Եվրամիությունը Հայաստանի իշխանությունների հետ քննարկում է վիզայի ազատականացման երկխոսության հարցը։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի խոսքով՝ հիմա Երևանն ու Բրյուսելն ակտիվորեն համագործակցում են այդ հարցով։
«Մենք պետք է մի փոքր սպասենք՝ տեսնելու, թե ինչպիսին կլինեն այս գործընթացի արդյունքները, բայց մենք ակտիվորեն աշխատում ենք այդ նպատակին հասնելու ուղղությամբ», - նշել է Մարագոսը։
Թե երբ կմեկնարկի մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին նախորդող երկխոսությունը, կողմերը դեռ հստակ ժամկետ չեն նշում։ Ավելի վաղ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը «Ազատության» հարցին ի պատասխան՝ հնարավոր էր համարել, որ առաջիկա ամիսներին կսկսվեն Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանը հնարավոր է համարում, որ առաջիկա ամիսներին կսկսվեն ԵՄ հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները«Կշարունակենք ակտիվ աշխատել Եվրամիության և անդամ երկրների հետ հնարավորինս արագացնելու այդ գործընթացը», - ասել է Հովհաննիսյանը:
ԵՄ հետ վիզաների ազատականացման առաջարկը հաստատվել է նոյեմբերի 13-ին՝ Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների նիստում։ Առաջիկայում այս որոշումը պետք է հաստատի Եվրահանձնաժողովը, բանակցությունների ավարտին էլ որոշումը պետք է վավերացվի անդամ երկրների կողմից։
Վիզաների ազատականացմանը նախորդող երկխոսությունը տարիներ շարունակ չէր մեկնարկում ԵՄ անդամ մեկ կամ երկու երկրի դիմակայության պատճառով, թե ո՞ր երկրներն էին, ինչո՞ւ էին արգելափակում և ի՞նչ է փոխվել հիմա՝ հստակ չէ։
Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսնակ Պետեր Ստանոն «Արմենպրես»-ին ավելի վաղ հայտնել էր, որ Եվրամիությունը պատրաստվում է ուսումնասիրել Հայաստանի հետ վիզայի ազատականացման տարբերակները՝ շեշտելով՝ սա նշանակում է, որ կսկսեն գործընթաց՝ տեսնելու, թե արդյոք դա իրագործելի՞ է, հնարավո՞ր է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԵՄ-ն պատրաստվում է ուսումնասիրել Հայաստանի հետ վիզայի ազատականացման տարբերակները․ Ստանո«Ընդհանուր առմամբ, ազատականացման համար կան տեխնիկական պահանջներ, որոնցից է, օրինակ, կենսաչափական անձնագրերի պահանջը։ Բայց նաև քաղաքական պահանջներ՝ համոզվելու, որ երկրում քաղաքական շրջանակը թույլ չի տալիս մարդկանց չարաշահել ապաստանի համակարգը, որ մարդկանց չեն ստիպում լքել երկիրը և ապաստան հայցել», - լրատվամիջոցին ասել էր ԵՄ ներկայացուցիչը։
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը ևս գործընթացի մեկնարկի խոչընդոտ է համարում կենսաչափական անձնագրերի տրամադրումը։ Ըստ փորձագետի, կառավարությունը նաև մարդու իրավունքների ոլորտում օրենսդրական փոփոխություններ պետք է իրականացնի։
«Վիզա երկխոսության դու շանս չունես անցնելու, եթե մի շարք հարցեր չկատարես, օրինակ, անպայման պետք է վերադարձնենք կենսաչափական անձնագրերը օրակարգ: Հա, կառավարությունը պլանավորում է տենդեր անի, նոր, ավելի պաշտպանված անձնագրեր տա, բայց փաստը մնում է փաստ, որ այսօր դեռ չկա, ուրեմն այստեղ պետք է արագացնենք: Երկրորդը պարզ է՝ մարդու իրավունքների ոլորտն անընդհատ պետք է կատարելագործես, քանի դեռ էդ կոնվենցիաները կամ օրենքները պետք է ընդունես, որ մարդիկ, ովքեր անօրինական են Եվրոպայում, որ կարողանաս հետ բերել, կոպիտ ասած, Եվրամիությունը չի ուզում ոչ լեգալ այդ շարժը», - ընդգծեց Գրիգորյանը:
Սահմանների կառավարման հարցում էլ իշխանությունները պետք է առաջընթաց գրանցեն, ասում է Գրիգորյանը։ Նա պնդում է, որ «Զվարթնոց» օդակայանում ԵՄ-ից եկող քաղաքացիներին միայն հայ սահմանապահները սպասարկեն, ոչ թե ռուսները։
«Իրենց կարող են քննել միայն հայ սահմանապահները, օրինակ, ու դա կարգավորել պայմանագրային տեսքով: Միշտ էլ կարելի է գտնել լուծումներ, բայց կասկած ես չունեմ, որ այդ հարցը կքննարկվի ինչ-որ փուլից հետո, ես կասկած չունեմ», - ասաց վերլուծաբանը:
Գրիգորյանը կարծում է, որ դա ևս կարող է ազդեցություն ունենալ վիզաների ազատականացման գործընթացի վրա, չնայած եվրոպացի գործընկերների կողմից նման հարց չի բարձրացվել հանդիպումների ընթացքում, ասում է։
«Այստեղ ինչ-որ անձնական հարց չկա կամ ինչ-որ քաղաքական կողմնորոշման հարց չկա, զուտ տեխնիկապես: Հիմա պատկերացրեք վաղը «Զվարթնոց» մտնում է Եվրամիության քաղաքացի, մեր սահմանապահները թողում են, հարց չկա, բայց այնտեղ գտնվում են ռուս սահմանապահները, ովքեր ունեն այդ մարդու հետ պրոբլեմ, Ռուսաստանը կարող է այդ մարդու հետ պրոբլեմ ունի ու իրենք խոչընդոտ են, որ ինքը մտնի, պարզ է՝ Եվրամիությունը էդ հարցը կբարձրացնի, կասի՝ դո՞ւք եք ձեր սահմանների տերը, թե՝ ոչ: Մեր առջև ոչ մի նախապայման չի դրվում, բայց ես որպես փորձագետ, որը հասկում է խաղի կանոնները, էդ հարցը կառաջանա, դա շատ նորմալ է, շատ բնական է», - նշեց Ստեփան Գրիգորյանը:
Նույն ընթացքում, երբ քննարկվում է Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցը, հայաստանցիները շարունակում են ամիսներ շարունակ բողոքել վիզայի ժամադրություն ստանալու անհնարինության մասին։ Հայաստանում Եվրամիության դեսպանը տեղյակ է այդ խնդրից։ Վասիլիս Մարագոսն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ իրենք այդ հարցը քննարկում են դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։