Չնայած Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբ «Փյունիկ»-ի հետ առճակատմանն ու գործող չեմպիոն «Ուրարտու»-ի հայտնած անվստահությանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը համոզված է՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում հաղթելու է:
«Ես, այո, ունեմ այդպիսի վստահություն, որ ակումբները քվեարկելու են մեր ծրագրի օգտին», - «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց Մելիքբեկյանը, - «Կա այդպիսի վստահություն: Իհարկե, դա ինքնավստահություն չի, որովհետև կյանքում ամեն ինչ կարող է լինել, բայց այս պահին ես կարծում եմ, որ այն, ինչ մենք ներկայացնում ենք մեր անդամներին, բավական համոզիչ է»:
«Երբ ասում են՝ «դուք դիմում եք ակումբներին», ուրեմն՝ մենք ակումբների հետ, և բոլորը, ընդհանրապես, և ակումբները իրար հետ, անընդհատ կապի մեջ են, մենք ունենք 25 անդամ և բոլորի հետ անընդհատ կապի մեջ ենք: Ոչ մեկ չի դիմում որևէ ակումբի, ասում՝ «ընտրություններում ինձ ե՞ս ընտրելու, թե՞՝ ոչ», - ընդգծեց ՀՖՖ նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածուՀայաստանի խոշոր ակումբների մեղադրանքների, սկանդալային հայտարարությունների այս շրջանում ինչպե՞ս է ֆեդերացիայի ղեկավարությունը պատկերացնում հետագա աշխատանքը, հնարավո՞ր է մեղմել լարվածությունը: Արմեն Մելիքբեկյանի խոսքով՝ ամեն բան կախված է ակումբերի քայլերից.
«Եթե ակումբները պատրաստ են բաց մթնոլորտում աշխատել, իհարկե, դա այդպես է լինելու: Եթե պատրաստ չեն, միևնույն է, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կառույց է, որը ինքը կազմակերպում է պրոֆեսիոնալ ֆուտբոլը, բայց ՀՖՖ-ի միակ գործը պրոֆեսիոնալ ֆուտբոլը չէ՝ մենք ունենք բազմաթիվ շահառուներ, բազմաթիվ կետեր, որոնց հետ աշխատում ենք, և, այնուամենայնիվ, բնականաբար, աշխատանքը շարունակվելու է: Որովհետև մինչև հիմա նույն երկու ակումբի հետ աշխատանքը տարբեր հարցերում շարունակվում է՝ մեր բաժինների մակարդակով, և այլն»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փյունիկ-ՀՖՖ առճակատում. Ֆեդերացիան առաջին անգամ արձագանքում է մեղադրանքներին«Փյունիկ»-ը պնդում է, թե ակումբի նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվում։ ՀՖՖ նախագահը հակադարձում է՝ անարդարություն չի եղել. - «Ես չորս տարի Ֆեդերացիայի նախագահ եմ և վստահորեն ասում եմ, որ ոչ մի ակումբ անարդարության չի հանդիպել, այսինքն՝ եթե ունեցել է քննարկելու հարց, քննարկել է: Բոլոր ակումբները գիտեն, որ ես չեմ աջակցում որևէ մեկ ակումբի»:
Արմեն Մելիքբեկյանը Ֆեդերացիայի նախագահ ընտրվեց 2019-ին, այն ժամանակ նա հայտարարում էր՝ ՀՖՖ-ն թափանցիկ է աշխատելու, իսկ ֆուտբոլային հանրությունը հնարավորինս միասնական ու համախմբված է լինելու։ Նա չորս տարի առաջ խոսում էր կրթական ծրագրերի կարևորությունից, ֆուտբոլի մասսայականությունից։
