Ռուսները հարվածել են Խերսոնի երկաթուղային կայարանին

Ուկրաինա - Ռուսների հարվածին ենթարկված երկաթուղային կայարանը, Խերսոն, 27-ը դեկտեմբերի, 2023թ.

«Լեյտենանտը վճռական գործողություններով շատերին է փրկել»

Ռուսական ուժերն այսօր վաղ առավոտյան հարված են հասցրել Խերսոնի երկաթուղային կայարանի շենքին, որտեղ խաղաղ բնակիչներ են եղել: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի փոխանցմամբ՝ հարվածի պահին կայարանում գնացքով տարհանման են սպասել 140 խաղաղ բնակիչներ:

Խերսոնի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեքսանդր Պրոկուդինը հաղորդել է, որ հարվածից զոհվել է կայարանում հերթապահող ոստիկանության 29-ամյա լեյտենանտ, 1 և 5 տարեկան երեխաների հայր Իգոր Միսյունյան, ով կարգավորում էր բնակիչներին գնացքում տեղավորելու ընթացքը:

Նախարար Կլիմենկոյի խոսքով՝ մարդկանց տարհանման համար պատասխանատու լեյտենանտը կայարանում իր արագ վճիռներով ու գործողություններով շատերի կյանքն է փրկել:

Եվս երկու մարդ վիրավորվել է: Հարվածից վնասվել են Խերսոնի կայարանի շենքը, երկաթգծի հատվածներ և շարժակազմը: Բնակիչներին Նիկոլաև ավտոբուսներով են փոխադրել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական ուժերը անօդաչուներով զանգվածային հարվածել են Ուկրաինայի հարավային շրջաններին

Ռուսները Խերսոնի կորստի հետ չեն մերվում

Ռուսները Խերսոն են մտել 2022 թվականի փետրվարի 24-ին մեկնարկած պատերազմի առաջին օրերին՝ մարտի 2-ին, սակայն նոյեմբերի 11-ին ուկրաինացիները կարողացել են այն ետ վերցնել:

Դա համարվում է առայսօր Կիևի ամենալուրջ ռազմական հաջողությունը և ռուսների ամենալուրջ ռազմական ձախողումն այս դաժան պատերազմի ընթացքում:

Ռուսները դրա հետ չեն մերվում։ Նրանք հիմա դիրքավորվել են Դնեպրի ձախ ափին և այնտեղից գրեթե անդադար հարվածների են ենթարկում քաղաքը: Ռուսների թիրախում են նաև այլ բնակավայրեր:

Անցած գիշեր ռուսները «Շահեդ» տեսակի իրանական արտադրության 46 անօդաչուներով են հարվածել ուկրաինական քաղաքներին: Ուկրաինացիները դրանցից 32-ը խոցել են, սակայն 14-ը թիրախներին են հասել, Օդեսայի շրջանում մի 35-ամյա տղամարդ է զոհվել, կան վիրավորներ:

Ռուսներն ասում են, թե հիմա իրենց մարտավարությունն է՝ ամբողջ ռազմաճակատի գծով աստիճանաբար հզորացնել ճնշումն ու հետևողականորեն, թեկուզ դանդաղ քայլերով հասնել նպատակներին:

«Նովոչերկասկ»-ը համալրել է ռուսների անդրջրյա նավատորմը»

Ուկրաինական կողմն էլ իր նվաճումներով է հպարտանում: Դրանցից մեկը «Նովոչերկասկ» ռազմանավին հասցրած հուժկու հարվածն է:

«Տպավորիչ կադրեր են, հզոր հարձակողական ռազմանավ է ոչնչացվել, այն համալրել է ռուսական անդջրյա նավատորմը, որի կազմում «Մոսկվա»-ն է»,- ասել է Ուկրաինայի օդուժի խոսնակ Յուրի Իհնատը:

Ուկրաինացիները «Մոսկվա» հածանավը հրթիռներով խոցել են 2022 թվականի ապրիլին, և մի քանի ժամ անց այն խորտակվել է Սև ծովում:

«Նովոչերկասկ» դեսանտային նավը խարիսխ էր գցել բռնակցված Ղրիմում՝ Թեոդոսիայի նավահանգստում։

Ըստ ռուսական հեռագրային ալիքների՝ հարվածի պահին նավի վրա եղել է 77 նավաստի։ Կան առնվազն մեկ զոհ, մի քանի վիրավորներ և 33 անհետ կորած համարվողներ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, չմանրամասնելով, հայտնել է, որ նավը հարվածի է ենթարկվել և վնասվել է: Այդ նավը, կարելի է ասել, «բախտավոր» չէ: 2022 թվականի մարտի 24-ին այն հարձակման է ենթարկվել մեկ այլ նավահանգստում՝ օկուպացված Բերդյանսկում, ինչից հետո հաղորդվել է առնվազն երեք նավաստիների հուղարկավորության մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական օդուժը ռուսական ռազմանավ է խոցել, ռուսները ցամաքով առաջ են շարժում

Մոսկվան նախազգուշացնում է Տոկիոյին

Ենթադրվում է, որ ուկրաինացիները Storm Shadow տեսակի հրթիռ են կիրառել: Ռուսներն ընդունում են, որ Storm Shadow-ն վտանգավոր հրթիռ է, և խիստ նյարդայնանում են, երբ Ուկրաինան դրսից զենք է ստանում՝ պաշտպանական թե հարձակողական:

Ահա այսօր ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան նախազգուշացրել է Տոկիոյին, որ Patriot տեսակի ՀՕՊ համակարգի հրթիռների տրամադրումը Կիևին կարող է լուրջ հետևանքներ ունենալ Ճապոնիայի համար:

«Չի բացառվում, որ Patriot-ների փոխանցումը կիրականացվի արդեն գործարկված տարբերակով, որով զինամթերքը հասնում է Ուկրաինա: Այդ կապակցությամբ ուզում ենք նախազգուշացնել, որ եթե ճապոնական հրթիռները հայտնվեն ուկրաինացի զինծառայողների ձեռքում, ապա նման գործողությունները Ռուսաստանի Դաշնության կողմից միանշանակ կդիտարկվեն որպես թշնամական, ռուս-ճապոնական երկկողմ հարաբերությունների համար դրանից բխող հետևանքներով», - ասել է Զախարովան:

Your browser doesn’t support HTML5

Ռուսները հարվածել են Խերսոնի երկաթուղային կայարանին