Երեքշաբթի օրը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Իսրայելի անօդաչու թռչող սարքի հարվածից սպանվել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի փոխղեկավար Սալեհ ալ-Արուրին, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով լիբանանյան և պաղեստինյան անվտանգության աղբյուրները։
Ըստ Reuters-ի՝ 57-ամյա Արուրին ծայրահեղական «Համաս»-ի առաջին բարձրաստիճան առաջնորդն էր, ով սպանվեց խմբավորման դեմ Իսրայելի գրեթե երեք ամիս առաջ մեկնարկած ջախջախիչ օդային և ցամաքային հարձակումից հետո։ Աղբյուրը նախազգուշացնում է պատերազմի տարածման վտանգի մասին։
«Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլան նախազգուշացրել է Իսրայելին, որ Լիբանանում որևէ սպանություն արժանանալու է «խիստ արձագանքի»:
Երեքշաբթի օրը «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ Արուրիի սպանությունից հետո Մարջի մերձակայքում հրթիռային հարվածներ է հասցրել իսրայելցի զինվորների ուղղությամբ։
Իսրայելը երկար ժամանակ մեղադրում էր Արուրիին իր քաղաքացիների դեմ մահաբեր հարձակումների համար։
Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան «Համաս»-ի զինյալները Գազայի գոտուց սկսել են հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյական բնակավայրերի վրա: Իսրայելի ղեկավարները հայտարարել են, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»: Իսրայելը պատասխան գործողությունների է դիմել և հայտարարել է, որ կհաղթի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ իսրայելական հեռուստատեսության՝ Թուրքիայում հանդիպել են «Համաս»-ի ղեկավարները