Էրդողանը ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտի վավերացումը կապել է F-16-ների գործարքի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանn ասել է, որ Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի դրական քայլը և Կանադայի զենքի վաճառքի էմբարգոյի չեղարկումը կօգնեն Թուրքիայի խորհրդարանին առաջընթացի հասնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու համար։ Այս մասին նա լրագրողներին ասել է Հունգարիայից վերադառնալու ճանապարհին, նշելով, որ «այդ բոլորը միմյանց կապված են»։

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան և Հունգարիան մինչև հիմա չեն վավերացրել Շվեդիայի անդամակցության հայտը։

Այդ երկու երկրները սերտ դաշնակիցներ են։ Երկկողմ հարաբերությունները նրանք գնահատում են ռազմավարական։ Էրդողանի մեկօրյա այցի ընթացքում անցկացվել է թուրք-հունգարական ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի հերթական նիստը։

Նիստին հաջորդած համատեղ ասուլիսում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ասել է, որ առանց Թուրքիայի Հունգարիայում անվտանգություն չի լինի։

Էրդողանը Վիկտոր Օրբանին թուրքական արտադրության էլեկտրական ավտոմեքենա է նվիրել, իսկ Օրբանը Էրդողանին ձի է նվիրել` «Արիստոկրատ» անվանումով։

Վերջին 4 ամսվա ընթացքում սա Էրդողանի երկրորդ այցն է Բուդապեշտ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանի խոսքով՝ Բայդենը դրական է արձագանքել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հարցին