Բանակում ոչ մարտական պայմաններում օգոստոսին 6 զինծառայող է մահացել, նրանցից 3-ը միայն վերջին 3 օրերին։ Պաշտոնապես գրեթե բոլոր մահերը որակվել են ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել։ Միայն օգոստոսի 26-ի դեպքն է նախնական վարկածով հոսանքահարություն որակվել։ Երեկվա մահերն էլ, ըստ իրավապահների՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու ու սպանության հետևանք են։
Արտյոմ Արայի Հայկազյանի և Արմեն Հայկի Խաչատրյանի մահվան պատճառը, նախնական պաշտոնական վարկածով, միջանձնային, ոչ կանոնադրական հարաբերություններն են։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Արտյոմ Հայկազյանը երեկ ինքնաձիգով սկզբում ծառայակցին է սպանել, հետո էլ ինքնասպան է եղել։
«Օգոստոսի 27-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում դիտորդ զինծառայող Ա․ Հ․-ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում», - հաղորդում է Քննչական կոմիտեն՝ առանց այլ մանրամասների։
Գերատեսչությունից միայն հայտնում են, որ զինծառայողների մահվան հանգամանքները պարզելու համար քննություն են իրականացնում։
Ժաննա Ալեքսանյանը մահերի նման վիճակագրությունն աննախադեպ է որակում
«Ընդհանրապես ինձ համար անհասկանալի է՝ ով է ղեկավարում բանակը: Ես տպավորություն ունեմ, որ բարձրագույն հրամանատարական կազմ գոյություն չունի», - ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Տարեսկզբից խաղաղ պայմաններում արդեն 5 տասնյակից ավելի մահ է գրանցվել, դրանցից միայն 13-ն են հրադադարի խախտման հետևանք։
Տարիների շարունակ բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը մահերի նման վիճակագրությունն աննախադեպ է որակում, հայտարարում՝ նման իրավիճակում պատասխանատուներն, առաջին հերթին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պետք է հրաժարական տար, հատկապես Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի մահից հետո։
«Սա աննախադեպ է, նախկինների ժամանակ չի եղել այսպիսի բան: Տեսնո՞ւմ եք, նա ոչ խոսում է ու հայտնի չի ինքն ընդհանրապես գոյություն ունի, գոյություն չունի, ինչ են անում, ինչն են բարեփոխում ու լավ կլինի շեֆի հետ միասին հեռանա», - նշեց Ալեքսանյանը:
Իրավապաշտպանը համոզված է՝ խաղաղ պայմաններում զինծառայողների մահերի ավելացման պատճառը բանակում տիրող անպատժելիության մթնոլորտն է։ Ալեքսանյանն ասում է՝ որպես կանոն միայն շարքային զինծառայողներն են պատժվում։
«Վերահսկողության իսպառ բացակայություն է, պատճառը զորամասերի հրամանատարական կազմերի ամենաթողությունն է, նրանց երբեք ոչ ոք չի պատժում: Նախորդ դեպքը, որ Արարատի Զոդում մի օրվա մեջ 2 զինվորի ինքնասպանություն են հայտարարել, բայց հրամանատարն իրա համար ման է գալիս, պատժվում են սովորական շարքային ժամկետային զինծառայողները», - ասաց իրավապաշտպան Ալեքսանյանը:
Իրավապաշտպանը պնդում է՝ Քննչական կոմիտեն դեպքերի մեծ մասն այդպես էլ չի բացահայտում, նախնական վարկածն էլ՝ դատավճիռ է դառնում. - «Նոլոր դեպքերը ինքնասպանություն որակված, որոնք մեր ուսումնասիրության տակ են եղել, մոտ երեք տասնյակի չափ, այս տարիների ընթացքում որևէ մեկը չի եղել ինքնասպանություն, և չկա մի դեպք, որ Քննչական կոմիտեն փոխի իր վարկածը: Կամ եթե հենց առաջին օրն ասում են՝ ինքնասպան ու տենց էլ մինչև քննության վերջը, ինչ ապացույց ուզում ես բեր, իրենք չեն հրաժարվում իրենց առաջ քաշած վարկածից»:
Ըստ Ալեքսանյանի՝ միայն այս՝ կրկնվող դեպքերը, որ պաշտոնապես որպես կանոն հիմնականում որակվում են ինքնասպանություն, փաստում են՝ բանակում բարեփոխումների ի սպառ բացակայության կամ դրանց արտաքուստ՝ ձևական լինելու մասին։
Սաքունցը խաղաղ պայմաններում մահերի պատճառը նաև Զինված ուժերի բարեփոխումների հետ է կապում
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ խաղաղ պայմաններում մահերի պատճառը նաև Զինված ուժերի բարեփոխումների հետ է կապում։ Նա դրանք ուշացած ու ոչ համարժեք է համարում հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։
«Բարեփոխումների ապահովման կարևորագույն գրավական է հանդիսանում կայունացնել, ջանքեր գործադրել, որ այս պահին զինվորական ծառայությունը կազմակերպումն է, զինվորական կարգապահությունն է, ապահովված լինի, որպեսզի մենք չունենանք մարդկային կորուստներ: Դա է գրավականը, որ բարեփոխումներն ունենան արդյունավետություն, եթե այդ ուղղությամբ անգամ քայլեր են տարվել: Սա է ամբողջ իրավիճակը և դրա ողբերգական հետևանքները», - ընդգծեց Սաքունցը:
Բանակի ղեկավարության ու պետության համար խաղաղ պայմաններում բանակում շարունակվող մահերը պետք է օրակարգի առաջնային խնդիր դառնան: Ըստ իրավապաշտպանի՝ հրատապ քայլերի անհրաժեշտություն կա։
«Հրատապ է պահանջվում: Մեկ զորամասում եթե երկու մահացության դեպք է լինում, ապա այդտեղ հրամանատարը կորպուսի, անմիջական հրամանատարը, ի վերջո, այստեղ քննության առարկա պետք է դառնա ոչ միայն պատասխանատվության ենթարկելու, այլ նաև փոփոխություններ կատարելու տեսակետից: Մենք չենք տեսնում դա», - ասաց Արթուր Սաքունցը:
Վերջին մեկ ամսում զինծառայողի մահվան համար առայժմ մեկ դեպքում է վերադասին մեղադրանք առաջադրվել։ Զինծառայող Գրանիկ Խնկոյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետին։ Նրան տնային կալանք է տրվել։ Ըստ Քննչական կոմիտեի՝ զինվորականը զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող գործողություններ է արել` համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելով։
Գերատեսչությունն այսօր էլ հայտնեց՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով քրեական վարույթ է հարուցվել 2 օր առաջ նախնական վարկածով հոսանքահարված Շավարշ Ակինյանի մահվան համար։ Ձերբակալվածների կամ կասկածյալների մասին չի հաղորդվել։