ԱՄՆ դեսպանն այցելել է Լոռու մարզ՝ ԼՂ-ից տեղահանվածներին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը երեկ այցելել է Լոռու մարզ՝ Վանաձորում և հարակից համայնքներում ապաստանած Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով, հաղորդում է դեսպանությունը։

Մարզի տարբեր բնակավայրերում ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 6 հազար քաղաքացի, դեսպանի հետ հանդիպմանն ասել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ իրազեկելով նաև պետական աջակցության բոլոր ծրագրերի մասին:

Ըստ մարզպետարանի՝ Քվինը տեղեկացրել է, որ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակը իրականացնում է մարդասիրական աջակցության ծրագրեր, և վերջինիս շրջանակում մեծաքանակ մանկական սնունդ և հիգիենայի պարագաներ է բերվել Լոռու մարզ՝ թիրախային խմբերին՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին տրամադրելու նպատակով:

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո ավելի քան 100 հազար բնակիչներ լքել են Արցախը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանից բռնի տեղահանված ու էթնիկ զտումների հետևանքով փախստական դարձած հայերի թիվը 500 հազար է. վարչապետ