Եվրամիությունը չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։
Ստանոն պարզաբանել է՝ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այն քաղաքական և տնտեսական արժեքների համայնք է»։
Նա վերահաստատել է՝ Եվրամիությունը ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, միևնույն ժամանակ շեշտելով՝ կոնկրետ որոշումներ դեռ չկան։
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն, օրերս «Ազատության» հարցին ի պատասխան, հայտարարել էր, թե Եվրամիությունը մտադիր է Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել և այդ նպատակով Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան։
Նա ասել էր, որ Եվրոպական բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն արդեն հանձնառություն է ստանձնել, որ աշխատելու է այդ ուղղությամբ և խոստացել մանրամասներ ներկայացնել առաջիկա շաբաթներին:
«Պատրաստվում ենք տեխնիկական առաքելության այցին՝ այս տարվա վերջին կամ տարեսկզբին՝ ոչ մահաբեր ձևաչափի աջակցության ոլորտում կոնկրետ առաջարկների մշակման համար», - նշել էր Մարագոսը՝ չհստակեցնելով, թե ի՞նչ է նշանակում «ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը» և արդյոք դա պաշտպանական զինատեսակների տրամադրում է ենթադրում։
Ավելի վաղ էլ Եվրամիության պատվիրակությունն էր հայտարարել, թե Եվրոպական միությունը լրացուցիչ կուսումնասիրի եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին «ոչ մահաբեր ձևաչափի» աջակցությունը։