրությունում։
Երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 11:30-ի սահմաններում, զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Սա երեկ զինվորի մահվան երկրորդ դեպքն էր ԶՈՒ-ում․ ավելի վաղ էլ նախարարությունը հաղորդել էր, որ վաղ առավոտյան զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով, այս գործով ձերբակալվել է ժամկետային զինծառայող:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Անհրաժեշտ են հետևողական միջոցառումներ՝ կարգապահության բարձրացման ուղղությամբ»․ Փաշինյանը հանձնարարականներ է տվել