Միջազգային հանրության լուռ համաձայնությամբ Ադրբեջանը հասել է իր վաղեմի նպատակին՝ ստանալու Լեռնային Ղարաբաղի տարածքին առանց հայ բնակչության, ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Այնուամենայնիվ, դա իրականացնելուց հետո էլ ադրբեջանական կողմի պահանջները չեն դադարել. հիմա Հայաստանի Հանրապետության ողջ ինքնիշխան տարածքն է դարձել մեր հարևանի թիրախը։ Զուգորդված լինելով շարունակական ատելությամբ, ռազմական հռետորաբանությամբ, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, տարբեր միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ և ԵՄ կողմից կազմակերպված հանդիպումներին մասնակցելու մերժման հետ՝ սա ի ցույց է դնում, որ այս երկիրն անկեղծորեն շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ», - ասաց նախարարը:
Միաժամանակ նա նշեց, որ չնայած տեղի ունեցած մարդասիրական աղետին՝ Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը և կարծում է, որ դա դեռ հնարավոր է։
Միրզոանը խոսել է նաև «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին՝ նշելով, որ այս նախագիծը նպատակաուղղված է կապելու Արևելքը Արևմուտքի և Հյուսիսը Հարավի հետ և տարածաշրջանային համագործակցության միջոցով պայմաններ ստեղծելու տնտեսական և մշակութային կապերի ամրապնդման, ինչպես նաև հակասությունների հարթման և տարածաշրջանի երկրների միջև ավելի լավ փոխկապակցվածության և քաղաքական երկխոսության խթանման համար:
«Այս առումով Հայաստան֊Թուրքիա սահմանի բացումը ևս վճռորոշ կարևորություն ունի», - նկատել է Արարատ Միրզոյանը։
«Եվ ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ Հայաստանը շարունակում է պատրաստ լինել բանակցություններին, և մեզ անհրաժեշտ է, որ Ադրբեջանը դադարի մերժել հանդիպելու և խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու՝ միջնորդների առաջարկները։ Այս նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ են բոլոր շահագրգիռ կողմերի և ընդհանուր առմամբ միջազգային հանրության իրական ջանքերը՝ Հարավային Կովկասում բռնության էջը շրջելու և միջազգային օրենքների վրա հիմնված կարգ ամրապնդելու համար», - ասել է նա։