Ծեծկռուտքի պատճառով ընդհատված Երևանի ավագանու նիստն այսօր շարունակվեց փոխադարձ մեղադրանքներով։ Միջադեպի մասնակիցները՝ իշխանական «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն ու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը ներողություն չխնդրեցին:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը երեկ ամբիոնից դիմելով ընդդիմադիր «Մայր Հայաստան»-ին՝ հիշեցրել էր, որ ընտրություններում այդ ուժն առաջնորդող Անդրանիկ Թևանյանը մասնակցել է ռուսական Առաջին ալիքի այն հաղորդմանը, որտեղ փաստերի խեղաթյուրմամբ վիրավորել էին Հայաստանի վարչապետին: Աղեկյանն էլ արձագանքել էր՝ ձեր տերերն էլ թույլ են տվել, որ ադրբեջանցիները անարգեն Վազգեն Սարգսյանի հուշարձանը: Անի Խաչատրյանը հանգուցյալ վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի կուսակցության անդամ է:
Այսօր Խաչատրյանը կրկնեց՝ «ես ամբիոնից իջնում էի, Աղեկյանը ջուր շփեց իմ վրա», Աղեկյանն էլ շարունակեց՝ «նա քաշեց իմ մազերը»:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը զգուշացումներ տվեց նրանց ու նաև իրենց թիմակից թաղապետերին, որոնք միացել էին վիճաբանությանը։
«Տիկին Սոնա Աղեկյանին, Տիկին Հայրապետյանին և տիկին Անի Խաչատրյանին և ուզում եմ հատուկ նաև նախազգուշացնել վարչական շրջանների ղեկավարներին, ովքեր մասնակցել են երեկվա այդ հրմշտոցներին, հետագայում որևէ նմանատիպ քայլ չի ներվելու», - հայտարարեց քաղաքապետը:
Զգուցաշում ստացած Նարինե Հայրապետյանն ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ է: Լրագրողները հարցրին՝ ինչո՞ւ էր երեկ հայհոյում։
«Եթե պետք է իրենց մակարդակին մի անգամ հավասարվել, որ իրենք հասկանան, որ իրենց հետ կարամ իրենց լեզվով խոսեմ, ես դա կարամ անեմ, բայց դա չի շարունակվելու, ես խոստանում եմ: Ես սեռական բնույթի հայհոյանք հնչեցրել եմ, երբ ինձ սեռական բնույթի հայհոյանք են հնչեցրել», - պատասխանեց Հայրապետյանը:
Ի պատասխան Նարինե Հայրապետյանի՝ Անի Խաչատրյանը հերքեց, թե ինքը հայհոյել է։ Իսկ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները պնդեցին՝ ՔՊ-ական թաղապետերը պետք է ոչ թե զգուշացում ստանան, այլ աշխատանքից ազատվեն, ընդգծելով՝ միջանցքում նրանք բռունցքներ են գործի դրել: Իսկ Մեսրոպ Մանուկյանը, որ հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի նախկին օգնականն էր ու տարիներ առաջ ընտրատեղամասում հարվածել էր «Ազատության» տեսախցիկին, այսօր պնդեց՝ ՔՊ-ական երկու թաղապետերը՝ «խուժան վարք են դրսևորել»:
«Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ Մանուկյան Մեսրոպը կարա լռի, ուրեմն սխալվել է ինքը, էս անգամ պահանջում եմ, որ ստեղծվի էթիկայի հանձնաժողով: Էն ավագանու անդամը, որն իրեն հարիր չի պահում, իրավունք չունի այս դահլիճում գտնվելու՝ անկախ նրանից իշխանություն է, թե ընդդիմություն է», - ասաց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծեծկռտուք՝ Երևանի ավագանու իշխանական և ընդդիմադիր երկու անդամների միջև«Եթե թաղապետերն աշխատանքից չհեռացվեն, կքննարկենք մեր հետագա անելիքները»,- հայտարարեց «Մայր Հայաստանի» ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
Քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն էլ ասաց՝ սադրանքի տրվելու համար նրանց զգուշացում է տրվել:
«Աշխատանքից կազատվե՞ն»՝ հարցրինք փոխքաղաքապետին: «Ներկա պահին չկա նման քննարկում», - պատասխանեց Փամբուխչյանը:
Պարզվեց՝ երեկ տեղի ունեցածն անակնկալ էր «Հանրային» ձայնի համար, որի փաստացի ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտնի է թունդ հայհոյախոսությամբ. - «Անգամ Վարդան Ղուկասյանը նման հայհոյանքներ չի օգտագործում, ինչպե՞ս կարող է կինն իրեն թույլ տալ ավագանու նիստերի ընթացքում նման հայհոյանք կիրառել, Վարդան Ղուկասյանը շոկի մեջ է»:
Տիգրան Ավինյանը հորդորեց ընդդիմությանը իշխանության հետ հաթաթաներով չխոսել. - «Եթե մենք բոլորով այստեղ խնդիրներ չենք կարողանալու լուծել, վստահաբար այս ավագանու ինստիտուտը, այո, միգուցե կարելի է ցրել ու գնալ նոր ընտրությունների: Մենք նոր ընտրություններից չենք վախենում: Խնդրում եմ՝ էդ հաթաթաների լեզվով մեզ հետ չխոսել: Մենք ձեզ հետ էս լեզվով չենք խոսում»:
Ընդդիմությունից պնդեցին՝ կրքերը կարող են թեժանալ, բայց իշխանությունը պետք է ապահովի նիստի խաղաղ ընթացքը:
Վիճաբանող կողմերը ոստիկանություն չեն դիմել, բայց առանց դրա էլ ոստիկանությունն երեկ փաստաթղթեր է կազմել և ուղարկել Քննչական կոմիտե, որտեղ էլ ուսումնասիրում են այդ նյութերը:
Your browser doesn’t support HTML5