«Այն իրավիճակը, որում մենք հայտնվեցինք, աննախադեպ էր։ Բացի, Covid-19-ի հետ կապված խնդիրներից, վրա հասավ սեպտեմբերի վերջին պատերազմը, և փաստացի մեր վերջին չորս հանդիպումները պատերազմական դրության պայմաններում են անցկացվել, և երկու խաղ, որոնք ամենակարևոր մեր խաղերն էին՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի դեմ խաղերը, որոնք պետք է անցկացվեին Հայաստանում, անցկացվեցին արտերկրում՝ Լեհաստանում և Կիպրոսում։ Մենք գիտենք նաև, որ բացի այդ ծանրագույն հանգամանքներից, հոգեբանական վիճակից, իսկ մենք հասկանում ենք, որ բոլորս այդ օրերին առաջին հերթին մտքով ռազմաճակատում էինք․․․ Բացի դրանից, եղավ նաև Covid-19-ով այս բազմաթիվ հիվանդությունների դեպքերը արդեն վերջին երկու խաղերի ժամանակ։ Եվ այս պայմաններում այդ հաջողությունը է՛լ ավելի արժեքավոր է մեզ համար», - ասաց նա։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը անցած ամիս պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական մրցաշարի ենթախմբում գրավեց առաջին տեղը՝ նոյեմբերի 18-ին Կիպրոսում հաղթելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։ Հավաքականը իրավունք ստացավ Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում խաղալու ավելի բարձր՝ B դիվիզիոնում:
Ֆեդերացիայի նախագահն ընդգծեց հավաքականի գլխավոր մարզիչ, իսպանացի Խոակին Կապառոսի աշխատանքը, ասաց՝ այս ժամանակահատվածում մարզիչը կարողացավ մարտունակ թիմ ստեղծել։
Ի՞նչ խնդիր է դրվելու մարզչի առջև արդեն աշխարհի առաջնության ընտրական փուլում։
«Հիմա մենք պետք է նախ սպասենք վիճակահանությանը։ Չնայած նրան, որ հասկանում ենք, որ հիմա արդեն Եվրոպայում, հատկապես չորս, երեք, երկու և առաջին զամբյուղներում թույլ թիմեր չկան, չեն մնացել։ Բոլոր թիմերը մարտունակ են, բոլոր խաղերը բարդ են, ինչը նաև ցույց տվեց Էստոնիայի հավաքականը նույն մեր խմբում, որը կարծես թե հետնապահ էր, բայց բոլոր թիմերից էլ միավորներ խլեց։ Ես կարծում եմ, մեր խնդիրը լինելու է մեկը, և արդեն մենք դա ձևակերպել ենք մարզչի հետ զրույցներում՝ մենք յուրաքանչյուր խաղում պետք է պայքարենք միավորների համար։ Հետո արդեն կհաշվենք այդ միավորները և կտեսնենք, թե որտեղ ենք։ Ես կարծում եմ, որ մենք կարողանալու ենք այդ պայքարը մղել և գոնե այդ խնդիրը կատարել»։
Հայաստանի ազգային հավաքականի կազմում նոր ֆուտբոլիստներ ընդգրկելու գործընթացը արդյո՞ք շարունակական է լինելու։
Մելիքբեկյանն ասաց՝ դրսից անընդհատ նոր խաղաղոցների ներգրավել հնարավոր չէ: Հավելեց սակայն՝ կա ցուցակ ու աշխատանքներ են տանում նոր ֆուտբոլիստներ հավաքական հրավիրելու համար․ - «Որոշ ֆուտբոլիստների հետ ես անձամբ հասցրել եմ խոսել։ Մասնավորապես Էդուարդ Սպերցյանի հետ, և մենք պայմանավորվել ենք արդեն առարկայական շփվել հաջորդ տարվա սկզբին։ Եվ այլ ֆուտբոլիստների հետ որոշակի կոնտակտներ կան։ Մենք ժամանակի ընթացքում իհարկե անպատճառ կներկայացնենք արդյունքները։ Դա առաջին հերթին կապված է ազգային հավաքականի մարզչի ցանկությունների հետ, թե որ դիրքում ինչ ֆուտբոլիստ է նրան հարկավոր։ Բայց, ինչպես մենք տեսանք, նա նաև մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի առաջնությանը։ Նա բավական մեծ չափով ֆուտբոլիստներ ներգրավում է նաև Հայաստանի առաջնությունում հանդես եկող թիմերից, նաև երիտասարդ ֆուտբոլիստների։ Եվ այդ պրակտիկան էլ շարունակական է լինելու»։
Ֆեդերացիայի ուշադրության կենտրոնում է նաև ազգային մարզադաշտի կառուցումը։ Մելիքբեկյանի խոսքով, քննարկումներ եղել են ներդրողների հետ։ Նա հույս հայտնեց, որ դրանք հաջորդ տարի կշարունակվեն։