Մատչելիության հղումներ

Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացում, նոր ենթակառուցվածքներ. ՀՖՖ նախագահի թեկնածու Օզբիլիսն իր ծրագիրը ներկայացրեց


Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացում, երեխաների տվյալների բազաների ստեղծում, նոր ենթակառուցվածքներ և այլն. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզն այսօր իր ծրագիրը ներկայացրեց լրագրողներին. դեկտեմբերի 23-ին նա Ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ կպայքարի ֆուտբոլային գերատեսչության ղեկավարի պաշտոնի համար:

«Ես տեսնում եմ, որ Հայաստանում միշտ սկսում եք գլխից, բայց մոռանում եք, որ երբ տունը սարքում եք, պիտի ֆունդամենտից սկսել», - նշեց Արաս Օզբիլիզը:

33-ամյա Օզբիլիզը ֆուտբոլիստի կարիերան ավարտելու ու ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտնեց անցած ամիս. Ամստերդամի «Այաքսում», Մոսկվայի «Սպարտակ»-ում խաղացած ֆուտբոլիստի վերջին թիմը Հայաստանի գործող չեմպիոն «Ուրարտու»-ն էր։ Հենց երևանյան ակումբն է առաջադրել Օզբիլիզի թեկնածությունը։

Նախկին խաղացողն այսօր երկար խոսեց մանկապատանեկան ֆուտբոլի խնդիրների մասին. ըստ նրա, հատկապես խնդրահարույց է մարզադպրոցների հասանելիությունը, դրանց թիվը շատ փոքր է:

«Իմ երեխային կարող եմ տանել «Փյունիկ», «Ուրարտու» կամ Ավանի ակադեմիան սա շատ քիչ է, Երևանում մեկ միլիոն բնակիչ ունենք, իսկ, օրինակ, Ամստերդամում 800 հազար մարդ է ապրում, բայց այնտեղ 60 ակումբ կա, իսկ մենք ունենք ընդամենը երեք տարբերակ», - ասաց Օզբիլիզը:

Խնդիր է նաև երեխաների միջև տարբեր մրցաշարերի ու հանդիպումների պակասը։ Ազգային հավաքականի կազմում 41 խաղ անցկացրած Օզբիլիզը շեշտում է՝ բոլորը ցանկանում են միջազգային խաղերի մասնակցել, այնինչ առաջին հերթին պետք է խոսել ներհայաստանյան մրցումների մասին։ ՀՖՖ նախագահի թեկնածուն առաջարկում է ֆուտբոլով զբաղվող երեխաների ընդհանուր տեղեկատվական բազաներ ստեղծել:

«Ակումբները պետք է ունենան իրենց ներկայացուցիչները, որոնք աշխատում են դպրոցների հետ, կարող ենք ունենալ տվյալների բազաներ, որտեղ երեխաների տվյալները պահվում են, այսինքն՝ մարզիչ-ծնող-դպրոց [կապը] շատ կարևոր է, ֆուտբոլը միայն պրոֆեսինալ չի, սա շատ առողջարար սպորտաձև է, էդ սպորտաձևը մեզ առողջ քաղաքացի է տալիս», - նշեց Արաս Օզբիլիզը:

Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները շարունակում են ձախողել իրենց ելույթները

Օզբիլիզի բարձրաձայնած խնդիրներին զուգահեռ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները շարունակում են ձախողել իրենց ելույթները. մինչև 21 տարեկանների հավաքականն ավելի քան երկու տարի որևէ հաղթանակ չի տարել ու հաճախ գերխոշոր հաշվով պարտություններ է կրում: Մինչև 19-երի հավաքականը վերջին տասը խաղերից 8-ում պարտվել է: Մինչև 17-երն էլ վերջին 5 խաղերում 18 գնդակ են բաց թողել՝ խփելով միայն 2-ը:

Օրերս Ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց, որ 2.5 տարվա պայմանագիր է կնքել մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ։ Մինչ 2026-ի ամառ նա է գլխավորելու մինչև 21-երի հավաքականն ու զուգահեռ համակարգելու մանկապատանեկան բոլոր հավաքականների աշխատանքը։ Կանանց ազգային հավաքականն էլ ընդհանրապես, ոչ ֆուտբալին հաշիվներով է պարտություններ կրում, թիմը զիջել է իր վերջին 23 խաղում:

«Մտածելակերպը պետք է փոխվի, որովհետև կանանց ֆուտբոլն աշխարհում զարգանում է, մենք հետ ենք ամբողջ ֆուտբոլով», - ընդգծեց Օզբիլիզը:

Ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստն իր ընտրվելու շանսերը մեծ է գնահատում. - «Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց ես համարում եմ, որ իմ շանսերը շատ մեծ են, քանի որ ես զգում եմ, որ ամբողջ ֆուտբոլի աշխարհը ինձ աջակցում է, ես զգում եմ»:

ՀՖՖ նախագահի պաշտոնում Օզբիլիզի մրցակիցը՝ Արմեն Մելիքբեկյանն ընտրություններին ընդառաջ առայժմ լուռ է, հրապարակային որևէ ելույթ դեռ չի ունեցել։

Ֆեդերացիայի ղեկավարին ՀՖՖ անդամ 25 ակումբներն են ընտրում։ Որոշ ակումբներ արդեն իսկ հայտնել են իրենց դիրքորոշումը. Օզբիլիզին առաջադրած «Ուրարտու»-ն հենց իր նախկին ֆուտբոլիստին է սատարելու։ Իսկ «Ալաշկերտ»-ը, նաև վերջերս սկանդալի կենտրոնում հայտնված «Վեստ Արմենիան»-ն՝ Արմեն Մելիքբեկյանին։

«Հետք»-ն օրերս բացահայտել էր, որ այս ակումբի տնօրենի որդին Բելգիայում պայմանավորված խաղերի հանցավոր սինդիկատի գլխավոր դեմքերից է եղել։

ՀՖՖ գործող ղեկավարության հետ լարված հարաբերություններ ունեցող «Փյունիկ»-ի նախագահ Արթուր Սողոմոնյանն էլ այս շաբաթ ասուլիս է հրավիրել և հավանաբար դիրքորոշում կհայտնի։ Մյուս ակումբները դեռ հրապարակավ չեն ասել, թե ում են տեսնում Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջիկա երեք տարիներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG