Պատերազմի նոր փուլին ընդառաջ Ուկրաինան պաշտպանական գծեր կկառուցի Ավդիևկայի, Մարիինսկի, Կուպյանսկ-Լիմանսկի ուղղություններում, ինչպես նաև Ռուսաստանին և Բելառուսին սահմանամերձ շրջաններում։
«Պաշտպանական գծերի պատշաճ դասավորությունը պետք է դառնա առաջնահերթ խնդիր առաջնագծում», - նշել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նման պաշտպանական գծեր նախկինում ռուսական ուժերն էին կառուցել, ու ըստ ռազմական փորձագետների՝ նաև դրանք խանգարեցին ուկրաինական բանակի շոշափելի առաջխաղացմանը ամառային հակահարձակման ժամանակ։ Ռուսական կողմը վերջին շրջանում ակտիվ հարձակողական փորձեր է անում, ու դիմակայելու համար Ուկրաինան, ըստ էության, որոշել է հետևել Ռուսաստանի օրինակին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս-ուկրաինական պատերազմը նոր փուլ է մտնում․ ԶելենսկիՌուսական ուժերը ոչ միայն ակտիվ գրոհներ են իրականացնում ճակատում, այլև դարձյալ սկսել են ռմբակոծել ուկրաինական քաղաքները։ Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ գիշերը խոցել են 25 կամիկաձե անօդաչու թռչող սարքերից 18-ը, ինչպես նաև երկու հրթիռներից մեկը։ Թե որտեղ է ընկել չխոցված մյուս հրթիռը, չի հաղորդվում։
Պատերազմի նոր՝ ձմեռային փուլին զուգահեռ, նախագահ Զելենսկու խոսքով, Ուկրաինան ստիպված է պայքարել նաև միջազգային հանրության ուշադրության համար։ Կիևում լավ հասկանում են, որ Իսրայելի ու ահաբեկչական «Համաս»-ի հակամարտության պատճառով աշխարհը սկսել է քիչ խոսել Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի մասին:
«Մենք չպետք է թույլ տանք, որ մարդիկ մոռանան մեր պատերազմի մասին։ Պատերազմն այստեղ լայնածավալ է, բարդ, մեծ, գլոբալ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ պատերազմն է սա: Մենք հասկանում ենք, թե ինչ մարտահրավերներ կարող են լինել, եթե մեր դաշնակիցների ուշադրության կիզակետը ցրվի: Մենք պայքարում ենք ամեն մի փոքր ուշադրության համար», - նշել է Ուկրաինայի նախագահը:
Արդեն գրեթե երկու տարի շարունակվող ռուսական լայնածավալ ագրեսիային դիմակայելու համար Ուկրաինային ոչ միայն նոր արևմտյան սպառազինություն է անհրաժեշտ, այլև նոր զինվորներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին այցելել է առաջնագիծՀունիսից Զելենսկու սեղանին դրված է ուկրաինացիների մոբիլիզացիայի նոր ծրագիրը, սակայն, «Բլումբերգ»-ի փոխանցմամբ, նախագահը չի ենթարկվում այն հնարավորինս շուտ ստորագրելու զինվորականների ճնշմանը։ Գերագույն ռադայի հաստատած այս պլանը նախատեսում է իջեցնել բանակ զորակոչվող պահեստազորայինների տարիքային շեմը՝ 27-ից դարձնելով 25 տարեկան։ Այսպես հնարավոր կլինի հավաքագրել մոտ 140 հազար լրացուցիչ պահեստազորայինների։
Զելենսկին, գրում է «Բլումբերգ»-ը, հասկանում է, որ Ուկրաինայի ժողովուրդը հոգնել է պատերազմից, սակայն չի ուզում կանգ առնել և բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։
Միևնույն ժամանակ Ուկրաինայում հրաժարվում են նախագահական ընտրություններ անցկացնել, քանի դեռ երկրում ռազմական դրություն է։ Հերթական ընտրությունների ժամկետը 2024 թվականի մարտն է։
«Այսօր մեր պարտքն է ծառայել Ուկրաինային այս դժվարին իրավիճակում: Հետևաբար, ես նախագահ կլինեմ այնքան, որքան դա պետք է․ մինչև պատերազմի ավարտը», - ասել է Զելենսկին։
Գերագույն Ռադայի բոլոր խմբակցությունները փաստաթուղթ են ստորագրել, որի համաձայն՝ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվի։ Ընտրությունների անցկացումը հնարավոր կլինի ռազմական դրության ավարտից կես տարի անց։