Ռուսական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքներին

Ուկրաինա - Հրթիռակոծության հետևանքները Խարկովի շրջանի Զմիիվ բնակավայրում, 8-ը հունվարի, 2024.

Ռուսական ուժերն այս գիշեր ու առավոտյան կրկին ռմբակոծել են ուկրաինական քաղաքները, այդ թվում՝ «Կինժալ» գերհզոր հրթիռներով։ Հարվածի տակ էին Խարկովը, Օդեսան, Կրիվոյ Ռոգը, Ժիտոմիրը,Դնեպրը։ Առնվազն չորս մարդ զոհվել է, մոտ 40-ը՝ վիրավորվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չորս քաղաքացիական զոհ՝ Ուկրաինային հասցված նոր հարվածների հետևանքով

Հանգստյան օրերին ռուսական զորքերը հրթիռակոծել են Դոնեցկի մարզի Պոկրովսկի շրջանը: Զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա։

Ուկրաինական կողմը հայտնում է, թե այսօր երկրի հարավում կարողացել է խոցել բոլոր ութ անօդաչու թռչող սարքերը, սակայն 51 հրթիռներից ուկրաինական կողմը կարողացել է խոցել միայն 16-ը։

Դեռ որքան կկարողանա դիմադրել ուկրաինական հակաօդային պաշտպանությունը 2023-ի տարեվերջից սկսված ամենօրյա ինտենսիվ այս հարձակումներին՝ հայտնի չէ: Սա կախված կլինի նաև արևմտյան, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների օգնությունից։ Ուկրաինացի առաջնորդները շարունակում են անհանգստություն հայտնել արևմտյան գործընկերների տևական օգնության ճակատագրի վերաբերյալ:

Սպիտակ տունը 61,3 միլիարդ դոլար է խնդրում Կոնգրեսից Կիևին օգնելու համար։ Հանրապետականները հրաժարվում են համաձայնել այս տրանշի շուրջ, առանց լրացուցիչ միջոցներ հատկացնելու ներքին խնդիրները լուծելու, մասնավորապես՝ Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանի ամրապնդման համար:

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայքլ Ջոնսոնը CBS-ին տված հարցազրույցում ասել է՝ ամերիկացիները պետք է հասկանան, թե ինչի համար են ծախսում այս գումարը. - «Ո՞րն է մեր ռազմավարությունը, ո՞րն է նպատակը։ Ինչպե՞ս ենք մենք պատշաճ վերահսկողություն իրականացնելու հարկատուների այս դոլարների նկատմամբ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 1,6 տրիլիոն դոլար դաշնային բյուջեի շուրջ

Ու մինչ Վաշինգտոնում Ուկրաինային օգնության շուրջ քննարկումները դեռ շարունակվում են, Կիևի երկու այլ դաշնակից այսօր արդեն հստակ հայտարարել են՝ օգնությունը շարունակվելու է:

«Ճապոնիան վճռական է՝ աջակցելու Ուկրաինային, որպեսզի խաղաղությունը վերադառնա Ուկրաինա», - Կիև կատարած անսպասելի այցի ժամանակ ասել է Ճապոնիայի արտգործնախարար Յոկո Կամիկավան: Նա առաջին արտասահմանցի պաշտոնյան է, որ այցելել է Կիև 2024-ին։ Ընդ որում, նրա և Դմիտրի Կուլեբայի համատեղ մամուլի ասուլիսն օդային հարձակման ահազանգի պատճառով անցել է ապաստարանում:

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ արտահայտել իմ ջերմ հարգանքը ռուսական ագրեսիայի դեմ միահամուռ կանգնած ուկրաինացի ժողովրդին քաջության և տոկունության համար։ Ճապոնիան վճռական է՝ շարունակելու աջակցել ուկրաինացիներին, քանի դեռ չի վերականգնվել խաղաղությունն իրենց գեղեցիկ երկրում», - հայտարարել է Կամիկավան:

Նրա խոսքով՝ Ճապոնիան լրացուցիչ 37 միլիոն դոլար կտրամադրի ՆԱՏՕ-ի հիմնադրամին՝ անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման համակարգեր գնելու համար:

Միևնույն ժամանակ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմը Ստոկհոլմի պաշտպանական համաժողովում ասել է, որ առաջիկա տարիներին երկրի արտաքին քաղաքական ջանքերի հիմնական նպատակը կլինի Կիևին աջակցելը:

«Շվեդիայի ռազմական, քաղաքական և տնտեսական աջակցությունն Ուկրաինային մնում է Շվեդիայի կառավարության հիմնական արտաքին քաղաքականության խնդիրը առաջիկա տարիներին», - միջոցառման ժամանակ գրել է Բիլստրյոմը սոցիալական ցանցերում:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեսագրված ելույթում ասել է, թե վստահ է, որ Ռուսաստանը կարող է պարտություն կրել։