«Մարդկանց համար լիովին փակ է ընդհանրապես վիզայի համար դիմելու հնարավորությունը»
Կես տարուց ավելի է՝ իրավաբան Տաթևիկ Գևորգյանը Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը չի կարողանում օր ամրագրել՝ վիզա ստանալու համար, որպեսզի գործուղման մեկնի։ Ասում է՝ նախկինում նման խնդիր երբեք չի ունեցել։
«Մարդկանց համար լիովին փակ է ընդհանրապես վիզայի համար դիմելու հնարավորությունը։
Գիտեմ դեպքեր, որ մեկ տարուց ավելի փորձում են ամրագրել, բայց չի ստացվում», - ասաց նա. - «Մի քանի տարի առաջ հստակ ասվում էր, որ կիրակի լույս երկուշաբթի օրը՝ ժամը 10-ի կողմերը, ամրագրման թարմացում է տեղի ունենում, նոր տեղեր են բացվում, հետևաբար ում պետք էր, նստում էր համակարգչի առաջ, ամրագրում էր: Այժմ դա հստակ չի ասվում, նախ անհասկանալի է՝ երբ են թարմացնում ամրագրման համար, և երկրորդը ամիսներով ոչ մի օր, ոչ մի ժամ չես կարողանում ազատ տեսնել, որպեսզի ամրագրես»։
Վիզա չունենալու պատճառով նախորդ գործուղումն արդեն բաց է թողել, այս մեկն էլ հավանաբար, ասում է։ Գերմանիայում իրավական թեմայով դասընթացներ է անցկացնում. - «Իմ դեպքում սա անմիջապես հարվածում է իմ գործարարական իրավունքներին, որվհետև ես դրանով կորցնում եմ գումար, նաև պատիվ ինչ-որ տեղ»։
Լսել է տուրիստականների միջոցով օր ամրագրելու հնարավորության մասին
Գևորգյանը լսել է՝ հնարավոր է օր ամրագրել տուրիստական գործակալությունների միջոցով, ծառայությունն արժե մինչ 70 հազար դրամ։ Ասում է՝ սկզբունքի հարց է՝ օրինական ճանապարհով է ցանկանում օր ամրագրել։
«Ես տասը տարի Գերմանիայում ապրել եմ, նաև աշխատել եմ այդ համակարգում, դրա համար համակարգը պատկերացնում են: Վերադառնալով երկու տարի առաջ Հայաստան՝ ես ընդհանարապես քաղաքացիության համար էլ չդիմեցի հենց այդ պարզ պատճառով, որ ես գիտեի, որ խնդիր չի լինի վիզայով գնալ Գերմանիա», - նշում է նա։
Ինչպե՞ս են հաջողացնում տուրիստական գործակալություններն օրեր ամրագրել ու դա վաճառել վիզայի արժեքից մի քանի անգամ բարձր գներով, այս հարցի պատասխանը չի կարողանում գտնել նաև UWC Դիլիջան միջազգային դպրոցի ուսուցիչը։
Հասմիկ Մարտիրոսյանը և՛ս արդեն մեկ այց բաց է թողել. Գերմանիա պետք է մեկներ վերապատրաստման, հիմա էլ գիտական նպատակներով՝ ցեղասպանության վերաբերյալ թեզն ավարտելու։
«Հոկտեմբեր ամսին պետք է գնայի, երևի օգոստոսի վերջից, սեպտեմբերի սկզբից փորձել եմ դիմել, այդպես էլ չի ստացվել։ Մեկ շաբաթով էր գործուղումը, և մի տարի էլ այդ հնարավորությունը չի լինի: Երկրորդ պատճառը Գերմանիա գնալու այն է, որ ես հայցորդ եմ, և իմ թեզի թեման հենց Գերմանիայի հետ է կապված, Գերմանիայի մասին եմ գրում և ժամանակ առ ժամանակ կարիք ունեմ այնտեղ գնալու՝ ուսումնասիրությունների, հարցազրույց վերցնելու», - ասաց Հասմիկ Մարտիրոսյանը։:
Բազմաթիվ են բողոքները նաև Եվրամիության անդամ մյուս երկրների վերաբերյալ՝ Ֆրանսիա, Իտալիա, Ավստրիա։ Եթե Ֆրանսիայի մուտքի արտոնագիրը տրամադրում է հենց դեսպանատունը, ապա Իտալիայի, Ավտրիայի դեպքում վիզաների աջակցման կենտրոնն է այդ հարցով զբաղվում։
Իզաբել Շատոյանից Ավստրիա գործուղման մեկնելու համար գրեթե մեկուկես ամիս է պահանջվել. - «Եթե դու ինչ-որ տեղ մեկնելու, եվրոպական երկիր մեկնելու համար ունես բավականին երկար ժամանակ պատրաստվելու, խոսքը 4-5 ամսվա մասին է, այդ ժամանակահատվածը լիովին թույլ է տալիս, որպեսզի այդ ամբող պրոցեսը հանգիստ անցնեց, բայց սուղ ժամանակահատվածում գրեթե անհնարին է»:
Ինչո՞ւ է Հայաստանի քաղաքացիների համար դյուրացման փոխարեն մի քանի անգամ բարդացել եվրոպական երկրներ մեկնելը, այն դեպքում, երբ Հայաստանն ու ու Եվրամիությունն ավելի քան տասը տարի առաջ համաձայնագիր են ստորագրել մուտքի արտոնագրերի դյուրացման վերաբերյալ։
Վիզայի դիմողների թիվն ավելացել է ռուսաստանցի ներգաղթյալների ներհոսքի պատճառո՞վ, թե՞ բյուջետային ավիաընկերությունների մուտքն է դրան նպաստել, թե՞ այլ պատճառ կա։ Հարցի պատասխանն ամիսներ շարունակ չեն կարողանում գտնել բազմաթիվ քաղաքացիներ։
