Մատչելիության հղումներ

«Վստահ եմ, որ Ռուսաստանի բանակն անկասկած մեծ հաղթանակ կտոնի չարի դեմ իր սուրբ պայքարում». Կիմ Չեն Ուն


«Ընկեր Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի կենացը, վստահ եմ, որ Ռուսաստանի բանակն ու ժողովուրդը անկասկած մեծ հաղթանակ կտոնեն չարի դեմ իր սուրբ պայքարում». Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի բաժակաճառն է: «Վոստոչնի» տիեզերակայանում այսօր նրա պատվին պաշտոնական ճաշ է մատուցվել։

Ռուսաստանում գտնվող նախագահ Կիմը նաև հայտարարել է՝ Հյուսիսային Կորեան ցանկանում է զարգացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, քանի որ միշտ աջակցել է «նախագահ Պուտինի և Ռուսաստանի կառավարության բոլոր որոշումներին»։

Կիմ Չեն Ունի հազվագյուտ հրապարակային խոսքից բացի ռուսաստանյան լրատվամիջոցները նաև նրան հրամցված ճաշացանկն են հրապարակել․ բադով, թզով ու նեկտարինով աղցան, կամչատկյան խեցգետնով պելմենի, տաք ուտեստը՝ ձկնապուր՝ ուխա սպիտակ ամուրից, որպես երկրորդ կերակրատեսակ է մատուցվել սնկով և հորթի կողամսով պատրաստված թառափ՝ շոգեխաշած բանջարեղեններով։ Որպես աղանդեր խոհարարները պատրաստել են տափաստանային հապալաս մայրու ընկույզներով և խտացրած կաթով։

Կիմ Չեն Ունը նման ճոխ ընդունելության է արժանացել Ռուսատանի նախագահի հետ մոտ հինգ ժամ տևած բանակցություններից հետո․ հանդիպումը կայացել է «Վոստոչնի» տիեզերակայանում։

Կիմին փոխադրող հայտնի զրահապատ գնացքը՝ վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ հատելով հյուսիսկորեական թերակղզու սահմանները, Ամուրի մարզ էր հասել երեկ, այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 7-ին նրան տեղափոխող «Լիմուզինը» «Վոստոչնի» տիեզերակայանում էր, որտեղ պատվավոր հյուրին անձամբ դիմավորել է Կրեմլի ղեկավարը․ երկու առաջնորդները միասին շրջայց են կատարել, ծանոթացել «Անգարա» հրթիռի, «Սոյուզ-2» տիեզերանավի առանձնահատկություններին։

«Ռուսաստանի փառքը՝ որպես առաջին տիեզերագնացների երկրի, երբեք չի խամրի», - պատվավոր հյուրերի գրքում գրել է հյուսիսկորեացի առաջնորդը, որը չնայած իր երկրի մեկուսացմանը, տասնամյակների ցավոտ պատժամիջոցներին շարունակում է բալիստիկ հրթիռների արտադրությունն ու փորձարկումները՝ իր այդ քայլերով մշտական լարվածության մեջ պահելով տարածաշրջանը։

«Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետաքրքրությունը հրթիռային տեխնոլոգիայի նկատմամբ մեծ է, նա նաև տիեզերքն է փորձում զարգացնել», - բանակցությունների վայրի ընտրությունն այսպես է բացատրել Պուտինը։

Երկկողմ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահը հաստատեց՝ Կիմի հետ քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Մանրամասներ Պուտինը չհայտնեց՝ նշելով, որ դեռ վաղ է խոսել արդյունքների մասին։

Մինչ այդ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է շտապել հայտարարել, որ Մոսկվան ու Պեկինը մտադիր են հրաժարվել Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցներից, որոնք Լավրովի խոսքերով՝ սահմանվել էին «միանգամայն այլ աշխարհաքաղաքական իրավիճակում»։

Խոսքը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից Փհենյանի դեմ սահմանված կոշտ պատժամիջոցների մասին է՝ ի պատասխան հյուսիսկորեական միջուկային ծրագրի։ Այդ սահմանափակումներին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի մշտական անդամները, այդ թվում՝ Ռուսաստանն ու Չինաստանը։ Պեկինն առայժմ չի մեկնաբանել ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի հայտարարությունները։

Այս զարգացումները տեղի են ունենում արևմտյան պարբերականներում տևական ժամանակ շրջանառվող խոսակցությունների ֆոնին, որոնց համաձայն Մոսկվան ու Փհենյանը պատրաստվում են սպառազինության խոշոր գործարք կնքել։ Կիևի դաշնակիցներն էլ կասկածներ ունեն, որ Մոսկվան ցանկանում է Հյուսիսային Կորեայից մեծ քանակությամբ զինամթերք ստանալ՝ Ուկրաինայի դեմ պատերազմում կիրառելու նպատակով։

Հյուսիսային Կորեան, չնայած իր համեմատաբար փոքր տարածքին և բնակչությանը, աշխարհում չորրորդ տեղն է զբաղեցնում զինված ուժերի ծավալներով՝ մոտ 1,3 միլիոն զինծառայող, ինչը երկրի ընդհանուր բնակչության 5 տոկոսն է։ Այդ ռազմական մեքենան զենքով և զինամթերքով ապահովելու համար աշխատում է երկրի ողջ բնակչությունը, բացի այդ Հյուսիսային Կորեայի գոյության ողջ ընթացքում Փհենյանի զենքի հիմնական մատակարարներն էին Ռուսաստանը և Չինաստանը։

Արևմտյան հետազոտողները նշում են, որ բացի իր սեփական բալիստիկ հրթիռներից Հյուսիսային Կորեան խորհրդային և չինական հին սպառազինության մեծ պաշարներ ունի իր զինանոցում, որոնք դեմ չէր լինի փոխանակել, օրինակ, պարենի հետ, ինչի սղությունը երկրի բնակչությանը կանգնեցրել է սովի վտանգի առաջ։

XS
SM
MD
LG