«Երևանը Բաքվին 70 օր չի պատասխանել»
Բաքուն պահանջում է Երևանից երաշխիքներ, որ ռևանշիզմի փորձեր չեն լինի, այդ հայտարարությամբ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել «Ղարաբաղ. Վերադարձ տուն 30 տարի անց. Նվաճումներ և բարդություններ» խորագրով Բաքվում տեղի ունեցած համաժողովում:
Այն, ըստ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության, համատեղ կազմակերպել են Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիան և «Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոն» հաստատությունը:
Միջոցառմանը ներկա են երեսուն երկրներից ժամանած վեց տասնյակ փորձագետներ: Նրանց հետ զրույցում Իլհամ Ալիևը ներկայացրել է պաշտոնական Բաքվի տեսակետը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի, միջազգային դերակատարների և այսօր քննարկվող բուն նախագծի վերաբերյալ: Այն, ի դեպ, առանձնապես ծավալուն չէ:
«Մի 6-7 էջ է, հոդվածների թիվը 20-ի էլ չի հասնում»,- ասել է Ալիևը, որը փաստաթղթի համաձայնեցման ձգձգման համար մեղադրում է բացառապես հայկական կողմին:
Նրա պնդմամբ՝ «Երևանը 70 օր չի արձագանքել Բաքվին» և, ի վերջո, պատասխանը տվել է միայն այն բանից հետո, երբ այդ մասին ահազանգել է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը: Հետևաբար, ըստ Ալիևի, միջազգային հանրությունը պետք է ընդունի, որ հայերն են հետաձգում գործընթացը:
«Ինչո՞ւ էին հայերը հետագձում, դա նրանց սխա՞լն էր, թե՞ գուցե դա նրանց եվրոպացի նոր բարեկամների խորհուրդն էր, չեմ կարող դատել, կարող եմ միայն կասկած հայտնել»,- ասել է Ալիևը:
Նա իր մեկնաբանություններում մի քանի անգամ ակնարկներ է արել «Հայաստանի եվրոպացի նոր բարեկամների» մասին, և, ամենայն հավանականությամբ, ակնարկները հասցեագրված էին Ֆրանսիային:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը շարունակում է համագործակցել Բաքվի հետ կոչ անելով նրանց՝ ձգտել Երևանի հետ կայուն խաղաղության․ Միլլեր ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խաղաղության խաչմերուկ». ի՞նչ սկզբունքներով, ի՞նչ ճանապարհներ է Հայաստանը պատրաստ կառուցել ու վերակառուցելԻլհամ Ալիևի խոսքով՝ Բաքուն վերջապես ստացել է հայկական կողմի գնահատականը: Հիմա այն վերլուծում է ադրբեջանական կողմը:
«Մենք կուղարկենք մեր արձագանքը, և դրանից հետո հնարավոր կլինի արտաքին գործերի նախարարների հանդիպումը»,- նշել է նա:
«Հայերը պետք է մոռանան ԼՂՀ-ի մասին և անցնեն սահմանազատման»
Նրա հավաստիացմամբ՝ «Ադրբեջանը ցանկանում է, որ երկու երկրների միջև ընդհանրապես պատերազմ չլինի», սակայն դրա համար անհրաժեշտ են երաշխիքներ. - «Հայերը պետք է մոռանան այսպես կոչված «ԼՂՀ» պատմության մասին և անցնեն սահմանազատման գործընթացին»:
Ըստ Ալիևի՝ Ադրբեջանն է եղել խաղաղության գործընթացի նախաձեռնողը, առաջին փուլում հայկական կողմը ջանքեր է գործադրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը պայմանագրի նախագծում ներառելու համար, ինչը Բաքուն մերժել է:
«Կա՛մ պայմանագիրը կսահմանի երկու փոքրամասնությունների իրավունքները, կա՛մ ընդհանրապես չենք խոսի այդ մասին»
«Մեր դիրքորոշումն էր չանդրադառնալ այս հարցին, և տարածքային ամբողջականության ճանաչումը պետք է լինի փոխադարձ։ Ուստի, մենք ասացինք, որ եթե տեքստում ներառված է Ադրբեջանում հայկական փոքրամասնության հարցն, ապա նույն կերպ այնտեղ պետք է ներառվի նաև Հայաստանից վտարված ադրբեջանցիների հարցը։ Նրանք էլ պետք է վերադառնան Հայաստան, ապրեն այնտեղ, նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է լիովին ապահովվի», - նշել է Ադրբեջանի ղեկավարը։
Նա պնդել է՝ հայ փոքրամասնության իրավունքները կապահովվեին։
«Ցավոք, հայկական կողմը մերժեց դա։ Սա անտրամաբանական էր, քանի որ մենք ոչ մի արտասովոր բան չէինք առաջարկում: Մենք միայն առաջարկել ենք պահպանել փոխադարձության սկզբունքը։ Մյուս տարբերակը թեմային ընդհանրապես չանդրադառնալն է: Կա՛մ խաղաղության պայմանագիրը կսահմանի երկու փոքրամասնությունների իրավունքները, կա՛մ մենք ընդհանրապես չենք խոսի այդ մասին»,- ասել է նա։
«Ադրբեջանին պետք է դյուրին մուտք Նախիջևան»
Մեկնաբանություններում անդրադառնալով տրանսպորտային ուղիներին՝ նա ասել է, թե Հայաստանը պետք է սեփական ուժերով կամ եվրոպական միջոցների հաշվին կառուցի 42 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գիծ։ Ադրբեջանը դա համարում է Հայաստանի ինքնիշխան տարածքը, որի նկատմամբ վերապահումներ չունի:
