«Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցական ղեկավար կազմով Գյումրիում է։ Երկօրյա դռնփակ քաղաքական ժողովներ են անցկացնելու։
Վերջին շրջանում իշխող կուսակցությունը վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շաբաթվա ընթացքում 2-3 նիստ է անցկացնում ու հակիրճ հաղորդագրություններ տարածում, թե գաղափարական հարցերի են անդրադառնում։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ են քննարկում այդքան հաճախ։
«Օրակարգն ամեն անգամ տարբեր է ու ստեղծված իրավիճակը քննարկում ենք և շատ կարևորում ենք, որ տեղում մեր կուսակիցներն ու այն պաշտոնյաները, որոնք ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիրը», մաքսիմալ ներգրավված լինեն: Ամեն անգամ քննարկումը տարբեր է», - ասաց Սիմոնյանը:
Հայաստանում արտահերթ ընտրությունների հարց չկա, դրա կարիքը չի տեսնում ԱԺ-ի նախագահը. - «Նման խոսակցություն ոչ եղել է, ոչ կա, ոչ էլ դրա կարիքը կա»:
Օրերս «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիում խզեց «Բալասանյան» դաշինքի հետ կոալիցիոն համագործակցությունն ու որպես ընդդիմություն դիրքավորվեց։ Քաղաքական այս ապահարզանին նախորդել էին Ալավերդիի զարգացումները, որտեղ ևս ՔՊ-ն ընդդիմություն էր, սակայն անվստահություն հայտնեց քաղաքապետին ու իր թեկնածուին ընտրեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրիում կառավարումը համայնքապետարանից դուրս այլ ուժերի կողմից է. «Քաղաքացիական պայմանագիր»Կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը ուռճացված համարեց այն քննարկումները, թե ՔՊ-ն ամեն գնով ցանկանում է իշխանության գալ Հայաստանի այն համայնքներում, որտեղ ընտրությունների արդյունքում մեծամասնություն չի ստացել։
«Մի քիչ ուռճացված է այդ խոսակցությունը կապված նրա հետ, որ «Քաղաքացիական պայմանագրի» համար մշտապես բոլոր տեղերում սկզբունքային հարց է՝ ամեն գնով գալ իշխանության, նման բան չկա: Մենք ունենք բազմաթիվ համայնքներ, որտեղ մենք ընդդիմություն ենք և Գյումրիում կգործեն մեր ավագանիները՝ որպես ընդդիմադիր գործիչներ, որովհետև այն համագործակցությունը, որը տեղի ունեցավ, չի գոհացնում մեր այստեղի խմբակցությանը և մեզ չի գոհացնում, որովհետև ինչ դրական բան լինում էր, բանական է, վերագրվում էր նախկին դաշնակցին, ինչ բացասական բան լինում էր, ասվում էր, որ դա «Քաղաքացիական պայմանագրի» պատճառով է, ստվերվում է «Քաղաքացիական պայմանագրի» գործունեությունը, ուստի ինչ-որ ժամանակ՝ մինչև նոր ընտրությունները «Քաղաքացիական պայմանագիրը» կգործի որպես ընդդիմադիր խմբակցություն: Ի դեպ, նմանատիպ վերաբերմունք նաև կար Վանաձորում, ասում էին, որ մենք ամեն ինչ արեցինք, բայց իրականում 3-րդ ուժի ներկայացուցիչը դարձավ քաղաքապետ», - նշեց Սիմոնյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում իշխող քաղաքական ուժը համայնքներում ընդդիմադիր լինելու հետ չի հաշտվում. Լևոն ԲարսեղյանԹեև ՔՊ-ն չի ընդունում ամեն գնով իշխանությունը վերցնելու մասին քննադատությունը, բայց Ալավերդիից բացի կուսակցությանը հաջողվել է հետընտրական փուլում իշխանության գալ մի քանի այլ համայնքներում ևս՝ օրինակ, Անիում, Ախուրյանում։ Ալեն Սիմոնյանը սա օրինական գործընթաց է համարում. - «Ալավերդիի օրինակը ևս մեկ օրինակ է, որտեղ 27 ավագանիներից 23-ը քվեարկել են ու անվստահություն են հայտնել»:
Այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն ընդդիմություն է, մինչև ընտրական գործընթացներ մնալու է ու փորձելու է ընտրություններում հաջողության հասնել, շարունակեց Ազգային ժողովի խոսնակը։
«Խնդրում եմ՝ այդ գնահատականները տալուց միշտ զգույշ լինել, նաև սեփական փորձը նայել: «Քաղաքացիական պայմանագիրը» այնտեղ, որտեղ ընդդիմադիր է, գործելու է որպես ընդդիմադիր և փորձելու է գալիք ընտրություններին հասնել հաջողության, դա նորմալ քաղաքական գործընթաց է», - ընդգծեց Ալեն Սիմոնյանը:
Գյումրիում հերթական ընտրություններին դեռ 3 տարի կա։ 33 մանդատ ունեցող ավագանիում բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժ այս պահին չկա։ «Բալասանյան» դաշինքին դժվար է լինելու կառավարման հարցում, քանի որ որոշումների ընդունման համար երեք մանդատ պակասում է։