Դեսպանատների արձագանքը
Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձաժողովի նախագահը տեղեկություն ունի, որ որոշ դեսպանատներ կրկնապատկել, եռապատկել են աշխատողների թիվը։ Արման Եղոյանը, սակայն, խնդրի լուծման համար նաև այլ քայլերի անհրաժեշտությունն է տեսնում։
«Կարծում եմ, որ պետք է այլ միջոցներ էլ, այսինքն՝ այլ լուծումներ էլ փորձենք գտնել», - ասաց նա:
Պատրա՞ստ են արդյոք հյուպատոսական ներկայացուցչությունները հավելյալ քայլեր ձեռնարկել՝ գործընթացը պարզեցնելու կամ հնարավոր զեղծարարությունները կանխելու համար։
Գերմանիայի դեսպանատնից «Ազատությանը» պատասխանեցին՝ տեղյակ են, որ խնդիր կա, բայց այլընտրանքային գործընթաց չեն նախատեսում. - «Դեսպանատունը քաջատեղյակ է ժամադրությունների պակասի մասին։ Ամրագրումների քանակը սահմանափակ է՝ տեղերի քչության պատճառով, և բոլոր հասանելի հանդիպումները շատ արագ են ամրագրվում»:
Խնդրից տեղյակ են նաև Ավստրիայի հյուպատոսությունում ու Ֆրանսիայի դեսպանատանը։ Այստեղից էլ «Ազատությանը» հայտնեցին՝ վիզայի պահանջարկը կտրուկ աճել է, կոնկրետ թվեր, սակայն, դեսպանատունը չի ներկայացրել։ Չի նշել նաև՝ հնարավո՞ր է փոփոխություն լինի գործընթացում, այս փուլում դեսպանատունն առաջարկում է միայն վիզայի մասին վաղաժամ մտածել։
«Ֆրանսիայի դեսպանատունը փնտրում է բոլոր հնարավոր տարբերակները` երաշխավորելու, որ Հայաստանի քաղաքացիներն այցելեն Ֆրանսիա: Այս առումով մենք վիզայի համար դիմողներին խորհուրդ ենք տալիս որքան հնարավոր է շուտ ամրագրել վիզայի համար դիմելու օրը՝ ծրագրված ուղևորությունից 3-ից 6 ամիս առաջ»:
Անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը ավարտեն նախապատրաստական աշխատանքները. ԱԳՆ
Մինչ վիզա ստանալու օրն ամրագրելն անգամ դարձել է խնդիր, Հայաստանյան իշխանությունները՝ թե՛ նախկին, թե՛ ներկա, տարիներ շարունակ խոսում են ընդհանրապես առանց արտոնագրի Եվրոպա մեկնելու հնարավորության մասին։ Այդ գործընթացին նախորդող երկխոսությունը, սակայն, այդպես էլ չի մեկնարկում, ինչո՞ւ:
Հայաստանի արտգործնախարարությունից հայտնում են, թե անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը ավարտեն նախապատրաստական աշխատանքները, ԵՄ խորհուրդն էլ որոշում կայացնի, ինչը, ըստ արտաքին գերատեսչության, ժամանակատար գործընթաց է։ «Պետք է ԵՄ անդամ 27 երկների համաձայնությունը», - հավելում են ԱԳՆ-ից։
Այս պահին ԵՄ մեկ-երկու երկրի համաձայնությունն է մնացել. Եղոյան
Ըստ իշխանական պատգամավոր Արման Եղոյանի՝ այս պահին ԵՄ մեկ-երկու երկրի համաձայնությունն է մնացել: Թե որ երկրներն են դրանք, Եղոյանը փակագծերը չբացեց, բայց պնդեց, թե պաշտոնական Երևանն անում է հնարավորը՝ գործընթացն արագացնելու համար.
«Նաև թվերով ցույց ենք տալիս, որ Հայաստանից ընդհակառակը՝ անօրինական այնտեղ մնացողների թիվն ամեն տարի նվազում է, այսինքն՝ գնացող և անօրինական մնացողների թիվը: Սա, կարծում եմ, շատ կարևոր փաստարկ է՝ ցույց տալու համար, որ ազատականացման դեպքում էլի լուրջ խնդիրներ չեն լինի», - նշեց նա:
Արդյո՞ք մուտքի արտոնագրերի ազատականացման երխոսությունը ձգձվում է, քանի որ Երևանը չի կատարում իր պարտավորությունները, թե՞ այլ պատճառներ կան, Եվրամիության հայաստանյան պատվիրակությունից հետաքրքրվել էր «Ազատությունը»: Եվրոպական դիվանագիտական գերատեսչությունից արձագանքել են՝ երբ ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնեն, Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը կարող է սկսվել՝ առանց մանրամասնելու, թե ինչն է այդ երկրների հապաղման պատճառը, և որ երկրներն են դեմ գործընթացի մեկնարկին։
Հետխորհրդային երկրներից այս պահին առանց վիզայի Շենգենի գոտի մուտք գործելու իրավունք ունեն միայն հարևան Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի քաղաքացիները։