«Բայց Ադրբեջանին պետք է դյուրին մուտք Նախիջևան, առանց սահմանին մաքսային խոչընդոտների, ստուգումների կամ ընթացակարգերի: Դա մեր օրինական իրավունքն է»,- պնդել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ այդ հարցերը քննարկելիս անդրադարձ է եղել Ռուսաստանի և Կալինինգրադի երկաթուղային գծի փորձին, սակայն Հայաստանը հրաժարվել է դրանից։ Ալիևի պնդմամբ՝ հրաժարվելով Զանգեզուրի տարբերակից՝ Հայաստանը շատ բան է կորցնում:
«Նոր ավագ եղբայրը նախորդից լավը կլինի»
Նրա խոսքով՝ Հայաստանը քաոսային արտաքին քաղաքականություն է վարում և մի ծայրահեղությունից մյուսն է ընկնում։
«Նրանք {հայերը} հավատում են, որ այս կերպ կարող են փրկվել։ Դա սխալ է, նրանք պարզապես կստանան ևս մեկ ավագ եղբայր: Այս ավագ եղբայրը նախորդից լավը կլինի՞։ Անկեղծ լինենք, դա ճիշտ չէ։ Նա հեռու է, ոչ այնքան մոտ է տարածաշրջանին, ոչ այնքան կապված է իր կրտսեր եղբոր հետ և հետապնդում է իր քաղաքական, գուցե նույնիսկ անձնական նպատակները և գաղափարները»,- ասել է Ալիևը։
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանը առնվազն պետք է հստակ արտահայտի իր կամքը։ Սա խաղաղության առաջին պայմանն է։
«Եթե Հայաստանը կարողանա դառնալ լավ հարևան, ցույց տալ, որ պատրաստ է աջակցել, ապա կպահպանի իր ինքնիշխանությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը չպետք է ստորագրի խաղաղության պայմանագիր, որտեղ Ադրբեջանի ճանաչված սահմանը ներառում է ողջ ԼՂ-ն. ՀիթիքՄոսկվա-Տոկիո կապերը՝ Բաքվի և Երևանի համար օրինա՞կ
Ադրբեջանի ղեկավարը նշել է նաև, թե անպայման չէ կնքվի խաղաղության պաշտոնական փաստաթուղթ: Նա այդ առումով հիշատակել է նախկին ԽՍՀՄ-ի և ներկայիս Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները Ճապոնիայի հետ, ասելով, որ նախքան ռուս-ուկրաինական հակամարտությունն այդ երկու երկրները, ի պաշտոնե չստորագրելով խաղաղության պայմանագիր, սերտորեն համագործակցել են ամենատարբեր բնագավառներում:
«Ուստի, Ադրբեջանին անհրաժեշտ են հուսալի երաշխիքներ, որ Հայաստանում ռևանշիստական միտումներ չեն լինի: Ինչո՞ւ են պետք այդ երաշխիքները, որովհետև մենք լավ գիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում և գիտենմք, թե ինչ վտանգավոր խորհրդատուներ ունի Հայաստանը եվրոպական մի երկրում, որի անունը չեմ նշում, թեպետ բոլորը հասկանում են, թե ուննկատի ունեմ»,- ասել է Ալիևը:
«Փաշինյանն էլ պատրաստ չէր լոկ մեկ սանտիմետր զիջել»
Ալիևը խոսել է նաև պաշտոնական Երևանի և հայոց ընդդիմության մոտեցումների մասին:
Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն առանձապես չէր տարբերվում նախագահներ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի դիրքորոշումներից: Փաշինյանն էլ չէր ցանկանում գոնե մեկ սանտիմետր տարածք զիջել, և պարզապես Ադրբեջանն է նրան դա պարտադրել, ասել է Ալիևը։
«Հիմա նա {Փաշինյանը} ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետև Ադրբեջանն է հաղթել: Իսկ ժամանակին նա պնդել է, թե «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նրա պաշտպանության նախարարն էլ ասել է, թե նոր պատերազմի դեպքում Ադրբեջանը նոր տարածքներ կկորցնի: Դա ո՞վ էր, դա Փաշինյանն էր»,- հավելել է նա։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Հայաստանի ընդդիմությունն էլ ցանկանում է, որ Փաշինյանը գործի այդ սխալը՝ չգնա խաղաղության, «լինի նոր բախում, որի ընթացքում Ադրբեջանը կջախջախի հայերին, ովքեր էլ կանգնած լինեն նրանց թիկունքում»:
Դրա միակն նպատակն է, ըստ Ալիևի, ստիպել Փաշինյանին կատարել այդ սխալը, տապալել նրան և հասնել իշխանության:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևին անընդհատ պետք է Հայաստանի դեմ թշնամանքի նոր օրակարգ. Նարեկ Սուքիասյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարուքյանը կոչ է անում միջազգային գործընկերներին դատապարտել Բաքվի գործողություններըԱյժմ քննարկվում է Բրյուսելում նոր հանդիպման հարցը
Ալիևի փոխանցմամբ՝ այժմ քննարկումներ են ընթանում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով «բրյուսելյան ձևաչափով» նոր հանդիպման անցկացման վերաբերյալ։
«Անձամբ ես և Ադրբեջանը միշտ աջակցել ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին։ Նրա կողմից մի քանի հանդիպումներ են կազմակերպվել Բրյուսելում։ Այժմ մենք քննարկում ենք հնարավոր նոր հանդիպման մասին»,- ասել է Ալիևը:
Your browser doesn’t support HTML5