Գյումրիի ավագանու պատմության մեջ առաջին անգամ այսօր չհաստատվեց հաջորդ տարվա բյուջեն։ «Բալասանյան դաշինքի» հետ երկու տարի իշխանությունը կիսած, բայց վերջերս արդեն ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Քաղաքացիական պայմանագիրը» կոշտ քննադատեց ավագանու հաստատմանը ներկայացված 5.7 միլիարդ դրամի բյուջեն։
«Բյուջեի մասին նախագիծն իրենից չի ներկայացնում մի փաստաթուղթ, որը պետք է լուծեր համայնքի առջև ծառացած առաջնային խնդիրները, մասնավորապես թափառող շների հարցը, որ, ինչպես ցույց է տալիս փաստաթուղթը, 2024 թվականին ևս չի լուծվելու, և մեր քաղաքի բնակիչները շարունակելու են ահ ու դողով քայլել փողոցներով, բակերով, մեր երեխաները հաչոցների ու հարձակումների ներքո շարունակելու են գնալ դպրոց և մանկապարտեզ», - ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։
«Այս խնդրի շարունակական կոծկումը և լուծումների բացակայությունը խոսում է առնվազն կամքի բացակայության մասին, այն մասին, որ քաղաքապետարանի կառավարող թիմը այլ նպատակներ է հետապնդում կամ կոմպետենտ չէ լուծել օրհասական խնդիրները», - հավելեց նա։
Գյումրի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հակադարձեց. - «Քանի որ 24 թվականի համար է նախատեսված դոտացիայի ավելացումը, մենք հաշվետվություն կներկայացնենք, թե տվյալ գումարով որքան աշխատանքներ ենք իրականացնելու մեր համայնքում»։
Քվեարկությունից հետո էլ կրքերը չհանդարտվեցին։ Համայնքապետը ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը վեճի բռնվեցին։
Բյուջեն կրկին քննարկելու համար պետք է արտահերթ նիստ նշանակվի։ Ի դեպ, իշխող «Բալասանյան» դաշինքին այսօրվա քվերակությունների ժամանակ աջակցում էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականը, սակայն պահանջվող 17 կողմ ձայն հավաքելը շատ հարցերում չհաջողվեց։
ՔՊ-ն մեծամասամբ դեմ էր քվեարկում կամ ձեռնպահ, մեկ-երկու հարցի կողմ արտահայտվեցին, օրինակ, որ համայնքապետի աշխատավարձը բարձրանա 15 տոկոսով, դրա հաստատումից էր կախված նաև համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձի բարձրացումը։
Մի քանի շաբաթ առաջ խզելով «Բալասանյան դաշինքի» հետ կոալիցիոն հուշագիրը՝ ՔՊ-ն մեղադրել էր, թե Գյումրիի կառավարումը արդյունավետ չէ, քաղաքը ստվերային կառավարիչ ունի, բայց այդպես էլ չէր հստակեցրել՝ արդյոք նախկին քաղաքապետ, քաղաքի ներկայիս ղեկավարի ազգական Սամվել Բալասանյանին նկատի ուներ։ ՔՊ-ական երկու փոխքաղաքապետերն էլ հրաժարական էին տվել։ Այսօր նորերը նշանակվեցին՝ ավագանու անդամ Լուսինե Սանոյանը, որը նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի զարմուհին է, և Սուրեն Ջանոյանը, որը նախկինում համակարգում էր բնակկոմունալ բաժինը։