Հիմնականում խաղաղ մթնոլորտում ընթացող Երևանի ավագանու նիստն օրվա երկրորդ կեսին ընդհատվեց ավագանու իշխանական և ընդդիմադիր երկու անդամների ծեծկռտուքի պատճառով։
Իշխանական ՔՊ-ի հետ կոալիցիա ստորագրած «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն ամբիոնից դիմելով «Մայր Հայաստան» դաշինքին, հիշեցրեց, որ այդ ուժն առաջնորդած Անդրանիկ Թևանյանը մասնակցել է ռուսական քարոզչամեքենայի առաջատար առաջին ալիքի այն հաղորդմանը, որտեղ փաստերի խեղաթյուրմամբ քննադատել ու վիրավորել էին Հայաստանի վարչապետին։ «Մայր Հայաստան»-ից Սոնա Աղեկյանը տեղից հակադարձեց՝ «որովհետև ձեր տերերը թույլ են տվել, որ ադրբեջանցիներն անարգեն նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի արձանը»։ Անի Խաչատրյանը Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի կուսակցության անդամ է։
Նիստը վարող քաղաքապետ Տիգրան Ավինյանը մի քանի անգամ սթափության կոչ արեց վիճաբանող կողմերին, բայց ապարդյուն: Երբ Անի Խաչատրյանը հեռանում էր ամբիոնից, Սոնա Աղեկյանը բաժակով ջուր շփեց նրա վրա, վերջինս էլ քաշեց Աղեկյանի մազերն ու վեճն ավելի թեժացավ, նիստի ուղիղ հեռարձակումն Ավինյանի հորդորով ընդհատվեց։
Քաղաքապետը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, որ դահլիճից հեռանցեն Անի Խաչատրյանին, Սոնա Աղեկյանին, հետո նաև «Մայր Հայաստան» խմբակցության անդամներից Նարինե Հայրապետյանին: Վեճից հետո Անի Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում պնդել է, թե ինքը ոչ մեկին չի ծեծել, ուղղակի Աղեկյանի մազերից է բռնել, որ ջրի բաժակը նրա ձեռքից վերցնի։
«Ես ընդամենը ելույթ էի ունենում, դահլիճից սկսեցին մեկնաբանություններ՝ ընդհուպ մինչև Վազգեն Սարգսյան ու ավելորդ բառեր, զգացի, որ ելույթս չի ստացվում, իջա, որ գամ վերջ, այդ պահին կոյուղաջրերի թագուհին որոշեց, որ պետք է իմ վրա ջուր ցփնի: Ես ոչ մեկի չեմ խփել, էն պահին երբ ջուր եկավ, մազերից քաշեցի, որ էդ բաժակը ձեռքից վերցնեմ, էդքանն է եղել, հետո արդեն իրարանցում էր, ով, ինչ, չեմ կարող ասել», - նշել է Խաչատրյանը:
Ընդդիմադիր Սոնա Աղեկյանը հրաժարվեց հարցազրույցից, ասաց՝ հայտարարություն կտարածեն: Բողոքեց՝ Խաչատրյանն իր մազերն այնպես է քաշել, որ ցավից չի կարող խոսել։ Կողմերից ոչ ոք չպարզաբանեց՝ դիմե՞լ են ոստիկանություն, իրավական ընթացք տալու են այս միջադեպին, թե՝ ոչ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ նիստը կշարունակվի վաղը, ներողություն խնդրելով բոլորից, ընդգծեց՝ ինքը չկարողացավ կանխել տեղի ունեցածը։
«Իրապես շատ ցավում եմ, որ մենք նման միջադեպեր ունեցանք և ինձ մեղավոր եմ համարում դրանում, որովհետև չեմ կարողացել դա կանխել որպես նիստը վարող: Ես ներողություն եմ խնդրում ձեզանից», - նշեց Ավինյանը:
Քաղաքապետարանը ոստիկանության լրացուցիչ ուժեր էր հրավիրել։ Ոստիկանությունից փոխանցեցին՝ համապատասխան փաստաթղթեր են կազմվում նախաքննական մարմին փոխանցելու համար: Սա ավագանու երկրորդ նիստն էր, «Մայր Հայաստան» խմբակցությունը ընտրություններից հետո առաջին անգամ էր ներկայացել նիստին։