Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր զգուշացում տվեց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանին, «Մայր Հայաստան»-ի ավագանու անդամներ Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին երեկ ավագանու նիստիում տեղի ուենցած միջադեպի համար։
«Խնդրում եմ ձեզ գնահատել այն հետևանքները, որ խոսքը կարող է ունենալ, որովհետև խոսքը, եթե պարունակում է բռնություն, ինչ-որ մի փուլում վերածվում է ֆիզիկական բռնության», - ասաց Ավինյանը՝ նախազգուշացնելով նաև վարչական շրջանների ղեկավարներին։
«Բոլոր ղեկավարներին և հատկապես նրանց, որոնք մասնակցել են երեկ տեղի ունեցած հրմշտոցին, իրենց նույնպես հետագա որևէ նմանատիպ արարք չի ներվելու»,- զգուշացրեց քաղաքապետը՝ շեշտելով բռնությունն այս դահլիճում անընդունելի է և տեղ չունի։
Երևանի ավագանու երկրորդ նիստը երեկ օրվա երկրորդ կեսին ընդհատվեց՝ ավագանու իշխանական և ընդդիմադիր երկու անդամների ծեծկռտուքի պատճառով։
Իշխանական ՔՊ-ի հետ կոալիցիա ստորագրած «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն ամբիոնից դիմելով «Մայր Հայաստան» դաշինքին, հիշեցրեց, որ այդ ուժն առաջնորդած Անդրանիկ Թևանյանը մասնակցել է ռուսական քարոզչամեքենայի առաջատար առաջին ալիքի այն հաղորդմանը, որտեղ փաստերի խեղաթյուրմամբ քննադատել ու վիրավորել էին Հայաստանի վարչապետին։ «Մայր Հայաստան»-ից Սոնա Աղեկյանը տեղից հակադարձեց՝ «որովհետև ձեր տերերը թույլ են տվել, որ ադրբեջանցիներն անարգեն նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի արձանը»։ Անի Խաչատրյանը Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի կուսակցության անդամ է։
Նիստը վարող քաղաքապետ Տիգրան Ավինյանը մի քանի անգամ սթափության կոչ արեց վիճաբանող կողմերին, բայց ապարդյուն: Երբ Անի Խաչատրյանը հեռանում էր ամբիոնից, Սոնա Աղեկյանը բաժակով ջուր շփեց նրա վրա, վերջինս էլ քաշեց Աղեկյանի մազերն ու վեճն ավելի թեժացավ, նիստի ուղիղ հեռարձակումն Ավինյանի հորդորով ընդհատվեց։ Անվտանգության աշխատակիցները դահլիճից հեռացրեցին Անի Խաչատրյանին, Սոնա Աղեկյանին, հետո նաև «Մայր Հայաստան» խմբակցության անդամներից Նարինե Հայրապետյանին:
Հայրապետյանն այսօր ասաց՝ սեռական հայոհյանք հնչեցրել է, երբ իր հասցեին դա հնչեցրել են։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր անընդունելի համարեց միջադեպը՝ շեշտելով՝ «փոխադարձ վիրավորանքներն, անհանդուրժողականությունը պատիվ չեն բերում ավագանու անդամի կարգավիճակին»։
Ներողություն խնդրելով Երևանի քաղաքացիներից՝ Փամբուխչյանը միևնույն ժամանակ հայտարարեց՝ «պատրաստակամ են համերաշխ գործընկերային աշխատանքի»։