Մատչելիության հղումներ

Հայաստանը չպետք է ստորագրի խաղաղության պայմանագիր, որտեղ Ադրբեջանի ճանաչված սահմանը ներառում է ողջ ԼՂ-ն. Հիթիք


Ստեփանակերտ, արխիվ
Ստեփանակերտ, արխիվ

Հայաստանը չպետք է ստորագրի խաղաղության պայմանագիր, որտեղ Ադրբեջանի ճանաչված սահմանը ներառում է ողջ Լեռնային Ղարաբաղը, կարծում է իրավաբան, միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Թալին Հիթիքը, ով տեսակապով մասնակցում էր Անվտանգային վերլուծությունների ինստիտուտի կազմակերպած երևանյան գագաթնաժողովին:

«Ի՞նչ չպետք է անենք, մենք չպետք է ստորագրենք խաղաղության համաձայնագիր, որում Ադրբեջանի ճանաչված սահմանները ներառում են Լեռնային Ղարաբաղը, մենք ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունը: Եթե Հայաստանի Հանրապետությունը, որը դե ֆակտո ներկայացնում է Արցախի ժողովրդի շահերը, ստորագրի համաձայնագիրը և համաձայնի այդ սահմանների հետ, կարծում եմ, և պատմությունն էլ ցույց կտա, որ մենք թույլ ենք տալիս Արցախի Հանրապետության լուծարումը», - նշեց նա:

Իսկ ի՞նչ պետք է անեն սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից տեղահանված և Հայաստանում ապաստանած արցախցիները: Ըստ Թալին Հիթիքի՝ արցախցիները պետք է իրենց իրավունքները ներկայացնեն միջազգային հարթակներում՝ իրենց կառավարության և Հայաստանի կառավարության փոխգործակցությամբ: Փորձագետը բազմաթիվ օրինակներ ներկայացրեց տարբեր երկրներում վտարանդի կառավարությունների գործունեության:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մեջբերեց Հայաստանի իշխանություններին, թե դեմ են, որ Արցախի պետական ինստիտուները պահպանվեն, քանի որ դա սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը:

Թալին Հիթիքը կարծում է՝ որևէ սպառնալիք Արցախի կառավարությունը Հայաստանի համար չի ստեղծում, բայց եթե կան որոշակի մտահոգություններ, ապա Արցախի կառավարության ներկայացուցիչները պիտի դրանք քննարկեն Հայաստանի կառավարության հետ, չի կարելի թույլ տալ, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև թշնամանք առաջանա:

«Ես գիտեմ որ դուք, նկատի ունեմ Արցախի նախկին իշխանությունները, ևս շահագրգռված եք Հայաստանի անվտանգությամբ, քանի որ գտնվում եք Հայաստանում: Մենք պետք է սկսենք իրար ներկայացնել փոխադարձ մտահոգություններն ու լսել միմյանց և թույլ չտալ, որ այդ հարաբերությունները դառնան թշնամական: Ոչ մեկի շահերից չի բխում, որ Հայաստանի կառավարւթյան և Արցախի իշխանությունների հարաբերությունները լինեն թշնամական, դա սպառնալիք կստեղծի և Հայաստանի անվտանգության համար, և հետևաբար սպառնալիք կլինի նաև Հայաստանում ապաստանած արցախցիների և արցախյան իշխանությունների համար»:

Ըստ փորձագետի՝ արցախահայության խնդիրը ներկայացնելիս պետք է շեշտադրել, որ խոսքը բնիկ ժողովրդի մասին է, արցախահայերը ունեն վերադարձի իրավունք որպես փախստական, ու նաև որպես բնիկ ժողովուրդ, որ ապրել է այդ հողում՝ անկախ նրանից, թե ովքեր են գրավել կամ ում տիրապետության տակ է եղել այն:

Միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Թալին Հիթիքը, սակայն, միևնույն ժամանակ նկատում է՝ աշխարհում այս տարածաշրջանի մասին շատ քիչ բան գիտեն, և Հայաստանից բացի, այլ երկրներում ընկալումը հիմնականում այն է, որ Արցախը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված մասն է, դա շատ ցավալի ու հիասթափեցնող է, բայց այդ փաստի հետ պետք է հաշվի նստել: Ըստ փորձագետի՝ այդ ընկալումն առաջացել է նաև Հայաստանի մեղքով, քանի որ 30 տարի շարունակ Հայաստանը հետևողական չի եղել և միջազգային հանրությանը չի ներկայացրել հակամարատության իրական պատմությունն ու իրական պատկերը:

«Մենք պետք է հիշենք, թե ինչ է մտածում միջազգային հանրությունը տարածաշրջանի վերաբերյալ, այն մտայնությունից, թե Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածքի մասն է: Մենք պետք է սկսենք այդտեղից, եթե մենք ցանկություն ունենք վերադառնալ և վերստին հիմնել Արցախի Հանրապետություն, մենք պետք է սկսենք քանդել միջազգային հանրության այդ պատկերացումն ու նարատիվը: Պետք է սկսենք անհապաղ, իրականում դեռ երեկ պետք է սկսած լինեինք», - նկատեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG