Մատչելիության հղումներ

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը չի գնա էսկալացիայի ճանապարհով. ՔՊ-ական պատգամավոր


«Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը կվերադառնա բանակցային սեղան ու չի գնա էսկալացիայի ճանապարհով»,- հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունից հետո հայտարարում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վահագն Ալեքսանյանը։

Երեկ ցերեկը Վայոց Ձորի Բարձրունի համայնքի դիրքերում հայ զինծառայող զոհվեց, Արտգործնախարարության փոխանցմամբ՝ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից։

Միջազգային արձագանքը, սակայն, իշխանություններին չի բավարարում, կարծում են՝ դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի վրա ճնշումն անհրաժեշտ է մեծացնել։ Ալեքսանյանի խոսքով՝՝ եթե ամբողջ ուժով դատապարտեին Ադրբեջանի ապօրինությունները, գուցե ամեն ինչ այլ հունով գնար:

«Միջազգային գործընկերների հետ երկկողմ, բազմակողմ շփումների ընթացքում ևս բազմիցս շեշտվում է անհրաժեշտությունը, որպեսզի Ադրբեջանի վրա պատշաճ դիվանագիտական ճնշումներ բանեցվեն, որպեսզի վերջինս վերադառնա բանակցությունների սեղանին և ոչ մի պարագայում չգնա էսկալացիայի, բայց թե ինչքանով դրանք կաշխատեն, դա, բնականաբար, ոչ ոք երաշխավորել չի կարող», - ընդգծեց պատգամավորը:

Մինչ Բաքուն սուտ է որակում ադրբեջանական կրակոցից հայ զինծառայողի զոհվելու մասին Երևանի պնդումը, Հայաստանին մեղադրում «սահմանամերձ տարածքներում կեղծ լարվածություն առաջացնելու և երրորդ կողմի ուշադրությունը գրավելու փորձի մեջ», հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն Արևմուտքին կոչ է անում միանշանակ դատապարտել բանակցություններից խուսափելու և սահմանային նոր սպանություններ նախաձեռնելու Ադրբեջանի գործողությունները: Դրանք, ըստ նրա, խաթարում են խաղաղության ողջ գործընթացը։

«Խաղաղության մասին Ադրբեջանի ըմբռնումը որոշակիորեն տարբերվում է խաղաղ գործընթացի մեր ըմբռնումից», - հայտարարել է Մարուքյանը՝ դիմելով խաղաղության գործընթացում ներգրավված Միացյալ Նահանգների նախագահին, պետքարտուղարին, Ֆրանսիայի ղեկավարին, Եվրամիության խորհրդի նախագահին ու Եվրամիության բարձր ներկայացուցչին։

Այս գրառմանը նախորդել էր Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարի մտահոգությունը սահմանից ստացված տեղեկությամբ։

Երևանը հույսեր է կապում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ՛Բրայենի վաղվա Բաքու այցի հետ։ Երկկողմ հարաբերություններից բացի, ըստ Պետդեպարտամենտի, օրակարգում է նաև հայ-ադրբեջանական խաղաղությանն աջակցելու հարցը։ Հայաստան այցելության մասին չի հաղորդվել։

Հենց Օ՛ Բրայենն էր հայտարարել, որ Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակումից հետո Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չեն տեսել խաղաղության բանակցություններում։ Ի պատասխան Բաքուն տապալեց արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումը՝ Ամերիկային համարելով կողմնակալ միջնորդ։

Չնայած բրյուսելյան ձևաչափով բանակցություններն ընդունելի են համարում, բայց ԼՂ-ի դեմ հարձակումից հետո ադրբեջանցիները փաստացի բոյկոտում են այդ հարթակ ևս։ Նաև հայտարարում են՝ նախընտրում են դեմ առ դեմ բանակցությունները։

Բայց խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկների փոխանակման գործընթացը կանգ չի առել, մի քանի օր առաջ փոխվարչապետերն են հանդիպել սահմանազատման հանձնաժողովների շրջանակներում։ Հնարավո՞ր է Ադրբեջանը նոր պահանջներ է դնո՞ւմ.

«Եթե բանակցություններին չի մասնակցում, հետևաբար չի կարող նոր պահանջներ դնի, ինձ հայտնի չեն նոր պահանջների մասին», - ասաց Ալեքսանյանը:

Իշխանական պատգամավորը թող հետևի ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններին, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է հակադարձում:

«Պահանջում են ինչ-որ անհասկանալի 8 գյուղ, միջանցք, պահանջում են փախստականների վերադարձ Հայաստանի Հանրապետություն: Հենց այս վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը սխալվեց, մենք ճիշտ էինք: Իրենք կարծում էին, որ եթե Արցախը զիջեն Ադրբեջանին, դրանով կկարողանան հագեցնել Ադրբեջանի ծարավը, բայց Ադրբեջանը կլանելով Արցախը, ժամանակավորապես բռնազավթելով և բռնակցելով Ադրբեջանին, այլևս անմիջական պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը», - ընդգծեց Խաչատրյանը:

Արցախի հարցը, ըստ իշխանական պատգամավոր Ալեքսանյանի, մինչև իրենց իշխանության գալը՝ մինչև 2018-ն է լուծվել. - «Մեր խնդիրն այն է եղել, որ չենք համակերպվել իրականության հետ կամ գուցե ամբողջությամբ չենք գիտակցել, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջ 30 տարի շարունակ: Միայն մենք չէ, բոլորս որպես հանրություն գոռացել ենք՝ «Արցախը Հայաստան է և վերջ», բայց ուշադրություն չենք դարձրել, որ աշխարհի ոչ մի երկիր առանց բացառության մեր հետ չի ձայնակցում»։

Չնայած 2020-ից հետո ու մինչև այսօր էլ Ադրբեջանի նախագահը պնդում է, որ Ղարաբաղի հարցը լուծվել է, պատերազմի ավարտից մոտ տասը ամիս անց էլ միջազգային հանրությունից դեռ հայտարարություններ էին հնչում՝ քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, հակամարտությունը կարգավորված չէ։ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանն է հայտարարությունն արել՝ 2021-ի օգոստոսին։

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը չի գնա էսկալացիայի ճանապարհով. ՔՊ-ական պատգամավոր
please wait

No media source currently available

0:00 0:05:11 0:00

XS
SM
MD
LG