Մատչելիության հղումներ

Մարզական լրագրողները չեն բացառում, որ Մխիթարյանի` հավաքականին չմիանալու պատճառը կոնֆլիկտն է ՀՖՖ-ի հետ


Հենրիխ Մխիթարյան, արխիվ
Հենրիխ Մխիթարյան, արխիվ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա երկու հանդիպումներին չի մասնակցի թիմի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխանցամբ` Հենրիխն ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին ասել է՝ չի կարող միանալ հավաքականին, քանի որ արձակուրդում է, լավ մարզավիճակում չէ ու չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները՝ խոստանալով հոկտեմբերին միանալ հավաքականին ու 100 տոկոսանոց նվիրումով խաղալ։

Մարզական լրագրողների կարծիքով` Մխիթարյանի հավաքականին չմիանալու իրական պատճառը մարզավիճակը չէ։ Լրագրող Գևորգ Ղազարյանի խոսքով` Մխիթարյանների ընտանիքի ներսում կոնֆլիկտ կա ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, և Մխիթարյանի որոշումը հնարավոր է` սրանով է պայմանավորված. - «Ենթադրաբար այն կոնֆլիկտի մասին, որ մենք խոսում ենք, պետք է պարզապես հայտարարությունների մակարդակով բոլորն ասեն, թե ինչի մասին է խոսքը: Մխիթարյանն այն մարդն է, ով կարող է իր դիրքորոշումը հայտնի, հստակեցնի»:

Անցած տարվա ավարտին Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ու գործադիր կոմիտեի ընտրություններում հաղթեց Արմեն Մելիքբեկյանը։ Այս ընտրությունները հայ ամենահայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ կազմակերպությունում աշխատելու երկարամյա փորձ ունեցող Մարինա Թաշչյանը, խայտառակություն որակեց։ Նա հայտարարել է, որ ամեն ինչ արվել է, որպեսզի ինքը ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ չընտրվի՝ ասելով, որ հավանաբար խանգարում է Արմեն Մելիքբեկյանի թիմին։ Նախորդ տարվա դեկտեմբերին կայացած ընտրություններից հետո Մխիթարյանի մայրը հայտարարել է, որ որդին պետք է որոշի, եթե իր մորը վիրավորել են, կշարունակի խաղալ հավաքականում, թե ոչ. - «Ես դեմ եմ, որ չշարունակի, ինքը խաղում է ազգի համար, ուղղակի Հենրիկը հիմա վիրավորված է իրենց վերաբերմունքից», - ասել էր Մարինա Թաշչյանը։

Մարզական լրագրող Գևորգ Ղազարյանի խոսքով` ընտրանու առաջատարն այժմ պարտավոր է հստակեցնել իր դիրքորոշումը. - «Եվ ասի, թե ինչպես ենք մենք աշխատելու հետագայում, ինչ ֆորմատով ենք տեսնելու նրան կամ ինչ ֆորմատով չենք տեսնելու»: Նրա պնդմամբ` այս հարցում անելիք ունի նաև ֆեդերացիան. - «Ֆեդերացիան որևէ մեկնաբանություն չտվեց, տվեց հավաքականի գլխավոր մարզչի մակարդակով, որը շահերը ներկայացնող այն ամենաճիշտ կերպարը չէ»:

Չնայած Հենրիխի բացակայությանը լրագրողն առաջիկա հանդիպումներից լավ արդյունք է ակնկալում։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն Ազգերի լիգայում մրցելույթները կմեկնարկի սեպտեմբերի 5-ին՝ հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային, 3 օր անց էլ սեփական հարկի տակ կընդունի էստոնացիներին։ Հավաքականի իսպանացի մարզիչ Խոակին Կապառոսն այս խաղերի համար 23 ֆուտբոլիստի է հրավիրել, այդ թվում՝ նորեկների: Ազգային ընտրանու մարզաշապիկն առաջին անգամ կհագնի ռուսական «Ռոստով» ակումբում հանդես եկող Խորեն Բայրամյանը։

Տարիներ շարունակ ընտրանու հանդիպումները մեկնաբանող Էդուարդ Քալանթարյանը, որն այս խաղերին էլ կնստի խոսափողի առջև, ասում է՝ Հենրիխի բացակայությունը խաղային լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, ըստ նրա` կրեատիվ ֆուտբոլիստների պակաս կա: Մեկնաբանի խոսքով` պետք է սպասել հոկտեմբերին, եթե այդ խաղերին էլ թիմի ավագը չմիանա ընտրանուն, ապա բոլոր հիմքերը կլինեն պնդելու, որ հարաբերություններն են պատճառը ֆեդերացիայի հետ: «Եթե այդտեղ էլ ինչ-որ պատճառաբանություն լինի, ապա այդ ժամանակ կկարողանանք պնդել, որ հարաբերությունների հարց կա, բնականաբար ոչ գլխավոր մարզչի հետ, որի հետ նա անգամ ծանոթ չէ, այլ միգուցե Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ ինչ-որ խնդիրներ կան, դրա համար Մխիթարյանը չի եկել հավաքական: Սա ենթադրություն է, նորից եմ ասում, բայց հիմքեր այդպես ենթադրելու համար կան»:

Ինչ վերաբերում է ընտրանու առաջիկա խաղերից սպասելիքներին, մեկնաբանն ասում է՝ արդյունքն է կարևորը. - «Կլինի արդյունք, այսինքն` առաջին տեղ խմբում, ուրեմն ամեն ինչ լավ է եղել, չի լինի առաջին տեղ, ուրեմն ամեն ինչ սխալ է արվել»:

Ազգային հավաքականը եվրոպական մրցասպարեզում պայքարը նոր է սկսում, իսկ հայկական ակումբներից երեքն արդեն երեկ դուրս մնացին եվրագավաթներից։ Երեկ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում պարտվեցին «Նոան», «Ալաշկերտն» ու «Շիրակը», ավելի վաղ էլ Չեմպիոնների լիգայում մրցակցին զիջել էր Հայաստանի չեմպիոն «Արարատ Արմենիան», սակայն մրցաշարի ձևաչափով կշարունակի պայքարը Եվրոպա լիգայում։ Գյումրին ներկայացնող «Շիրակից» զատ, մյուս ակումբների մեկնարկային կազմերում հայազգի ֆուտբոլիստները քիչ էին, որոշ դեպքերում էլ ընդհանրապես չկային։ Բազմաթիվ ֆուտբոլասերներ ընդգծում էին՝ ղազախական «Կայրաթի» ու «Նոայի» միջև հանդիպման մեկնարկին դաշտում ընդամենը մեկ հայ կար, այն էլ ղազախական ակումբի կազմում։

Քալանթարյանը համակարծիք է առկա այն պնդումների հետ, որ եթե լեգիոներներն արդյունք չեն ապահովում, ավելի լավ է` հայերը խաղան. - «Ինչո՞ւ չէին կարող հայ ֆուտբոլիստները դուրս գալ դաշտ և պարտվել 1:4 հաշվով: Կլիներ տարիներ առաջ այդ տենդենցը, և մենք հիմա կգայինք մի կետի, որ Խոակին Կապառոսը ընտրելու հնարավորություն կունենար, ոչ թե աֆրիկացիներին կամ կոլումբացիներին Հայաստանի քաղաքացիություն կտայինք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG