Հայ Առաքելական եկեղեցու և գործող իշխանության միջև տարաձայնությունների ֆոնին Հանրային հեռուստաընկերությունն ի տարբերություն նախորդ տարիների երեկ կեսգիշերից առաջ չհեռարձակեց Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը:
Տասնամյակներ շարունակ Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ելույթին նախորդում էր կաթողիկոսինը: Երեկ ուշ երեկոյան, երբ համացանցում լուրեր շրջանառվեցին, որ Հանրայինը եթեր չի հեռարձակի Վեհափառի ուղերձը, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը պարզաբանեց՝ հեռուստաընկերությունից առաջարկել են այն ներկայացնել «Լուրեր»-ի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը «Մայր Աթոռը պատշաճ չի համարել և մերժել է»:
«Անկախության պատմության ողջ ընթացքում, դեռևս Վազգեն Ա Հայրապետի ժամանակաշրջանից, ավանդաբար Հանրային հեռուստաընկերության եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ հեռարձակվում էր Ազգիս Վեհափառ Հայրապետի ուղերձը։ Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր», - ասված է հաղորդագրությունում։
Հանրային հեռուստաընկերությունը տեղի ունեցածի վերաբերյալ որևէ պարզաբանում չներկայացրեց: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանից: Սակայն թե՛ նա, թե՛ հանրային կապերի տնօրենը անպատասխան թողեցին մեր զանգերն ու նամակները:
Ու մինչ Հանրայինից լռում են, համացանցում սա այսօր ամենաակտիվ քննարկվող թեման է, ոմանք հիշեցնում են, որ Հայաստանը աշխարհիկ պետություն է, ոմանք խնդիր ունեն կաթողիկոսի անձի հետ, իսկ բացատրություն պահանջող որոշ քաղաքացիներ կարծիք են հայտնում, թե այդ որոշման հետևում իշխանությունն է։
Արդյո՞ք կառավարությունից Հանրայինը նման հրահանգ ստացել է, վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակից այս հարցի պատասխանը ստանալ չհաջողվեց:
Փորձեցինք նաև պատահական անցորդների կարծիքը ճշտել։
«Երևի մի բան պատահել ա, երևի իրար բան են արել, թույլ չի տվել, որպեսզի ելույթ ունենա կաթողիկոսը», - ասաց քաղաքացիներից մեկը։
«Ես մտածում եմ, որ ավելի ճիշտ էր հրապարակեին, ամեն դեպքում մեր հոգևոր առաջնորդն է», - նշեց մեկ այլ քաղաքացի։
Ի դեպ, կաթողիկոսի ելույթը ոչ միայն չի հեռարձակվել, այլ նաև չի տեղադրվել Հանրայինի լրատվական ծառայության «Յութուբ»-ում և կայքում: Գլխավոր էջում են վարչապետի, նրա աշխատակազմի ղեկավարի, նախագահի, Ազգային ժողովի նախագահի, պաշտպանության նախարարի, Երևանի քաղաքապետի ուղերձները։
Իսկ Հանրայինով այդպես էլ չհեռարձակված ուղերձում կաթողիկոսն անդրադարձել էր Արցախի բռնազավթմանը և հայաթափմանը:
«Հոգածու սիրով շրջապատենք Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, նրանց մեջ առատացնենք հույսը, որ երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը, և զորեղ մնա հավատն առ Աստված։ Աջակից լինենք կարիքավորներին ու նեղյալներին և Բարձրյալի օգնականությունը հայցենք անհայտ կորած և գերյալ մեր զավակներին ու նրանց ընտանիքներին», - նշել է Գարեգին Բ-ն։
Վարչապետն իր ուղերձում թեև ներողություն խնդրեց արցախցիներից, բայցև շեշտեց.- «Ներողություն խնդրում եմ ոչ այն պատճառով, որ ձեր առաջ որևէ հանցանք եմ գործել կամ թեկուզ մեկ ակնթարթ մոռացել ձեր առաջ ունեցած որևէ պատասխանատվություն կամ պարտավորություն, այլ որովհետև գիտեմ, թե ինչ եք զգում և նույնը զգում եմ ես: Բայց այս զգացումը որևէ կերպ չի կարող սասանել պետության ղեկավարի իմ պարտքը, որից բխում է, որ իմ բոլոր որոշումներն ու գործողությունները պետք է բխեն Հայաստանի Հանրապետության պետական շահից»։
Առաքելական եկեղեցու և իշխանության հարաբերությունները լարվեցին 44-օրյա պատերազմից հետո, երբ կաթողիկոսը հորդորեց վարչապետ Փաշինյանին հրաժարական տալ։ Դրանից հետո որոշ բարձրաստիճան հոգևորականներ սկսեցին մասնակցել նույնը պահանջող ընդդիմության ցույցերին։
Կաթողիկոսն ու վարչապետը մի քանի տարի է համատեղ միջոցառումների չեն մասնակցում, մինչդեռ, օրինակ, 2019-ի դեկտեմբերի 30-ին միասին մարտական դիրքեր էին այցելել։
Մայր աթոռը հրապարակավ դժգոհել է նաև Հայոց եկեղեցու պատմությունը դպրոցական առարկաների ցանկից հանելուց։ Իշխանության ներկայացուցիչները սովորաբար կոշտ են արձագանքում եկեղեցուն։