ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է դադարեցնել աջակցությունը Ադրբեջանին՝ Ղարաբաղն ազատագրելու համար, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։
Նա նշել է, որ Վաշինգտոնն այս պահանջն առաջ է քաշել որպես Թուրքիա F-16-ներ ուղարկելու պայման։
Թուրքիան ցանկանում է ձեռք բերել F-16 Block տեսակի 40 օդանավեր և ևս 80 օդանավերի արդիականացման համար անհրաժեշտ պահեստամասեր ու սարքավորումներ:
Այս գործարքի կնքումը, սակայն, արգելափակվեց անցած տարվա ամռանը, այն բանից հետո, երբ կոնգրեսականները ԱՄՆ պաշտպանական բյուջեի ընդունման ժամանակ մի լրացում ընդունեցին, որով պահանջում էին, որպեսզի Սպիտակ տունը բուն օդանավերի կամ դրանց պահեստամասերի վաճառքից առաջ օրենսդիրներին հստակ ապացույցներ ներկայացնի, որ այդ քայլը չի հակասելու Միացյալ Նահանգների ազգային շահերին։
Երկարատև բանավեճերից ու քննարկումներից հետո այս տարվա ապրիլին Միացյալ Նահանգները վերջապես որոշեց Թուրքիայի ռազմաօդային ուժերի կազմում ընդգրկված ութ տասնյակ F-16 մակնիշի կործանիչների արդիականացման համար անհրաժեշտ պահեստամասեր ու տեխնոլոգիաներ վաճառել Անկարային։