ՄԻԱՎ-ով ապրող քաղաքացին ահազանգում է՝ իրավապահներն իրեն հոգեբանական ճնշումների են ենթարկել

Լուսանկարը՝ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից

ՄԻԱՎ-ով ապրող քաղաքացին ահազանգում է՝ Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում իրավապահներն իրեն հոգեբանական ճնշումների են ենթարկել, ոստիկանները ողջ բաժանմունքում տարածել են, որ ինքը ՄԻԱՎ ունի, հետո էլ առանց իր համաձայնության զանգահարել ու այդ մասին եղբորն են տեղեկացրել:

Ինքնությունը չբացահայտող մեր զրուցակիցն ասում է՝ եղբայրը չգիտեր իր կարգավիճակի մասին. - «Ասում եմ, որ ես վիրահատված եմ, քաղաքում չեմ եղել, դեղերն իմ պայուսակում են, որովհետև ամեն օր ես էդ դեղը խմում եմ ու քանակությամբ մի քանի կոճակ ավելի եմ վերցնում, որովհետև չգիտեմ՝ հնարավոր է հասանելիություն ունենամ էդ օրն իմ դեղերին, թե՝ ոչ: Ասում ա, որ ախպորդ տունն ես եղել, զանգում ենք ախպորդ, ախպորս ասում ա՝ տեղյա՞կ ես, որ քո ախպերը դեղեր ա խմում, ասում ա՝ չէ, տեղյակ չեմ: Ասում ա՝ ինքը ՍՊԻԴ կենտրոնի դեղեր ա ստանում, ես կողքից քննիչն ասում եմ՝ մի խոսա դրա մասին, ինքը արդեն ասում ա դրա մասին»:

Մեր զրուցակիցը ոստիկանությունում է հայտնվել, երբ փողոցում իրեն մոտեցած քաղաքացիական հագուստով ոստիկանները խնդրել են պայուսակը խուզարկել՝ թրմանյութերի տարածման դեմ պայքարի շրջանակներում: Պայուսակում եղած դեղերից մեկն է նրանց կասկածելի թվացել, տարել են ոստիկանություն, թեև երիտասարդն ասել է, որ դա իմունային անբավարարության դեղ է:

«ՄԻԱՎ-ն ու ՁԻԱՀ-ը, այդպես էլ չտարբերեցին ու սկսեցին այլ հարցեր տալ», - ասում է «Ազատության» զրուցակիցն ու պնդում՝ խտրական վերաբերմունքի է արժանացել հենց ոստիկանների կողմից, որոնք բյուջեից աշխատավարձ են ստանում նաև իր իրավունքները պաշտպանելու համար:

«Խոսակցական տերմինների մեջ իրենք անընդհատ մատնանշում են խոցելի կարգավիճակը, ասում են՝ ՍՊԻ՞Դ ես, ապրեր....», - պատմեց մեր զրուցակիցը:

Երիտասարդը ստիպված է եղել մի քանի պետերի կաբինետներով անցնել։ Խնդրել է, որ դեղերն ուղարկեն փորձաքննության կամ իրենից արյան անալիզ վերցնեն, որ համոզվեն՝ թմրանյութ չի օգտագործում։ Ոստիկանները նաև բուժող բժշկի հետ են խոսել և 8 ժամ անց միայն տղային ազատ արձակել, այդպես էլ չհստակեցնելով՝ նրա դեմ ի վերջո քրեական գործ հարուցվե՞լ է, թե՝ ոչ: Հեռախոսը 10 օր անց են վերադարձրել:

ՄԻԱՎ-ով ապրող տղան հրաժարվում է գրավոր բողոք ներկայացնել իրավապահների դեմ, մտավախություն ունի, որ իրեն կհետապնդեն:

ՄԻԱՎ-ով ու ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ի ղեկավար Ժենյա Մայիլյանն ասում է՝ հասկանում է նրան. - «Այս տեսանկյունից ես հասկանում եմ շահառուին և որևէ հարց էլ չունեմ՝ ինչի՞ չես գնում: Մի երկու օր առաջ իրեն էդ նույն համակարգում վատ են վերաբերվել, ծաղրել են, խտրականացրել են»:

Դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն, որի նախագահն ասում է՝ սա առաջին դեպքը չէ, երբ ՄԻԱՎ-ով ու ՁԻԱՀ-ով ապրող մարդիկ խտրական վերաբերմունքի են արժանանում պետական կառույցներում՝ անգամ հիվանդանոցում ու իրավապահ կառույցներում: Քչերն են հետո դիմում դատարան, որովհետև այդ ընթացքում նրանց կարգավիճակի վերաբերյալ տեղեկությունը շղթայաբար տարածվում է:

«Սա առաջինն անպատժելիության խնդիր է, եթե ոստիկանը կամ պետական համակարգում աշախտող ցանկացած մարդ իմանա, որ իր ոչ իրավաչափ վերաբերմունքի համար նա ենթարկվելու է պատասխանատվության, միգուցե այդպիսի վարքագիծ չդրսևորի: Սա, իհարկե, շատ մեծ կապ ունի նաև կրթության հետ, տեղեկացվածության հետ ու խտրականություն բոլորի ու ամեն ինչի նկատմամբ ամեն հիմքով», - ասաց Ժենայ Մայիլյանը:

Ներքին գործերի նախարարությունը դեռ ուսումնասիրում է այս դեպքը, լրացուցիչ տեղեկություն ասացին՝ հետո կտրամադրեն: Մինչև այդ, մեր անանուն զրուցակիցը հիշեցնում է՝ ՄԻԱՎ և ՁԻԱՀ-ով ապրող մարդը վտանգավոր չէ հասարակության համար, դա օդակաթիլային վարակ չէ: Վիճակագրական տվյալներով՝ աշխարհում 38 մլն մարդ է ապրում ՄԻԱՎ-ով: Հայաստանում 88 թվականից մինչև այսօր ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվն անցնում է 5 հազար 500-ը. սրանք բացահայտված դեպքերն են: