Վաղը Ալավերդիում նախատեսված է նորընտիր համայնքապետ, ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանի երդմնակալությունը։ Ղումաշյանը քաղաքապետ դարձավ երկու օր առաջ՝ վիճահարույց ընտրություններով։ Նրա նախորդը քվեարկությունն անօրինական է համարում, դիմել է դատարան, կառավարությունը պնդում է՝ ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում։
Մինչ դատարանը կասի վերջնական խոսքը, պարզվում է՝ նորընտիր քաղաքապետը ոչ պակաս վիճահարույց կենսագրություն ունի և հիմա էլ կանգնած է դատարանի առաջ՝ կոռուպցիոն մեղադրանքներով։ Մինչև իշխող «Քաղաքացիական պայմանագրին» միանալը Դավիթ Ղումաշյանը Հանրապետականի անդամ էր, Սերժ Սարգսյանի լուսանկարն էլ կախում էր աշխատասենյակի իր համար տեսանելի վայրում։
2016-ին դարձել էր Շնողի գյուղապետ ու դատարանից ետ վերցրել իր նախորդի բողոքը, որը պնդում էր, թե առաջին գյուղապետը՝ հանրապետական Հենրիկ Քոչինյանի հարազատ եղբայրը՝ Հայկազ Քոչինյանը, սեփականաշնորհել է գյուղի ամբուլատորիան չնչին գումարի դիմաց։ Ղումաշյանը սեփական համայնքի շահերը պաշտպանելու փոխարեն բողոքը ետ էր վերցրել։ Նախկին իշխանությունների օրոք այդ քայլը մեծ աղմուկ չէր բարձրացրել, բայց թավշյա հեղափոխությունից հետո իրավապահները քննել ու հանցագործություն էին տեսել, համարել, որ հանրապետական գյուղապետ Դավիթ Ղումաշյանն անձնական շահագրգռվածությամբ է հետ վերցրել դատարան ներկայացրած բողոքը՝ էական վնաս հասցնելով Շնող համայնքին։ Ղումաշյանն այն ժամանակ հրաժարվել էր մեկնաբանել՝ ինչու է հետ վերցրել իր վերաքննիչ բողոքը, որով համայնքը կարող էր ետ ստանալ ամբուլատորիան։
«Ես մի բան կարող եմ վստահեցնել, որ եթե որևիցե հնարավորություն լիներ, որ նման շենք ետ բերվեր համայնքին, հաստատ ես ամեն ինչ կանեի, որ հետ բերեի», - ասել էր նա։
Մինչդեռ գյուղացիները, ըստ հրապարակված գործի, դատի ընթացքում ցուցմունքներ են տվել, թե հանրապետական Դավիթ Ղումաշյանն ու ահռելի համայնքային շենքն իրենով արած Հովիկ Քոչինյանը համաձայնության են եկել։ Ղումաշյանը հետ է վերցրել հայցադիմումը, որպեսզի ամիսներ հետո տեղի ունենալիք ընտրություններին գյուղում մեծ ազդեցություն ունեցող Քոչինյաններն իրեն աջակցեն։ Գյուղացիներից մեկն ասել է. «Դավիթ Ղումաշյանն, անձնական շահ հետապնդելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով և շահարկելով, որպեսզի իր կողմը գրավի Հայկազ Քոչինյանին և նրա կողմնակիցներին, գնացել և հետ է վերցրել վերաքննիչ ներկայացրած դիմումը»։
Դավիթ Ղումաշյանը դատաքննության ընթացքում հերքել է մեղադրանքները։ Երկու տարվա նախաքննությունից ու ևս երկու տարվա դատաքննությունից հետո էլ՝ այս տարվա սկզբին արդարացվել հանցակազմի բացակայության հիմքով։ Այդ ժամանակ նա արդեն հասցրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագրին» անդամակցել, բայց դատախազությունը բողոքարկել է արդարացման դատավճիռն ավելի բարձր ատյաններում։ Այժմ գործը հասել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան։
Դատախազն իր վերաքննիչ բողոքում պնդել է. «Հաստատված փաստ է, որ Շնող համայնքի բժշկական ամբուլատորիայի շենքն օտարվել է հանցավոր գործողությունների արդյունքում, և համայնքի նախկին ղեկավարը դիմել է դատարան, որպեսզի ամբուլատորիայի շենքը վերադարձվի համայնքին։ Մինչդեռ Դավիթ Ղումաշյանը, որ ի պաշտոնե որպես իրավահաջորդ պետք է շարունակեր հայցը դատարաններում, նախկինում շուրջ 16 տարի Շնող գյուղապետ եղած Հայկազ Քոչինյանի հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու անձնական պատճառներով, վերջինիս հետ հնարավոր տարաձայնություններից և հարաբերությունների վատթարացումից խուսափելու նպատակով հետ է վերցրել իր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Շնող համայնքի իրավունքներին և օրինական շահերին»։
Քննությունը հակակոռուպցիոն դատարանում դեռ ընթանում է։ Հանրապետականից քպ-ական դարձած Դավիթ Ղումաշյանը շարունակում է հերքել մեղադրանքները։ Ի դեպ, ամիսներ առաջ նա ռուսական ՎՏԲ բանկին անցած Թեղուտի հանքավայրում է աշխատանքի անցել՝ որպես գլխավոր տնօրենի խորհրդական։