Իր նախանշած կետերից որոնցո՞ւմ է, ի վերջո, հաջողել Մելիքբեկյանը, որ ցանկանում է ևս երեք տարի պաշտոնավարել. - «Ամենակարևորն այն է, որ մենք փորձում ենք ստրուկտուրալ մոտեցում, համակարգային մոտեցում տալ ֆուտբոլին և հասկանում ենք, որ ֆուտբոլը բաղկացած է մի քանի հիմնական տարրերից: Օրինակ, առաջին հերթին, դա ենթակառուցվածքներն են, այսինքն՝ եթե մենք չունենանք ենթակառուցվածքներ, մենք չենք կարող աճեցնել քանակը ֆուտբոլիստների, մենք չենք կարող հետագայում ստանալ որակ, մենք չենք կարող ստանալ ընտրություն, մենք չենք կարող ստանալ լավ մրցաշարեր: Եվ այդ առումով, օրինակ, մենք մեծ ծավալի աշխատանք ենք արել: Վերջին չորս տարիների ընթացքում մենք կարողացել ենք վերակառուցել Արմավիրի, Վանաձորի, Աբովյանի մարզադաշտերը», - ընդգծեց ՀՖՖ նախագահը:
Ֆուտբոլ խաղացող երեխաների թիվը կրկնապատկվել է
Չնայած Մելիքբեկյանի այս պնդումներին՝ ՀՖՖ ղեկավարությանը մեղադրում են մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը չապահովելու, տեղացի երիտասարդ կադրեր քիչ պատրաստելու համար։ Մելիքբեկյանն արձագանքում է՝ իրենք, օրինակ, մեծ ներդրումներ են անում մարզիչներին կրթելու համար. - «Ավելացնում ենք ենթակառուցվածքները, ավելացնում ենք մարզիչների թիվը և հիմա արդեն, մենք, իհարկե, երբ ասում ենք քանակ, դա չի նշանակում որակ, և քանակը ավտոմատ որակի չի վերածվում, բայց հետզհետե մենք տեսնում ենք, որ ոչ մեծ ծավալով, բայց բարձրանում է մարզիչների որակը»:
Ֆեդերացիայի նախագահը հայտարարում է՝ իր ղեկավարման ընթացքում ֆուտբոլ խաղացող երեխաների թիվը կրկնապատկվել է. -
«Մենք մոտավորապես 5 հազար 300-5 հազար 400 երեխա ենք ունեցել չորս տարի առաջ՝ ֆուտբոլ խաղացող՝ կիսապրոֆեսիոնալ կամ մանկապատանեկան առաջնությունների մակարդակում, հիմա ունենք 10 հազար 200: Սա, իմ կարծիքով, բավականին լուրջ նվաճում է»:
ՀՖՖ նախագահի այս հայտարարություններին զուգահեռ՝ տարբեր տարիքային հավաքականները շարունակում են անհաջող ելույթների շարքը. մինչև 21 տարեկանների հավաքականն ավելի քան երկու տարի որևէ հաղթանակ չի տարել ու հաճախ խոշոր հաշվով պարտություններ է կրում, մինչև 19 տարեկանների հավաքականը վերջին 10 խաղերից 8-ում պարտվել է, մինչև 17 տարեկաններինն էլ վերջին 5 խաղերում 18 գնդակ Է բաց թողել՝ խփելով միայն 2-ը:
«17 տարեկանների հավաքականի հետ կապված՝ այո, մենք ունենք շատ խորը խնդիրներ, որոնք գալիս են պատմությունից, բայց դա չի նշանակում, որ ես պետք է հիմա արդարանամ, ասեմ՝ միշտ այդպես է եղել, բայց միշտ է այդպես եղել: Ես ասել եմ այս ընթացքում և կկրկնեմ, որ մենք հիմա իրոք աշխատում ենք ծրագրի վրա, որպեսզի փորձենք որոշակի լուծումներ գտնենք այս իրավիճակում», - նշեց Մելիքբեկյանը՝ շարունակելով. - «Ինչ վերաբերում է երիտասարդական հավաքականին՝ այստեղ, այո, մենք շատ բարդ մրցափուլով ենք անցնում»:
