Մատչելիության հղումներ

«Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը սպանվել է Կրեմլի հրամանով. Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը սպանվել է Կրեմլի հրամանով։

«Պուտինն է սպանել Պրիգոժինին։ Համենայն դեպս, մենք նման տեղեկություն ունենք», - ասել է այսօր Ուկրիանյաի նախագահը։

Ավելի վաղ՝ օգոստոսի 24 ին Զելենսկին հայտարարել էր, թե Ուկրաինան Պրիգոժինի օդանավի կործանման հետ կապ չունի, և որ բոլորը հասկանում են, թե ում հրամանով է դա արվել։

Միևնույն ժամանակ, Զելենսկու խոսքով, ռուսական ուժերն առանց «Վագների» վարձկանների թուլացել են. - «Նրանք թաքնվում էին վարձկանների մեջքի հետևում և առաջ գնում։ Այսօր այդ հնարավորութոյւնն այլևս չունեն»։

Ի դեպ, ապրիլի վերջին Բախմուտ քաղաքը, որի մոտ վերջին շաբաթներին կատաղի մարտեր են ընթանում, գրավել էին հենց «Վագների» ստորաբաժանումները»։

Ռուսների ռազմավարությունն այս պատերազմում չի փոխվել

Ռուսական ուժերը շարունակում են ամենօրյա ռեժիմով ռմբակոծել ուկրաինական քաղաքները; Կրիվոյ Ռոգում ավելի քան 50 մարդ վիրավորվել է, մեկը զոհվել է ոստիկանության շենքի վրա հրթիռակոծության հետեւանքով։ Սումի և Զապորոժիե քաղաքներում կան վիրավորներ։ Մեկ շաբաթվա ընթացքում հինգերորդ անգամ ռուսական ուժերը անօդաչուներով հարձակվել են Օդեսայի մարզի վրա։ 20 ԱԹՍ-ներից16-ը ուկրաինական ՀՕՊ-ը խոցել է։

Ռազմաճակատում էական փոփոխություններ չկան, Բախմուտի մոտ ինտենսիվ մարտերը շարունակվում են

Ուկրաինական կողմի հաղորդմամբ, Բախմուտի ուղղությամբ ուկրաինական զինված ուժերը հետ են մղել ռուսների գրոհները մի քանի բնակավայրերի տարածքներում, իսկ գրոհային գործողությունների արդյունքում ուկրաինական զորքերը մասնակի հաջողություններ են գրանցել Բախմուտից հարավ, հակառակորդին տեղահանել են իրենց դիրքերից և հաստատվել ձեռք բերված գծերում։

Բացի դրանից, Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են հարձակումը Մելիտոպոլի ուղղությամբ, Ռաբոտինոյի հարավում գտնվող տարածքում, հաղորդում է Ուկրաինայի գլխավոր շտաբը։

Ռազմական գործողությունները դեռ երկար են տևելու. արևմտյան վերլուծաբաններ

Արևմտյան վերլուծաբաններից շատերն արդեն գրել են, որ այս հակահարձակման ընթացքում, չնայած արձանագրված հաջողություններին, Ուկրաինան իր նպատակին հազիվ թե հասնի, և ռազմական գործողությունները դեռ երկար են տևելու։

Տասնյակ հազարավոր մարդիկ են սպանվում, ո'չ Կիևը, ո'չ էլ Մոսկվան սեփական կորուստների մասին չի հայտարարում։ Երեկ Եվրախորհրդարանի իռլանդացի պատգամավոր Քլեր Դալին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ նշել էր, թե անցած տարվա ընթացքում Ուկրաինայում կես միլիոն մարդ է մահացել։ Ընդ որում, իր տվյալների աղբյուրը իռլանդացի պատգամավոր չի ներկայացրել, փոխարենը հարցրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտողւարին, թե նա ինչ է մտածում խաղաղության ծրագրի մասին։

Իր պատասխանում Յենս Ստոլտենբերգը չի մեկնաբանել կես միլիոն կորուստների թվերը՝ շեշտելով. - «Ոչ ոք երբեք չի ասել, որ հեշտ է լինելու: Հենց սկզբից էլ պարզ էր, որ սա արյունոտ ու դժվարին հակահարձակում է լինելու։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ճիշտ է կառուցել իր պաշտպանությունը։ Դժվար թե մենք պատմության մեջ այսքան ականապատ դաշտեր տեսած լինենք: Պարզ էր, որ սա չափազանց դժվար է լինելու։ Բայց ուկրաինացիները որոշեցին ճեղքել պաշտպանությունը՝ ազատագրելու իրենց հողը։ Եվ նրանք առաջընթաց են գրանցում։ Միգուցե ոչ այնքան, որքան մենք կցանկանայինք, բայց աստիճանաբար նրանք վերադարձնում են տարածքները»։

Ստոլտենբերգը նաև ակնարկել է, թե ուկրաինական պատերազմի արդյունքում ռուսական բանակը կթուլանա. - «Ռուսական բանակը հզորությամբ երկրորդն էր աշխարհում, իսկ այժմ երկրորդն է Ուկրաինայում»:

Ռուսաստանի մի շարք մարզերում մեկնարկել են տարածաշրջանային և տեղական ընտրությունները

Այսօր Ռուսաստանի մի շարք մարզերում սկսվել է տարածաշրջանային և տեղական ընտրությունների քվեարկությունը․ որը կտևի երեք օր, մինչև կիրակի օրը՝ սեպտեմբերի 10-ը։

Ընդ որում, քվեարկություն է ընթանում նաև Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում։ Մոսկվան հայտարարել է այդ տարածքների բռնակցման մասին, թեև դրանցից ոչ մեկն ամբողջությամբ ռուսական վերահսկողության տակ չէ, և այնտեղ մարտեր են ընթանում։ Այնտեղ քվեարկությունը թույլ տալու համար օրենքում փոփոխություններ են կատարվել։ Քվեարկությունը կազմակերպվել է չնայած այդ օկուպացված տարածքներում ռուսական իշխանությունների կողմից սահմանված ռազմական դրությանը։ Հաղորդվում է, որ ընտրական հանձնաժողովի աշխատակիցները դռնեդուռ են գնում՝ երբեմն ռուս զինվորականների ուղեկցությամբ։

ԱՄՆ Պետդեպարտամենտը գրավյալ տարածքներում քվեարկությունն անվանել է «կեղծ ընտրություններ»՝ նշելով, որ Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչի Ռուսաստանի հավակնությունները ուկրաինական տարածքների նկատմամբ։ ԱՄՆ-ը նաև զգուշացրել է բոլորին, ովքեր ներգրավված են քվեարկության կազմակերպման մեջ, ներառյալ այլ երկրների միջազգային դիտորդներին, որ նրանք կարող են ներառվել պատժամիջոցների ցուցակներում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG