«Անհրաժեշտ են հետևողական միջոցառումներ՝ կարգապահության բարձրացման ուղղությամբ»․ Փաշինյանը հանձնարարականներ է տվել

Լուսանկարը՝ վարչապետի գրասենյակի

Անհրաժեշտ է շարունակական և հետևողական միջոցառումներ իրականացնել՝ կարգապահության բարձրացման ուղղությամբ, այսօր Պաշտպանության նախարարությունում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Զինված ուժերում առկա խնդիրներին, ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Վարչապետը պատասխանատուներին կոնկրետ հանձնարարականներ է տվել։

Երեկ մեկ օրվա ընթացքում մահվան երկրորդ դեպքը գրանցվեց ԶՈւ-ում․ զորամասի մարտական դիրքում առավոտյան հայտնաբերվեց պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով, գործով ձերբակալվեց ժամկետային զինծառայող, ժամեր անց էլ հաղորդվեց, որ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Երկու դեպքով էլ քրեական վարույթ է նախաձեռնվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պետք է անել ամեն հնարավորը՝ նմանօրինակ դեպքերը բացառելու համար»․ ԶՈՒ ԳՇ պետ

Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարություն էր այցելել՝ գերատեսչության 2023-ի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Ըստ վարչապետի գրասենյալի՝ քննարկվել են նաև ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման, զորանոցաշինության, նորագույն սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման, զորքերի մարտունակության և կարգապահության ամրապնդման, զինանձնակազմի մարտական պատրաստության որակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բանակը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար»