Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի հաղորդմամբ, ռուսական ուժերին հաջողվել է առաջ գնալ Ավդեևկայի ուղղությամբ։ Տեղից լրատվամիջոցները հաղորդում են, որ ռուսական ուժերը վերջին օրերին ոչ միայն ակտիվ գրոհներ են իրականացնում ճակատի տարբեր ուղղություններով, այլև կրկին սկսել են ամենօրյա ռեժիմով ռմբակոծել ուկրաինական քաղաքները և քաղաքացիական ենթակառուցվածքները:
Խերսոնում անցած օրը երկու մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել, շրջանը մեկ օրում 117 անգամ ռուսական հրթիռակոծման տակ է հայտնվել:
Որ ճակատում բարդ իրավիճակ է, հայտարարում են նաև Կիևի դաշնակիցները, զգուշացնելով՝ վիճակը կարող է վատթարանալ, եթե Արևմուտքի օգնությունն ուշանա։ Այդ մասին երեկ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Յենս Ստոլտենբերգը փաստել է՝ դաշինքը չի կարողացել Կիևին մատակարարել պահանջված չափով զինամթերք։
«Մենք պետք է պատրաստ լինենք վատ նորությունների: Հակամարտությունները զարգանում են փուլերով, բայց մենք պետք է աջակցենք Ուկրաինային թե՛ վատ, թե՛ լավ ժամանակներում», - նշել է Ստոլտենբերգը:
Ուկրաինային ռազմական օգնության հաստատումը ձգձգվում է թե՛ Վաշինգտոնում, թե՛ ԵՄ երկրներում
Ուկրաինայի համար կենսական նշանակություն ունեցող ռազմական օգնության հաստատումը, սակայն, ձգձգվում է թե՛ Վաշինգտոնում, թե՛ Եվրամիության երկրներում: Այսօր Բայդենի վարչակազմը Կոնգրեսին հրատապ նախազգուշացում է ուղարկել, նշելով, որ մինչև տարեվերջ Ուկրաինային զենք և օգնություն ուղարկելու ֆինանսավորումը կվերջանա։ Կառավարման և բյուջեի գրասենյակի տնօրեն Շալանդա Յանգը զգուշացրել է՝ «Ուկրաինան ծնկի կգա» մարտի դաշտում, եթե օրենսդիրները չհաստատեն հաջորդ տարվա բյուջեն, որով նախագահը մոտ 61,4 միլիարդ դոլարի օգնություն էր խնդրել Ուկրաինայի համար:
«Սա հաջորդ տարվա խնդիր չէ։ Դեմոկրատական Ուկրաինային օգնելը ռուսական ագրեսիայի դեմ պայքարում անհրաժեշտ է հենց հիմա։ Ժամանակն է, որ Կոնգրեսը գործի», - ասել է Յանգը։
Օգնության հաստատումը ձգձգվում է նաև ԵՄ երկրներում․ Բուլղարիայի նախագահն այսօր վետո է դրել Ուկրաինային 100 միավոր զրահատեխնիկա տրամադրելու որոշման վրա, որը մինչ այդ հաստատվել էր երկրի խորհրդարանում։ Ռումեն Ռադևը պնդել է, թե այդ զինտեխնիկան կարող է պետք գալ Բուլղարիային, օրինակ, սահմանների պաշտպանության կամ՝ բնական աղետների դեմ պայքարում։ Հունգարիան, իր հերթին, սպառնում է արգելափակել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հերթական փաթեթը, Բուդապեշտը պնդում է, թե դրանք ավելի մեծ վնաս են հասցնում եվրոպական երկրներին, քան՝ Ռուսաստանին։
Ներքաղաքական խնդիրներ
Արտաքին մարտահրավերներից բացի Ուկրաինայի նախագահը ստիպված է այժմ նաև ներքաղաքական խնդիրներ հաղթահարել։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն երեկ շվեյցարական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում համաձայնել է Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հետ, ով ավելի վաղ պնդել էր, թե ռազմաճակատում «փակուղային» իրավիճակ է ստեղծվել։ Կլիչկոն նաև պնդել է, թե Ուկրաինայի նախագահի վարկանիշն անկում է ապրում նրա գործած սխալների պատճառով:
«Մարդիկ տեսնում են, թե ով է արդյունավետ, ով՝ ոչ։ Իսկ սպասելիքները շատ են եղել ու կան։ Զելենսկին վճարում է թույլ տված սխալների համար», - ասել է Կիևի քաղաքապետը:
Նա նշել է, որ ուկրաինացիները սկսել են զարմանալ, թե ինչո՞ւ իրենց երկիրն ավելի լավ պատրաստված չէ հակամարտությանը, ինչո՞ւ էր Զելենսկին մինչև վերջին պահը հերքում ռազմական գործողությունների հնարավոր մեկնարկը և ինչպե՞ս ռուսներն այդքան արագ հասան Կիև. - «Իհարկե, մենք կարող ենք էյֆորիայի մեջ ստել մեր ժողովրդին և մեր գործընկերներին: Բայց դուք չեք կարող դա անընդհատ անել»:
Միաժամանակ Կլիչկոն նշել է, թե Ուկրաինայի ներկայիս նախագահը կարևոր գործառույթ ունի, այդ պատճառով անհրաժեշտ է նրան աջակցել մինչև ռազմական գործողությունների ավարտը։ Իսկ հակամարտության ավարտից հետո «յուրաքանչյուր քաղաքական գործիչ պատասխան կտա իր սխալների համար», հավելել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տարաձայնություններ Ուկրաինայի քաղաքական ղեկավարության և ԶՈՒ հրամանատարի միջև«Ուկրաինսկա պրավդա»-ն փորձել է պաևզել՝ ի՞նչ խմորումներ են երկրի վերնախավում․ հղում անելով իր աղբյուրներին՝ թերթը գրել է, թե նախագահ Զելենսկին խնդիրներ ունի Գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հետ, և նրան շրջանցելով է շփվում որոշ հրամանատարների հետ, ինչն ազդում է զորքերի արդյունավետության վրա․
Թեև ուկրաինական և արևմտյան աղբյուրները, մի շարք քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ նոյեմբերի սկզբից խոսում են Զեկենսկիի և Զալուժնիի միջև խորացող լարվածության մասին, Ուկրաինայի նախագահը և նրա գրասենյակը հերքում են այդ մասին լուրերը։ Այսօր Զելենսկու խորհրդական Միխայիլ Պոդոլյակը սոցիալական ցանցերում միայն գրել է, թե բանակը փոխում է մարտավարությունը և որոշ տարածքներում անցնում է պաշտպանության՝ անհրաժեշտ սպառազինության պակասի պատճառով։
«Կառավարությունն այժմ կենտրոնացած է սեփական զենքի արտադրությունն ավելացնելու և գործընկերների հետ բանակցություններն արագացնելու վրա», - վստահեցրել է նա։
Ռուսական կողմն, իր հերթին, հաստատել է, որ ևս մեկ գեներալ է կորցրել․ արդեն մոտ երկրորդ տարի շարունակվող պատերազմում Mediazona-ի և BBC-ի ռուսական ծառայության լրագրողների հետաքննության համաձայն՝ սպանվել է 2885 ռուս սպա, որոնցից 335-ը՝ փոխգնդապետ և բարձր կոչումով։