Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանին:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ողջունելով ՀՖՖ նախագահին՝ վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Ցանկանում եմ ասել, որ ֆուտբոլը մեզ համար երեք պատճառով և երեք ուղղությամբ շատ կարևոր է՝ առաջինը՝ ֆուտբոլի զարգացումը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, որովհետև, կարծում եմ և հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետությունում արտահայտված բովանդակային փոփոխություններն արտահայտություն կգտնեն նաև ֆուտբոլում, և ինչ-որ առումով մեր երկրում ֆուտբոլը և Ֆուտբոլի ազգային հավաքականն իր արդյունքներով կարտահայտի մեր ազգային և պետական հավակնությունները և համարժեք կլինի այդ հավակնություններին: Երկրորդը՝ ես կարծում եմ, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի՝ երեկ կայացած ընտրությունը կարևոր է, որովհետև կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում էական է սպորտի ապաքրեականացումը և սպորտի ախտազերծումը կոռուպցիայից»:

«Երրորդը՝ իհարկե, հնարավորությունների զարգացման առումով, որովհետև մենք ասել ենք, որ ամենակարևոր հարցը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պիտի լուծվի, հնարավորությունների զարգացումն է, և ֆուտբոլն այն ոլորտներից է, որտեղ բազմաթիվ պատանիներ, աղջիկներ կարող են իրենց հնարավորությունները զարգացնելու և օգտագործելու ներշնչանք գտնել, և շատ կարևոր է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում ռեալ զարգացնենք ֆուտբոլային ենթակառուցվածքը՝ նաև որպես հանրային կյանքի կազմակերպման կարևոր ատրիբուտ», - ասել է Փաշինյանը։

ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանն էլ իր հորթին նշել է. «Մենք ունենք տեսլական, մինչև 2025 թվականի մեր ռազմավարության մեջ նշված է մեր տեսլականը՝ Հայաստանն առավել ճանաչելի դարձնել ֆուտբոլի միջոցով: Դա մեր տեսլականն է, և մենք այդ ճանապարհով գնալու ենք»

Վարչապետը նկատել է, որ ժամանակակից աշխարհում ֆուտբոլն սկսել է ընկալվել ոչ միայն որպես մարզաձև, այլև որպես տնտեսության ճյուղ, և Հայաստանում ֆուտբոլը նաև որպես տնտեսության ճյուղ չի զարգացել այն նույն պատճառով, ինչ տնտեսության մյուս ճյուղերի դեպքում՝ մենաշնորհներ, չարաշահումներ, հնարավորությունների սահմանափակումներ:

Անդրադառնալով ՀՖՖ նախագահի ընտրությունների մրցակցային բնույթին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իրականում դա շատ դրական փոփոխություն է: Իսկապես մենք գուցե չէինք էլ նկատել, երկար տարիներ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ 1-ից ավելի թեկնածուով չեմ հիշում ընդհանրապես եղել է Երրորդ հանրապետության պատմության մեջ, համենայն դեպս, տեսանելի անցյալում չի եղել: Այս առումով կարծում եմ՝ իսկապես հենց սա է ենթատեքստը, և Ձեր պատասխանատվությունն էլ շատ մեծ է, որովհետև, ըստ էության, Ձեր ընտրությամբ Հայաստանում փորձարկվում է ֆուտբոլի կառավարման և զարգացման նոր մոդել, որը նախադեպը չի ունեցել՝ աշխարհում գուցե ունեցել է, բայց Հայաստանում մենք այդ նախադեպը չենք ունեցել, որովհետև Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահները եղել են կամ իշխանությունների հետ սերտորեն առնչվող մարդիկ, կամ ենթականեր են եղել, դրանց ես այսօր չեմ ուզում անդրադառնալ»:

Փաշինյանն ընդգծել է՝ հույս ունենք նաև, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեությունը կլինի «մեր ռազմավարական պատկերացումների շրջանակում, հենց նկատի ունեմ իմ ասած ուղղությունները»:

Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ վերջին ամիսների ընթացքում ՀՖՖ-ն ակտիվ համագործակցում է պետական մարմինների հետ բայց անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն, որովհետև ֆուտբոլը պետք է համակցել որպես սոցիալական միջոց ու որպես տնտեսության ճյուղ և բացառել քաղաքական կոմպոնենտը: Նրա խոսքով՝ առկա են դրական տեղաշարժեր, մասնավորապես, վերջին տարվա ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ աշխատանքի արդյունքում 2 օրից կարելի է հայտարարել, որ 51 խաղադաշտ՝ 40/20 չափի արհեստական խոտածածկով, արդեն պատրաստ է ՀՀ տարբեր մարզերում՝ 10 խաղադաշտ Վայոց ձորում, 13՝ Տավուշում, 12՝ Շիրակում և 15՝ Գեղարքունիքում, 1-ը՝ Արարատի մարզում է: Հաջորդ փուլը լինելու է Արարատի և Արագածոտնի մարզերում:

ՀՖՖ նախագահն ասել է, որ ծրագիրը շարունակվելու է, 2020 թվականի համար այս պահին դրությամբ 30 այդպիսի խաղադաշտի կառուցման ծրագիր կա։

Վարչապետը ողջունելի է համարել խաղադաշտերի կառուցումը հանրապետության մարզերում և, նաև անդրադառնալով ՀՖՖ նախագահի՝ ֆուտբոլն ապաքաղաքականացնելու դիտարկմանը, նշել. «Կարծում եմ՝ առաջիկայում պետք է ընդհանրապես ֆուտբոլը և սպորտն ապաքաղաքականացնելու խնդիր դնենք: Չի կարելի թույլ տալ, որպեսզի պետության և երկրի առաջ մեծ ծառայություն ունեցող մարզիկները դառնան ֆոն ինչ-որ խմբերի կամ անհատների ինքնագովազդի կամ քաղաքական ինչ-որ պրոցեսների համար»։

Կառավարության ղեկավարը նաև իր շնորհավորանքն է փոխանցել Ֆեդերացիայի մյուս նորընտիր ներկայացուցիչներին, գործկոմի անդամներին և պաշտոնյաներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG