«Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մահը ավիավթարի ժամանակ սպանություն էր, որը կազմակերպել էր Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պնդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով արևմտյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներին և Ռուսաստանի հետախուզության նախկին աշխատակցին։
Ամերիկյան պարբերականը, հղում անելով իր զրուցակիցներին, գրում է՝ օգոստոսի 23-ին «Շերեմետևո» օդանավակայանում փոքր ռումբ է տեղադրվել Պրիգոժնի մասնավոր Embraer-135 ինքնաթիռի թևի տակ: Թռիչքից կես ժամ անց ինքնաթիռը կործանվել է Տվերի մարզում։ Տասը մարդ, այդ թվում՝ Կրեմլի դեմ ապստամբած Եվգենի Պրիգոժինը դարձել են ավիավթարի զոհ։ Ականատեսները պնդում են, որ ինքնաթիռում պայթյուն է տեղի ունեցել։
Կրեմլի խոսնակն այսօր հայտարարել է, թե չի ցանկանում նման կեղծ ենթադրություններ մեկնաբանել. - «Մենք տեսել ենք այս նյութը, բայց չենք ցանկանա մեկնաբանել այն։ Դե, քանի որ նման նյութերը դժվար է մեկնաբանել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչի՞ց և ինչպե՞ս է կործանվել Պրիգոժինի մասնավոր ինքնաթիռը. ավիավթարի մասին հարցերն ավելի շատ են, քան պատասխաններըՎաշինգտոնում կարծում են, որ ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, պայթեցվել է թռիչքի ժամանակ։ Պարբերականը նշում է նաև, որ տարածքը, որտեղ ընկել էին բեկորները, մաքրվել է բուլդոզերով, ինչը հակասում է միջազգային նորմերին։
The Wall Street Journal-ի զրուցակիցների խոսքով՝ Պատրուշևը սկսել է Պուտինին զգուշացնել Պրիգոժինի աճող ազդեցության մասին դեռ անցած տարվա ամռանը։ Սակայն Ռուսաստանի նախագահը անտեսել է այդ զգուշացումները, հատկապես, որ «Վագներ»-ի վարձկանները հաջողության էին հասնում ուկրաինական պատերազմում։
Ռուսական հետախուզության նախկին աշխատակիցը պնդում է, որ ամեն ինչ փոխվել է 2022 թվականի հոկտեմբերին, երբ Պրիգոժինը սկսել է հրապարակավ չափազանց կոշտ քննադատել Ռուսաստանի զինվորական ղեկավարությանը։ Հետո էլ Պրիգոժինը, պարբերականի զրուցակցի պնդմամբ, զանգահարել է Պուտինին և բողոքել զինամթերքի պակասից։ Այս զրույցը, իբր, լսել է Պատրուշևը և համոզել Պուտինին դադարեցնել շփումները Եվգենի Պրիգոժինի հետ, ով, ըստ Անվտանգության խորհրդի քարտուղարի, դարձել էր վտանգավոր և այլևս չէր ընդունում Կրեմլի հեղինակությունը։
WSJ-ը նշում է, որ 2022-ի դեկտեմբերին «պարզ դարձավ, որ Պատրուշևը հաղթել է»։ Պուտինը անտեսում էր ինչպես Պրիգոժինի հրապարակային կոչերը, այնպես էլ զինամթերքի պակասի մասին հայտարարությունները։
2023 թվականի հունիսի 23-ին Եվգենի Պրիգոժինը ապստամբեց։ Պարբերականը պնդում է, որ Պատրուշևն այդ օրերին «իր ձեռքն էր վերցրել իշխանությունը»։ Ըստ The Wall Street Journal-ի՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը բազմաթիվ հեռախոսազանգեր է կազմակերպել և փորձել համոզել «Վագներ»-ի ղեկավարին դադարեցնել ապստամբությունը: Այդ օրերին Պատրուշևը զանգել է նաև Եվգենի Պրիգոժինին համակրող սպաներին։ Ինքը՝ Պրիգոժինը, չի պատասխանել Կրեմլի զանգերին, գրում է պարբերականը։ Ի դեպ, Բելառուսի նախագահը նույնպես ասել էր, թե Կրեմլն իրեն բողոքել է, որ ապստամբության օրերին Պրիգոժինը զանգերին չէր պատասխանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակաահաբեկչական գործողություններ Ռուսաստանում. Կրեմլը մեղադրում է Պրիգոժինին ռազմական հեղաշրջման մեջՊատրուշևը զանգահարել է նաև Ալեքսանդր Լուկաշենկոյին և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին. նա միջնորդներ էր փնտրում առճակատումը կանխելու համար։ WSJ-ի զրուցակիցները պնդում են, որ Տոկաևը հրաժարվել է զորք ուղարկել Մոսկվա, եթե հանկարծ «Վագներ»-ի զինյալները հասնեին Ռուսաստանի մայրաքաղաք։ Պատրուշևի խնդրանքով՝ Կրմելի և Պրիգոժինի միջև միջնորդի դերը ի վերջո ստանձնել է Լուկաշենկոն։ Արդյունքում Պրիգոժինը հրաժարվել է դեպի Մոսկվա երթից և հեռացել Բելառուսի տարածք։
Ըստ ռուսական հետախուզության նախկին աշխատակցի, օգոստոսի սկզբին, երբ «Վագներ»-ի խռովությունն արդեն ավարտված էր, և վարձկանների ղեկավարը պետք է «գնար» Բելառուս, Պատրուշևը հրամայել է իր օգնականին սկսել նախապատրաստել «Պրիգոժինին վերացնելու» գործողությունը։ Արևմտյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները պնդում են, որ Պուտինին հետագայում ցույց են տվել այդ ծրագիրը, և նա չի առարկել։
Կրեմլը նախկինում էլ, հիմա էլ կտրականապես հերքում է իր կապը Պրիգոժինի մահվան հետ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «բացարձակ սուտ» է անվանել այն պնդումները, թե իբր Պուտինն անձամբ է Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռը կործանելու հրաման տվել։
Հոկտեմբերին ելույթ ունենալով «Վալդայ» ակումբում՝ Պուտինն ասել էր, որ փորձագետները զոհված ինքնաթիռի ուղևորների մարմիններում ձեռքի նռնակների բեկորներ են հայտնաբերել։
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երթևեկության անվտանգության կանոնները խախտելու հոդվածով, սակայն մինչ օրս Պրիգոժինի ինքնաթիռի կործանման պատճառների պաշտոնական վարկածը չի հրապարակվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը սպանվել է Կրեմլի հրամանով. Զելենսկի