Կիևի մարզի Բրովարի քաղաքում հունվարի 18-ին տեղի ունեցած ուղղաթիռի վթարի գործով մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հինգ պաշտոնյաների՝ ավիացիոն անվտանգության կանոնները խախտելու համար։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուղղաթիռը, որում եղել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա առաջին տեղակալ Եվգենի Ենինը, Ներքին գործերի նախարարության պետքարտուղար Յուրի Լուբկովիչը, մեկնում էր արևելյան Խարկովի և Դնեպրոպետրովսկի շրջաններ, սակայն մառախուղի պայմաններում ընկել է Բրովարի քաղաքի մանկապարտեզի տարածքում։
Վթարի հետևանքով զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ մանկապարտեզում գտնվող չորս կին և մեկ երեխա: Եվս 31 մարդ, այդ թվում՝ 13 երեխա, վիրավորվել է։
Ըստ քննիչների՝ ուղղաթիռը չուներ արտակարգ իրավիճակների հետ կապ չունեցող թռիչքներ իրականացնելու թույլտվություն։
«Անձնակազմի հրամանատարը թռիչքը սկսել է՝ առանց թռիչքի ողջ երթուղու եղանակային պայմանների մասին լիարժեք տեղեկատվություն ունենալու, իսկ անձնակազմը չուներ բարդ եղանակային պայմաններում թռիչքներ իրականացնելու անհրաժեշտ թույլտվություն, ինչպես նաև անհրաժեշտ վկայականներ»,- ասվում է DBR-ի հաղորդագրությունում։