Այս ամիս ՀՖՖ-ն երկուսուկես տարվա պայմանագիր կնքեց մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ։ Մինչև 2026-ի ամառ նա է գլխավորելու մինչև 21 տարեկանների հավաքականն ու զուգահեռ համակարգելու մանկապատանեկան բոլոր հավաքականների աշխատանքը։
«Կարծում եմ՝ մենք 21-երում էլ կշտկենք իրավիճակը շատ արագ և կշարունակենք աշխատել», - ասաց ՀՖՖ նախագահը:
Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը ոչ միայն ֆեդերացիայի, այլև ակումբների գործն է. ի վերջո, երեխաները հենց ակումբներն են ներկայացնում և այնտեղ խաղում, ընդգծում է Մելիքբեկյանը:
Ազգային հավաքականի համար «լայն ընտրություն չունենք»
Ինչո՞ւ Հայաստանի ազգային հավաքականի կազմում տեղացի ֆուտբոլիստները մեծամասնություն չեն, որակյալ ֆուտբոլիստների պակա՞ս կա:
«Քանակի առումով՝ այո, որովհետև ազգային հավաքականը ենթադրում է քանակ ունենալ ընտրության: Այո, մենք լայն ընտրություն չունենք և մենք դա հասկանում ենք, բայց մենք հիմա տեսնում ենք՝ որքան արագ և... մի պարզ օրինակ բերեմ՝ ԲԿՄԱ-ի նախագծով անցած ֆուտբոլիստներ գուցե շատերը շատ չեն խաղացել՝ մեկ-երկու խաղ, բայց արդեն մոտ տասը ֆուտբոլիստ հրավիրվել են ազգային հավաքական», - ասաց Արմեն Մելիքբեկյանը:
2020 թվականին 8 տարվա դադարից հետո վերակազմավորվեց կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը։ Թիմը, սակայն, առայժմ դրական արդյունքների չի հասել, ընտրանին զիջել է իր վերջին 23 խաղում՝ հաճախ պարտվելով խոշոր հաշիվներով:
«Մենք այնքան ենք բաց թողել կանանց ֆուտբոլում, այնքան չենք զբաղվել, այնքան ներդրում չենք արել, որ մյուս բոլոր երկրները, գրեթե բոլոր եվրոպական երկրները շատ առաջ են, և հիմա արտառոց ջանքեր պետք է գործադրենք, որպեսզի տեղ հասնենք», - ընդգծեց ՀՖՖ նախագահը:
Մելիքբեկյանի ղեկավարման չորս տարիների ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը երկու արտասահմանցի գլխավոր մարզիչ ունեցավ, ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը շարունակում է աշխատանքը։ Ընտրանին, սակայն, այդպես էլ չկարողացավ հաղթահարել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության ընտրական փուլերը։ Այս աշնանն ընտրանին նախավերջին տեղում ավարտեց Եվրո 24-ի ընտրական փուլը, ֆուտբոլային հանրությունն, այդուհանդերձ, թիմի խաղը դրական գնահատեց: «Ընդհանուր առմամբ շատ պոզիտիվ եմ ես տրամադրված», - ասաց Մելիքբեկյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը Զագրեբում 0:1 հաշվով պարտվեց ԽորվաթիայինՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն անցած ամիս ֆուտբոլիստի կարիերան ավարտած Արաս Օզբիլիսն է, որն անցած շաբաթ ներկայացրեց իր ռազմավարությունը։ Նա նույնպես իր շանսերը բարձր է գնահատում։ Ֆուտբոլային գերատեսչության ղեկավարին ընտրելու են կառույցի անդամ 25 ակումբները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացում, նոր ենթակառուցվածքներ. ՀՖՖ նախագահի թեկնածու Օզբիլիսն իր ծրագիրը ներկայացրեց