Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը կարող է լուծվել արդեն առաջիկա շաբաթներին: Այդ մասին այսօր Բրյուսելում հայտարարեց սկանդինավյան երկրի արտգործնախարար Տոբիաս Բիլստրյոմը։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ վավերացման գործընթացն ավարտին կհասցվի։ Երեկ ես հանդիպեցի Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ, և նա ինձ ասաց, թե ակնկալում է, որ վավերացման գործընթացն ավարտին կհասցվի շաբաթների ընթացքում», - հայտարարում էր շվեդական դիվանագիտության ղեկավարը։
Բիլստրյոմի և Ֆիդանի բանակցությունները մեկնարկեցին երեկ՝ Բրյուսելում, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների արտգործնախարարների հավաքի շրջանակներում, և շարունակվեցին նաև այսօր։ Քննարկումների նման ինտենսիվությունը վկայում էր, որ Շվեդիայի անդամակցությունը դաշինքին և Թուրքիայի առարկությունները շարունակում են մնալ ՆԱՏՕ-ի առանցքային օրակարգային թեմաներից մեկը։
«Ես հուսով էի, որ մենք Շվեդիայի լիակատար անդամակցությանը կկարողանանք հասնել մինչև այս հանդիպումը։ Դա տեղի չունեցավ։ Լավ լուրն այն է, որ Շվեդիայի անդամակցության փաստաթղթերն արդեն իսկ թուրքական խորհրդարանում են։ Հուսով եմ, որ թուրքական խորհրդարանը շուտափույթ կերպով կկարողանա ավարտին հասցնել այդ բանավեճը», - հայտարարում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Շվեդիայի՝ դաշինքին անդամակցության հարցը երեկ Բրյուսելում քննարկում էին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարարը, Ստոկհոլմի անդամակցության հարցը վերջնականապես լուծելու կոչերով հանդես էին գալիս Հյուսիսային Եվրոպայի պետությունների ներկայացուցիչները՝ նախևառաջ ՆԱՏՕ-ի ամենանոր անդամ Ֆինլանդիայի արտգործնախարարը։
Պաշտոնական Փարիզը ևս Անկարային քննադատելու առիթն այս երկու օրերին բաց չէր թողնում։
«Մեր դաշինքի ուժը դաշնակիցների միասնականության մեջ է։ Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ի վեր Ֆինլանդիան դարձել է դաշինքի անդամ, ինչը միանշանակորեն լավ է։ Նույնը չի կատարվել Շվեդիայի հետ։ Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան և Հունգարիան առանց հապաղելու կվավերացնեն Շվեդիայի անդամակցության մասին համաձայնագիրը։ Այս հապաղումը կասկածի տակ է դնում մեր դաշինքի ուժն ու վստահելի գործընկերոջ համբավը, այնպես որ որոշումը պետք է կայացվի օր առաջ», - հայտարարում էր Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։
Վերջին երկու օրերին Բրյուսելում քննարկված մյուս առանցքային թեման Ուկրաինան էր։ Դաշինքի անդամները կրկին հայտարարում էին, թե Կիևը ինչպես և նախորդ 20 ամիսներին, հետագայում ևս շարունակելու է բազմակողմանի աջակցություն ստանալ Արևմուտքից, իսկ օժանդակության ծավալների կրճատման մասին խոսք անգամ չկա։
«Մի իրավիճակում, երբ մեկնարկում է Պուտինի դաժանությունների երկրորդ ձմեռը, շատերն են հարցնում՝ արդյո՞ք Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ միասին պետք է շարունակի աջակցել Ուկրաինային։ Դաշինքի պատասխանը, սակայն, միանշանակ է և աներկբա՝ հետագայում ևս մենք պարտավոր ենք աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Ես այսօր այստեղ հոգնածության կամ նահանջի նշույլ իսկ չտեսա։ Փոխարենը՝ կա հակառակն անելու հաստատակամությունը, և դրա պատճառը միայն այն չէ, որ դա ինքնին ճիշտ քայլ է։ Պատճառը նաև այն է, որ այդ քաղաքականությունը համապատասխում է մեր բոլորի՝ այդ թվում Միացյալ Նահանգների շահերին», - բրյուսելյան հանդիպման ավարտին հայտարարում էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, այնուհանդերձ, այսօր հարկ համարեց զգուշացնել՝ առաջիկա ամիսներն Ուկրաինայի համար հեշտ չեն լինելու։
«Ձմռան շեմին Ռուսաստանը հրթիռների մեծ պաշար է կուտակել։ Մենք արդեն իսկ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի էներգետիկ համակարգին և բաշխիչ ցանցերին հարվածներ հասցնելու փորձերի ականատեսը դարձանք։ Այդ քայով Ռուսաստանը փորձում է Ուկրաինան թողնել ցրտի և մթի մեջ», - հայտարարում էր Յենս Ստոլտենբերգը։
Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այսօր Բրյուսել էր ժամանել նաև այդ երկրի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Ուկրաինական դիվանագիտության ղեկավարն արևմտյան գործընկերներին ուղղված շնորհակալական խոսքերի արանքում այսօր այնուամենայնիվ հարկ համարեց նաև քննադատական խոսքեր հնչեցնել՝ նախևառաջ եվրոպացիների հասցեին։
Կուլեբան պնդում էր, թե Կիևը վերջին ամիսներին Եվրամիությունից ընդամենը 300 հազար հրետանային արկ է ստացել՝ խոստացված մեկ միլիոնի փոխարեն։ «Բայց նույնիսկ սպառազինության պակասը չի խանգարում, որ ուկրաինական բանակն օրեցօր ավելի մոտենա ՆԱՏՕ-ի չափանիշներին», - հավելում էր Ուկրաինայի ԱԳ նախարարը։
«Մեր բանակը տեխնիկական կարողությունների, հրամանատարության, կառավարման սկզբունքների տեսանկյունից գործնականում վերածվում է ՆԱՏՕ-ական բանակի։ Այսօր ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստի ժամանակ մենք առաջին անգամ արտգործնախարարների հետ միասին քննարկումներն անցկացրեցինք ինչպես հավասարը հավասարի հետ։ Սա է թերևս այն գլխավոր տարբերությունը, որ առկա է անցյալի և ներկայի միջև», - հայտարարում էր Կուլեբան։
Չնայած այս լավատեսական հայտարարություններին, սակայն, ՆԱՏՕ-ի ղեկավարներն այսօր ևս չկարողացան հստակ պատասխան տալ՝ ե՞րբ է Ուկրաինան դաշինքի լիարժեք անդամ դառնալու։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հերթական անգամ սահմանափակվեց արդեն սովորական դարձած պատասխանով. - «Ուկրաինան ավելի ու ավելի է մոտենում անդամակցությանը»։