Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների նոր՝ 12-րդ փաթեթը։ Այն ենթադրում է ռուսական ադամանդների ներմուծման արգելք, վերաարտահանման կանոնների խստացում և անձնական նոր պատժամիջոցների սահմանում։
Փաթեթը ներառում է 2024 թվականի հունվարից ռուսական ոչ արդյունաբերական ադամանդների ներմուծման արգելք և 2024 թվականի մարտից երրորդ երկրներում վերամշակված ռուսական ադամանդների ներմուծման փուլային արգելք։
Շվեյցարիան, չլինելով Եվրամիության անդամ, միացել է ռուսական երկաթի և պողպատի ներմուծման արգելքին։
ԵՄ-ն կխստացնի ներմուծման և արտահանման հսկողությունը «Ոչ Ռուսաստանին» կանոնի ներքո։ Սա նշանակում է, որ եվրոպացի արտահանողների կողմից կնքված պայմանագրերը պետք է պարունակեն կետ, որով արգելվում է Ռուսաստանին այն ապրանքների և տեխնոլոգիաների վերավաճառքը, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով կամ ռազմական համակարգերի ստեղծման համար։
Ընդլայնվել է նաև նման ապրանքների ցանկը, մասնավորապես, դրանում ընդգրկվել են քիմիական որոշ նյութեր, լիթիումային մարտկոցներ, թերմոստատներ, շարժիչներ, ԱԹՍ-ների համար անհրաժեշտ սարքավորումներ, հաստոցներ և այլ տեխնոլոգիաներ:
ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել այն ապրանքների ներմուծման համար, որոնք զգալի եկամուտներ են ապահովում Ռուսաստանին և դրանով թույլ են տալիս շարունակել պատերազմն Ուկրաինայում։
Բացի այդ, Եվրամիությունն ընդարձակել է պատժամիջոցները Ռուսաստանի կամ Ռուսաստանի հետ առնչվող կազմակերպությունների նկատմամբ: Ցուցակում 29 իրավաբանական անձինք են։ Ըստ Եվրամիության, նրանք անմիջականորեն ներգրավված են Ուկրաինայում Ռուսաստանի վարած ագրեսիվ քաղաքականության մեջ։
«Ազատություն» ռադիոկայանի տվյալներով, դրանում ընդգրկվել է, մասնավորապես, Ռուսաստանի ֆինանսական հետախուզական ծառայությունը՝ «Ռոսֆինմոնիթորինգ»-ը, ինչպես նաև դրա տնօրեն Յուրի Չիխանչինը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են Մեդվեդևի որդին և Պուտինի զարմուհին